«Ե՛վ իրանական կողմի, և՛ ԵՄ-ի, և՛ Հայաստանի շահերն այս պահին համընկնում են». Արմեն Իսրայելյան
«Ե՛վ իրանական կողմի, և՛ ԵՄ-ի, և՛ Հայաստանի շահերն այս պահին համընկնում են։ Պետք է եռակողմ ձևաչափով հանդիպումներ կազմակերպենք․ դա կլինի պատգամավորների մակարդակով, գործարար համաժողովների անցկացման ձևաչափով։ Այսինքն՝ պետք է ստեղծենք այդ հարթակները, որպեսզի նախ՝ քննարկենք, թե որ ոլորտներում կարող ենք համագործակցել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Ազատ տնտեսական գոտու հիմնումը, ըստ նրա՝ կաշխուժացնի հարավային շրջանը, և եթե Իրանի շուրջ անվտանգության միջավայրը կառավարելի լինի Իրանի իշխանությունների կողմից, ապա, իրանագետի խոսքով՝ Հայաստանը շատ լավ պայմաններ ունի՝ ակտիվացնելու իր տնտեսական կապերը, ի կատար ածելու առկա տնտեսական ծրագրերը։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեղրի և Ագարակ քաղաքների գազամատակարարման ամբողջ ցանցն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվելու է «Գազպրոմ Արմենիային»: Ցանցի կառուցման գումարը հատկացրել էր Իրանը, և ստացվում է, որ Հայաստանն Իրանի փողով ցանց է կառուցում և անհատույց հանձնում «Գազպրոմին»։ Իրանագետից հետաքրքրվեցինք, թե սա ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա։
«Իրավական ձևակերպումներին չեմ տիրապետում, և կարևոր է իմանալ, թե այդ անհատույց կոչվածն ինչ պայմաններով է։ Ինչ վերաբերում է իրանական կողմի արձագանքին, ես անհանգստություն կամ մտահոգություն չեմ տեսել ինչպես՝ այս խնդրի, այնպես էլ՝ գազամուղի շահագործման հետ կապված։ Որովհետև, երբ քննարկում ենք Հայաստանի տարածքով իրանական գազն արտահանելու հարցը, թեկուզ այն ժամանակ, երբ Վրաստանն էր ակտիվ բանակցում Իրանի հետ՝ Հայաստանի տարածքով գազ արտահանելու համար, նման խնդիր իրանական կողմը չէր դրել, թե ինչպես է դա իրականացվելու, այսինքն՝ այդ «Գազպրոմի» գործոնը մտահոգություն չէր առաջացրել, չէր քննարկվում այն հարցը, թե այս գազամուղը շահագործում է «Գազպրոմը», հավանաբար, խնդիրներ կառաջանան։ Դրանից եզրակացնելով՝ կարելի է ասել, որ կամ իրանական կողմին բացատրվել է, կամ գիտի, թե ինչ մեխանիզմներով է այդ արտահանումն իրականացվելու»,- ի պատասխան՝ ասաց Իսրայելյանը։
Ըստ նրա՝ խնդիրն այլ հարթության մեջ է. «Դեռ չի ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ երրորդ կողմն իրական շահագրգռվածություն ունենա։ Երբ դա լինի, և Իրանի հետ գան համաձայնության, և Հայաստանը չկարողանա իրականացնել, այդ դեպքում նոր կարելի է այս հարցը քննարկել։ Չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, թե բոլոր երկրները շահագրգռված են Հայաստանի տարածքով գազ արտահանելով, բայց Հայաստանը հնարավորություն չունի՝ «Գազպրոմի» գործոնով պայմանավորված։ Նորից եմ կրկնում՝ որքան ինձ հաջողվել է ուսումնասիրել, իրավական առումով այս հարցում խնդիր չկա, այլ հարց է, թե ենթադրյալ արտահանումն ինչ չափով տեղի կունենա ու որքանով կհակասի ՌԴ շահերին։
Ռուսաստանն ունի իր շահերը, և, եթե ծավալները մեծ քանակությամբ լինեն, բնականաբար, Ռուսաստանն իր հակազդեցությունը կառաջացնի։ Մենք պետք է ակտիվ բանակցենք՝ Ռուսաստանի հետ խորհրդակցելու ու մեր պահանջները ներկայացնելու համար, որպեսզի բավարարենք և՛ ռուսական, և՛ իրանական կողմին։ Բայց իրանական կողմն էլ գազի այն պաշարները չունի, որ ամբողջությամբ գազ արտահանի»։