Հերբերտ Բաղդասարյան. նրա օբյեկտիվով «Արմենպրես»-ի լուսանկարները հաղթանակներ են բերել Հայաստան

Հերբերտ Բաղդասարյանին բնութագրելու համար բավական է նրան անվանել ժուռնալիստիկայի նվիրյալ։ Այո, նա հենց այդպիսին էր։ Ընդամենը երկու հատիկ բառ և մարդու կերպարը պարզ է։ Հերբերտի պարագայում համարձակորեն կարելի է ասել, որ նա դատապարտված էր ժուռնալիստ դառնալ, ընտրելով ֆոտոժուռնալիստիկայի բնագավառը։

Նրա հայրը՝ Նեմրութ Բաղդասարյանը, խորհրդահայ ֆոտոլրագրության նահապետն էր, ավելին՝ մեզանում այդ ժանրի հիմնադիրներից մեկը։ Ես ստույգ չեմ կարող ասել, բայց, չգիտես ինչու, համոզված եմ, որ փոքրիկ Հերբերտի առաջին խաղալիքը եղել է… լուսանկարչական ապարատը։ Նեմրութը, կարծես, Երևանի խորհրդանիշը լիներ։ Առանց նրան դժվար էր պատկերացնել Երևանը՝ դեռ կավաշեն, ապա տուֆակերտ մեր մայրաքաղաքը։ Նա էր լուսաբանում  մայրաքաղաքում, և ոչ միայն, տեղի ունեցող շատ թե քիչ հիշարժան միջոցառումները։ Պատահական չէր, որ նրա երեք զավակներից երկուսը իրենց կյանքը նվիրել են ֆոտոլրագրությանը, ընդ որում եկել են «Արմենպրես», որտեղ մի քանի տասնամյակ արդեն աշխատում էր նրանց հայրը։

Հերբերտն այն ժամանակվա Հայհեռագործ է եկել 1960 թվականին և այնտեղ մնացել է ավելի քան չորս տասնամյակ։ Այնպես որ նա բավականին մեծ ավանդ ունի Խորհրդային, ապա նաև նորանկախ Հայաստանի լուսանկարչական տարեգրությունը ստեղծելու գործում։ Նա պատմությանը թողել է հայկական արվեստին, գիտությանը, հատկապես սպորտին վերաբերող հարյուրավոր լուսանկարներ, որոնցից շատերը, առանց ավելորդ համեստության, կարելի է համարել ֆոտոլրագրության գլուխգործոցներ։

Կարդացեք նաև

«Արմենպրես»-ի թղթակիցները, չնայած այն հանգամանքին, որ ի պաշտոնե պարտավոր էին լուսաբանելու հանրապետության կյանքի ցանկացած բնագավառ, այնուամենայնիվ ունեին իրենց նախասիրած ոլորտները։ Հերբերտի «թուլությունը» սպորտն էր։ Նա այդ բնագավառի եզակի պրոֆեսիոնալներից էր։ Այսօր մենք Հերբերտ Բաղդասարյանին ենք պարտական այն հիրավի եզակի լուսանկարների համար, որ նա կատարել է 1963 թվականին Մոսկվայում՝ Միխայիլ Բոտվիննիկ -Տիգրան Պետրոսյան մրցամարտի ժամանակ, երբ Տիգրան Պետրոսյանը, հաղթելով աշխարհի թիվ մեկ շախմատիստ, շախմատային լեգենդ Միխայիլ Բոտվիննիկին, հռչակվեց աշխարհի իններորդ  չեմպիոն։ Կամ այսօր ո՞վ կասի, որ «Արարատ-73» -ի կրկնակի հաղթանակի մասին տարեգրությունը ամբողջական կլիներ առանց Հերբերտ Բաղդասարյանի անզուգական լուսանկարների։ Հերբերտը, կարծես, դարձել էր մեր լավագույն ֆուտբոլային ակումբի արտահաստիքային լուսանկարիչը։ Հիշում եմ, թե այն օրերին ինչպիսի ոգևորություն էր ապրում Հերբերտը մեր թիմի հերթական հաղթանակից հետո։ Հասկանալի է, որ այդ խաղերի մասին լուսանկարչական դրվագները նույնպիսի գլուխգործոցներ էին, ինչպես արարատցիների հերթական հաղթանակները, հատկապես Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ։

…1973 թվականի հոկտեմբերի 10. Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ասեղ գցելու տեղ չկա։ Տեղի է ունենում Խորհրդային Միության ֆուտբոլի գավաթի եզրափակիչ հանդիպումը։ Միմյանց դեմ են ելել բազմափորձ և բազում տիտղոսների արժանացած Կիևի «Դինամոն» և Երևանի «Արարատը»։ Հասկանալի է, որ շատերի համար ֆավորիտը դինամոյականներն էին, ինչին համաձայն չէինք մենք՝ հայերս։ Հայ ֆուտբոլիստները երկրորդ անգամ էին դուրս եկել եզրափակիչ, մինչդեռ նրանց մրցակիցները քանիցս եղել են ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Հետաքրքիր է, որ երևանցի ֆուտբոլիստներն առաջին անգամ ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ էին դուրս եկել հեռավոր 1953 թվականին, երբ տակավին հանդես էին գալիս երկրի առաջնության «Բ» խմբում և էլի բախվել էին Կիևի դինամոյականների հետ։

Կասկածից վեր էր, որ հոկտեմբերյան այն հիշարժան օրը Հերբերտ Բաղդասարյանը  «Լուժնիկիում» էր, ուրեմն մենք կունենանք գերազանց լուսանկարներ։ Մինչ «Արարատը» համառ պայքարում հաղթում է կիևցիներին, Երևանում «Արմենպրես»-ի փոխտնօրեն Ռեմ Անանիկյանը և թղթակից Ռոբերտ Մելիքսեթյանը որոշում են «Արարատի» կրկնակի հաղթանակին նվիրել հատուկ բուկլետ։ Դե, «Արմենպրես»-ի խոսքը բավականին արագ գործի է վերածվում։

«Լուժնիկիում» տարած փառահեղ հաղթանակից ընդամենը 26 օր անց տպարան է ուղարկվում Երևանի «Արարատին» նվիրված բուկլետը, որը տպագրվում է 17 հազար օրինակ տպաքանակով և անմիջապես սպառվում։ Հիմա այդ բուկլետը երևի քչերին է հայտնի։ Մեր լրագրողները, օպերատիվ կերպով կապվում են երկրի մի շարք ականավոր ֆուտբոլիստների, մարզիչների և ֆուտբոլային գործիչների հետ, խնդրելով իրենց կարծիքը հայտնել Երևանի «Արարատի» հաղթանակի մասին, շնորհավորել արարատցիներն ու ողջ հայությանը այդ փառահեղ հաղթանակի առթիվ։

Հուրախություն բոլորիս, արմենպրեսականների խնդրանքին անմիջապես արձագանքում են մի քանի հեղինակավոր մարդիկ՝ ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիս Ֆեդոսովը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ Գավրիիլ Կաչալինը, Նիկոլայ Ստարոստինը,  Բորիս Պայճաձեն, Վսեվոլոդ Բոբրովը, Լև Յաշինը, Նիկոլայ Օզերովը,  ԽՍՀՄ սպորտկոմիտեի ֆուտբոլի վարչության պետ Լեոնիդ Զինչենկոն, եզրափակիչ խաղը վարած միջազգային կարգի մրցավար Պավել Կազակովը և իհարկե՝ Նիկիտա Սիմոնյանը։ Ահա այսպիսի օպերատիվ աշխատանք կատարեցին արմենպրեսականները։

Հասկանալի է, որ Հերբերտ Բաղդասարյանը՝ որպես սպորտային մեկնաբան, 1980 թվականի ամռանը Մոսկվայում կայացած ամառային օլիմպիական խաղերը լուսաբանողների մեջ էր։ Ուրեմն, նա նաև այն սակավաթիվ երջանիկ մարզասերներից էր, ով ականատես է եղել լեգենդար հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի ֆենոմենալ ելույթին, երբ նա մեկ մրցության ընթացքում հինգ անգամ գերազանցեց համաշխարհային ռեկորդները, այդ թվում երկամարտի գումարում սահմանեց ֆանտաստիկ ռեկորդ՝ 400 կիլոգրամ։

«Ոչ միայն հացիվ»… Բոլորիս հայտնի է Ղուկասի Ավետարանից վերցրած՝ թևավոր խոսք դարձած այս ասույթը։ Հերբերտի պարագայում այն համարձակորեն կարելի է խմբագրել՝ «Ոչ միայն սպորտիվ»։ Ինչո՞ւ… կասեմ։

Ես վերը նշեցի, որ «Արմենպրես»-ի թղթակիցներն ունեին իրենց նախասիրած ոլորտները։ Բայց հարկ եղած դեպքում նրանք նյութեր էին  գրում նաև այլ բնագավառից։ Բացառություն չէին նաև ֆոտոխրոնիկայի տղաները։ Դա չգրված օրենք էր։ Բերեմ Հերբերտին վերաբերող մի քանի  օրինակ։ Օրերից մի օր ՏԱՍՍ-ը «Արմենպրես»-ից խնդրում է ֆոտոակնարկ պատրաստել «Արթիկ-տուֆ» կոմբինատի քարհատ մեքենայի մեքենավար Արծրուն Հակոբյանի մասին, ով ընտրվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Հերբերտը և նրա գործընկեր Ռուդոլֆ Հակոբյանը մեկնում են Արթիկ, որտեղից բերում են մի հրաշալի ֆոտոակնարկ, որը ՏԱՍՍ-ում ճանաչվում է ամսվա լավագույն նյութերից մեկը։

Անձամբ ոչ միայն տեսել եմ, այլ շատ եմ հավանել այդ ֆոտոակնարկը, հատկապես այն լուսանկարը, որտեղ Արծրուն Հակոբյանը ծովայինի համազգեստով փարվել է մորը։ Մոր աչքերում այնքան տխրություն կար, որ դրա նկատմամբ անտարբեր չմնաց անգամ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Էրիկ Հոնեկերը։ Դա 1975 թվականին էր՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակի նախօրյակին։

Այդ կապակցությամբ Դեմոկրատական Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կազմակերպվում  է «Ինտերպրես-ֆոտո» միջազգային ցուցահանդես։ ՏԱՍՍ-ն, ի թիվս թեմատիկ այլ նյութերի, Բեռլին է ուղարկում նաև Արծրուն Հակոբյանի մասին ակնարկի այն լուսանկարը, որտեղ երիտասարդ հայ բանվորը նավաստու համազգեստով պատկերված էր մոր հետ գրկախառնված։

Ընդունված կարգի համաձայն, օրերից մի օր ցուցահանդես են այցելում Գերմանական Դեմոկրատական Հանրապետության ղեկավարները՝ Էրիկ Հոնեկերի գլխավորությամբ։ Վերջինս բավականին տևական ժամանակ չի կտրվում Հերբերտի և Ռուդիկի աշխատանքից և իր կարծիքն արտահայտում է ցուցահանդեսի՝ իր իսկ սահմանած գլխավոր մրցանակը «Արմենպրես»-ի ֆոտոթղթակիցներին շնորհելու խնդրանքով։ Դեռ Բեռլինում, ապա Մոսկվայում իրար են խառնվում, իսկ դափնեկիրները բանից անտեղյակ, Երևանում զբաղված են իրենց գործերով։ ՏԱՍՍ-ը, առանց որևէ բացատրության, տղաներին շտապ Մոսկվա է կանչում, շեշտելով, որ նրանք մյուս օրը պետք է լինեն Բեռլինում։ Ես այստեղ չեմ պատմի, թե ինչպես Հերբերտին և Ռուդիկին ճանապարհեցինք Բեռլին։ Կարևորն այն էր, որ հայ ֆոտոլրագրողների աշխատանքը լավագույնն էր ճանաչվել միջազգային ցուցահանդեսում։ Այդ մասին մենք իմացանք Բեռլինում ՏԱՍՍ-ի սեփական թղթակցի ուղարկած ինֆորմացիայից, այսինքն՝ հայաստանցի ընթերցողից մի քանի ժամ առաջ։

Եվս մեկ օրինակ Հերբերտի ոչ սպորտային նյութի մասին։ Այն տարիներին Խորհրդային Միությունում ստեղծվում էին մի շարք խոշոր կառույցներ, որոնք համարվում էին «համաժողովրդական կառույցներ» և, բնական է, գտնվում էին ժուռնալիստների ուշադրության կենտրոնում։ Դրանցից մեկն էլ հայտնի Բայկալ-Ամուրյան մայրուղին էր՝ ԲԱՄ-ը։ Խորհրդային բոլոր հանրապետություններն այդ մայրուղու երկայնքով բնակավայր էին կառուցում։ Հայաստանի պատվիրակները կառուցում էին քաղաքատիպ մի ավան, որին տրվել էր Տայուրա անվանումը։  Բնական է, որ «Արմենպրես»-ը չէր կարող անմասն մնալ Սիբիրում հայ շինարարների հայրենանվեր աշխատանքը լուսաբանելուց։ Ես և  Հերբերտ Բաղդասարյանը եղել ենք ԲԱՄ-ի այն տեղամասում, որտեղ հայ շինարարները կառուցում էին Տայուրա ավանը, և այնտեղից բավականին ծավալուն ռեպորտաժ բերել։ Այնտեղ, համաժողովրդական այդ կառույցում հայկական մի ընտանիք էր կազմվել և նորապսակների առաջնեկը մի չքնաղ աղջնակ էր։ Անունն էլ էր չքնաղ, ավելի ստույգ՝ անսովոր։ ԲԱՄ կառուցողներն իրենց դստեր անունը դրել էին Բամինե։ Բնական է, որ ես և Հերբերտը չէինք կարող այդ փաստը չօգտագործել մեր նյութում։

Վերջերս տողերիս հեղինակը մի հեռուստահաղորդում էր նայում, որի մասնակիցներից մեկի անունը Բամինե էր։ Կարո՞ղ է դա Սիբիրում ծնված այն չքնաղ աղջնակն էր…

Դե,գիտեք, որ Հայաստանն էլ էր կոմունիզմ կառուցելով զբաղված։ Հասկանալի է, որ մենք էլ ունեինք «համաժողովրդական կառույցներ» և դրանցից կարևորագույնը, անկասկած, 48-կիլոմետրանոց Արփա-Սևան թունելն էր, որը ձգվում էր Կեչուտի լեռներից մինչև Սևանա լիճը։ Դրա սկիզբը դրվել էր 1963 թվականի դեկտեմբերի 24-ին։ Շինարարությունն իրականացվում է ապագա թունելի երկու ծայրերից։ Մի խումբ հորատանցողներ ընդերքը փորում էին Կեչուտի լեռներից, իսկ մյուսը՝ Սևանա լճի կողմից։ Ուղիղ յոթ տարի պահանջվեց միմյանց ընդառաջ գնացող հորատանցողներին իրար հանդիպելու համար։ Այո, մի օր Սևանից փորող հորատանցողներն ու Վարդենիսից փորողները հանդիպեցին միմյանց։ Դա տեղի ունեցավ 1970 թվականի դեկտեմբերի 30-ին։ Այդ պատմական իրադարձության ականատեսն էինք «Արմենպրես»-ի թղթակիցներ Լևոն Ազրոյանն ու Հերբերտ Բաղդասարյանը։ Այո, մենք 660 մետր խորության վրա ականատես եղանք, թե ինչպես ճեղքվեց կուրծքը լեռան և փչեց Սևանի կողմից եկող ուժգին քամին։ Հորատանցողները գրկախառնվել էին միմյանց և… լաց էին լինում։ Այո, մեկ տասնյակի չափ ուժեղ տղամարդիկ հեկեկում էին։ Դա տեսնել էր պետք…Մենք ոչ միայն տեսանք, այլև Հերբերտը այդ պահը ֆիքսեց իր ապարատով։ Դրանով, իհարկե, թունելի շինարարությունը չավարտվեց։ Հիմնական աշխատանքներն առջևում էին…

Քանի որ խոսք գնաց Հերբերտի ոչ  սպորտային նյութերի մասին, ապա արժե հիշատակել Երևան-Իրկուտսկ, Երևան-Ստեփանավան, Երևան-Վառնա և մի քանի այլ նոր ավիագծերի բացման մասին նյութերը, որ միասին հեղինակել ենք ես և Հերբերտը։

Ինչպես ցույց տվեց կյանքը, Հերբերտն օժտված էր նաև ղեկավարի շնորհքով։ 1985 թվականին նրան վստահվում է «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոծառայության ղեկավարի պաշտոնը։ Այդ պատասխանատու պաշտոնում ի հայտ եկան նրա կազմակերպչական ունակությունները, մանավանդ 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին։ «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան պարբերաբար լուսանկարներ էր տրամադրում ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի թերթերին, այլև ՏԱՍՍ-ի միջոցով դրանք առաքում էր աշխարհի տարբեր երկրներ։ Դրանցից կուզենայի առանձնացնել «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից  Մխիթար Խաչատրյանի «20-րդ դարի Տիրամայրը» լուսանկարը, որը մի ակնթարթում դարձավ Սպիտակի երկրաշարժի խորհրդանիշը։ Այդ լուսանկարում պատկերված է մի հայ կին՝ երկրաշարժից մազապուրծ իր երեք դուստրերի հետ։ Ես չգիտեմ, թե  արտասահմանյան ո՞ր գործակալությունում այդ հիրավի հուզիչ լուսանկարին տրվեց «20-րդ դարի Տիրամայրը» անվանումը։ Չգիտեմ, թե աշխարհի քանի երկրում տպագրվեց այդ լուսանկարը։ Երևի ավելի հեշտ է ասել, թե քանի երկրում այն չտպագրվեց։ Առանց ավելորդ համեստության կարելի է ասել, որ այն ողբերգական օրերին մեր ֆոտոլրագրողներն առանց հանգստի աշխատում էին և համաշխարհային հանրությանը մատակարարում լուսանկարչական ռեպորտաժներ, որոնցից շատերը հիրավի ֆոտոլրագրության գլուխգործոցներ էին։

«Արմենպրես»-ում Հերբերտ Բաղդասարյանն աշխատեց մինչև 2002 թվականը։ Չնայած Հերբերտ Բաղդասարյանը հեռացավ մի գործակալությունից, որտեղ տասնյակ տարիներ աշխատել էր հայրը՝ Նեմրութ Բաղդասարյանը, որտեղ որպես ֆոտոլրագրող կայացել էր ինքը՝ Հերբերտը, ուր արդեն քանի տարի աշխատում էր նրա կրտսեր եղբայր Մելիքը, ինչպես ժողովուրդն է ասում՝ «տաշած քարը գետնին չի մնում», մանավանդ Հերբերտի տեսակը։ Դրա վառ ապացույցն այն է, որ 2002 թվականին Հերբերտ Բաղդասարյանն իր եղբոր Մելիքի հետ հիմնեց իր ֆոտոգործակալությունը։

Տասը տարի է, ինչ Հերբերտ Բաղդասարյանը մեզ հետ չէ։ Նա ընդամենը մոտ չորս ամիս չապրեց մինչև իր 70-ամյակը։ Նրա գործն այսօր շարունակում է նրա Մելիք եղբայրը, որին արդեն օգնում են վերջինիս որդիները՝ Հայկն ու Վահրամը, ովքեր արդեն ճանաչելի են դարձել հայ ֆոտոլրագրության ասպարեզում։ Ուրեմն, Բաղդասարյանների ֆոտոլրագրողների գերդաստանը կայացել է, Նեմրութ մեծագործի հիմնադրած ընտանեկան ավանդույթները շարունակվում են…

Այսօր, հուլիսի 28-ին, Հերբերտ Բաղդասարյանը կդառնար 80 տարեկան։ Մենք՝ արմենպրեսականներս, հիշում ենք նրան, նրա գործերը: Այո, երիցս ճշմարիտ էր մեծ լոռեցին, երբ ասում էր, թե «գործն է անմահ, որ հիշվում է դարեդար»:

Հերբերտի գործն անմահ է…

Լևոն Ազրոյան

Տեսանյութեր

Լրահոս