Փաշինյանը վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները ներկայացրել է Կոբախիձեին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ և ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի համար։

Նիկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները հրապարակային ողջունելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Տեսանյութեր

Լրահոս