Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններ ստացան ֆրանսերեն գրքեր
Ազատության հրապարակում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի ուսումնական և մշակութային տասնութ հաստատություններին հանձնվեցին ֆրանսերեն լեզվով գրքեր և էլեկտրոնային ընթերցիչներ:
Նվիրատվության արարողությունը կազմակերպել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանկոֆոն գրքերի, ստեղծագործությունների և հանդեսների միջազգային տարածման ասոցիացիան (ADIFLOR) ու Բարեկամության և կապի ֆրանկոֆոն ասոցիացիան (AFAL):
«Մեր ասոցիացիան միավորում է 120 այլ տարբեր ասոցիացիաներ: Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ունենք հարյուրավոր գրքեր հանձնել Հայաստանի 18 դպրոցի և գրադարանների: Սա չափազանց կարևոր ծրագիր է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիային, Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի խորհրդարանական գլխավոր քարտուղար՝ Ժակ Կրաբալին»,- ասաց Բարեկամության և կապի ֆրանկոֆոն ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Պեժոն:
Ժակ Կրաբալն էլ իր հերթին նշեց, որ ողջունում է հայերի լավ վերաբերմունքը ներկայացված պատվիրակությունների հանդեպ և հավելեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ Ֆրանկոֆոնիան լավ ազդեցություն ունի:
«Սա Ֆրանկոֆոնիան զարգացնելու բացահայտ կամք է, և ես ցանկանում եմ, որպեսզի այդ կամքն ավելի կենտրոնացվի: Մենք դա պետք է անենք սովորեցնելու և, հատկապես, ընթերցանության միջոցով: Հայաստանի համալսարանները, որտեղ ուսուցանվում է ֆրանսերեն, այս տեսանկյունից շատ լավ են գործում: Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ընդգծեց Կրաբալը:
Անդրադառնալով նվիրատվություններին՝ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի խորհրդարանական գլխավոր քարտուղարն ասաց, որ դրանք թույլ են տալիս ոչ միայն թղթային տարբերակով գիրք կարդալ, այլ նաև էլեկտրոնային: «Ես կարևորում եմ մեր ազատ ապրելու հնարավորությունը, իսկ ազատ մենք ապրում ենք այն դեպքում, երբ կարողանում ենք կարդալ»,- նշեց Ժակ Կրաբալը:
Գրքեր ստացան Իջևանի թիվ 1, Հրազդանի թիվ 11, Եղեգնաձորի թիվ 2, Երևանում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական, Բենյամին Ժամկոչյանի անվան դպրոցները, Ազգային, Խնկո Ապոր անվան մանկական, Ավետիք Իսահակյանի անվան, Նոր Նորքի գրադարանները և հայկական Ալիանս ֆրանսեզը:
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Մերի Վարդանյանն ընդգծեց, որ իրենց դպրոցում շատ մեծ հետաքրքրվածություն կա ֆրանսերենի հանդեպ:
«Մեր դպրոցում խորացված անցնում են և ռուսերեն և ֆրանսերեն: Ռուսաց լեզու առարկան սկսում են անցնել 2-րդ դասարանից, իսկ Ֆրասերենը՝ 3-րդ կամ 5-րդ դասարաններից: Շատ աշակերտներ ունենք, ովքեր սովորում են ֆրանսերեն»,- ասաց Մերի Վարդանյանը
Նախաձեռնության գործընկերներն են՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան, Իլ-դը Ֆրանսի շրջանը, Կալմարի քաղաքապետարանը և AGS տրանսպորտային ընկերությունը: Այս կազմակերպություններն ու հաստատություններն իրենց մասնակցությունն ունեն գրքերի և էլեկտրոնային ընթերցիչների ձեռքբերման գործում: