Բաժիններ՝

Լեռնագնացներին գրավելու համար Նեպալը չեղարկելու է որոշ գագաթներ բարձրանալու վճարները

Նեպալը առաջիկա երկու տարիների ընթացքում կհրաժարվի հյուսիսարևմտյան Հիմալայներում գտնվող շուրջ 100 գագաթների համար լեռնագնացության համար նախատեսված վճարներից՝ այդպիսով փորձելով ավելի շատ լեռնագնացներ գրավել Չինաստանին սահմանակից ավելի քիչ զարգացած տարածաշրջան։ Այս մասին Reuters-ին ասել է Զբոսաշրջության դեպարտամենտի պաշտոնյա Հիմալ Գաուտամը։

Երկիրը լեռնագնացության համար բացել է իր տարածքում գտնվող լեռների 491 գագաթ, սակայն լեռնագնացները մեծամասամբ կենտրոնանում են Նեպալի հյուսիսարևելյան և կենտրոնական մասերում գտնվող մոտ 25 լեռնագագաթ բարձրանալու վրա։ Դրանց շարքում է նաև աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը։

«Գաղափարն այն է, որ խրախուսենք լեռնագնացներին գնալ չուսումնասիրված, բայց գեղատեսիլ վայրեր և լեռնագագաթներ», – ասել է Գաուտամը Reuters-ին՝ անդրադառնալով տարբեր լեռնագագաթների համար բարձրանալու թույլտվության վճարներից հրաժարվելու մասին որոշումը։ Նա ընդգծել է, որ խոսքը մասնավորապես 5870 մետրից մինչև 7132 մետր բարձրություն ունեցող 97 գագաթի մասին է, որոնք գտնվում են ոչ այդքան հայտնի վայրերում՝ Կարնալի և Հեռավոր Արևմտյան նահանգներում։

Գաուտամն ասել է, որ թույլտվության վճարից ազատումը կնպաստի զբոսաշրջության խթանմանը և կբարելավի Նեպալի ամենաքիչ զարգացած շրջանների բնակիչների տնտեսական պայմանները։

Նեպալը սեպտեմբերից բարձրացրել է թույլտվությունների համար գանձվող վճարները՝ փոքր լեռան համար՝ 350 դոլար՝ նախկին 250-ի դիմաց, և 15000 դոլար Էվերեստի գագաթը բարձրանալու համար՝ նախկին 11000 դոլարի դիմաց։

Լեռնագնացությունը Նեպալում զբոսաշրջիկների համար հիմնական գրավչությունն են և եկամտի ու զբաղվածության հիմնական աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս