Փաշինյանի տվածը միջանցք է. նա անում է այն, ինչի համար արժանանալու է սերունդների անեծքներին. Արթուր Մարտիրոսյան

«Հարց Նիկոլ Փաշինյանին՝ իսկ Ալիևն ԱՄՆ-ում հրաժարվե՞ց «Արևմտյան Ադրբեջան» ասվածից, հրաժարվե՞ց ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուց, հրաժարվե՞ց Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջից։ Ո՛չ իհարկե, չհրաժարվեց, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ում կատարվածը հերթական անգամ Հայաստանի զիջելու մասին է. Սյունիքը Փաշինյանն Ալիևին տալիս է ոչ թե պատերազմով, այլ՝ թղթով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ԱՄՆ-ում Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ՝ 7 կետից բաղկացած հռչակագրի՝ խաղաղություն հաստատելու խոստումներին, նման տեսակետ հայտնեց բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը։

«Ալիևը երկու խնդիր է լուծում. առաջին՝ աջակցել Փաշինյանի պես պարտնյորին 2026 թվականին վերընտրվելու համար, երկրորդ՝ բանակցություններով հնարավորինս շատ բան ստանալ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով՝ տնտեսական առաջընթացի անվան տակ հերթական կեղծ առասպելն են հյուսում հայ ժողովրդի համար. կեղծ, որը գալու է լրացնելու «թալանը հետ բերենք, տանք ժողովրդին» առասպելի շարքը։

«Իրականում, սակայն, այս իշխանությունը թալանը հետ բերեց, բայց բաժանեց իրեն, ոչ թե ժողովրդին,- ասաց Մարտիրոսյանը՝ շարունակելով,- Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Սյունիքի մարզի 42 կիլոմետրով իրականություն են դարձնելու իրենց նպատակը։ Հիմա սպասեք, որ նրանք ամեն 500 մետրի վրա դնեն բիզնես, հետո խոսեն այդ տարածքն ազատ տնտեսական գոտի հռչակելու անհրաժեշտության մասին, ինչի արդյունքում տնտեսապես կշահեն հենց այդ պետությունները, ոչ թե Հայաստանը։ Այն, ինչ ԱՄՆ-ում Փաշինյանը տվել է, դա միջանցք է՝ անխոչընդոտ կապ՝ Ադրբեջանին, հետևապես՝ բառախաղով զբաղվելն անիմաստ է։ Նա առանց ուժի տալիս է Սյունիքը, ի՞նչ պատերազմ։ Նա հիմա անում է այն, ինչի համար արժանանալու է սերունդների անեծքներին»։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Ալիևն ու Էրդողանը Փաշինյանի համար կապահովեն նաև տնտեսական դիվիդենտներ. Հայաստանում շուտով կանեն ներդրումներ՝ իրենց պատմական նպատակին հասնելով ոչ թե սրով, այլ՝ Հայաստանը տնտեսապես կլանելով։

Կարդացեք նաև

«Հենց դրան դեմ չէ ՀՀ այս իշխանությունը. նրանք կսկսեն էլ ավելի լավ ապրել, իսկ այս իշխանությանը դեմ հատվածը կլքի Հայաստանը»,- շեշտեց Արթուր Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս