Հայաստանի անտեսված ռեցեսիան

2016 թվականին հայրենի կառավարությունը նախատեսում էր 2.2% տնտեսական աճ։ Տարվա կեսից ակնհայտ դարձավ, որ դժվար թե հնարավոր լինի նման աճ ապահովել։ Վերջին ամիսներին արդեն պարզ էր, որ 1% տնտեսական աճն անգամ հերոսություն կլինի։

Հետո տարին ամփոփվեց։ 2017 թվականի հունվարին հայտարարվեց, որ 2016 թվականին տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 0.5%-ով։ Իհարկե, շատ ցածր ցուցանիշ էր, սակայն համակերպվեցինք և անցանք առաջ՝ հույս ունենալով, որ այս տարի նորմալ աճ կունենանք։

Սակայն մի աննշան «մանրուք» կա, որը քչերն են նկատում կամ քչերն են ցանկանում բարձրաձայնել։ Իրականում, տնտեսական աճը 0.5%-ից շատ ավելի ցածր է։ Այդ 0.5%-ը ոչ թե տնտեսական աճն է (ՀՆԱ-ի աճը), այլ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) աճը։ Դրանք, թեպետ, իրարից շատ չեն տարբերվում, սակայն տարբեր ցուցանիշներ են։

ՏԱՑ-ը հրապարակվում է ամսական կտրվածքով, իսկ ՀՆԱ-ի աճը՝ եռամսյակային և մեկ ամիս ուշացումով։ Դրա համար էլ առաջինն իմացանք ՏԱՑ-ի 0.5% աճի մասին։

Սակայն մի քանի օր առաջ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, որի բաժիններից մեկում ներկայացված էին նաև 2016 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշները։

Պարզվում է՝ 2016 թվականին (2015 թվականի համեմատ) Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 0.2%: Այսինքն՝ մենք զրոյականին մոտ աճ ենք ունեցել։ ՀՆԱ-ի ծավալը 2016 թվականին շուկայական գներով կազմել է 5 տրիլիոն 67.9 մլրդ դրամ կամ շուրջ 10.9 մլրդ դոլար։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 693.5 հազար դրամ կամ 3525 դոլար։

ՀՆԱ-ի աճի տեմպին ամենից շատ խանգարել են գյուղատնտեսության և շինարարության ոլորտները։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս երկու ոլորտներից յուրաքանչյուրը 1 տոկոսային կետով նվազեցրել է տնտեսական աճի ցուցանիշը։

Սա դեռ ամենը չէ։

Պատկերն առավել ամբողջական է դառնում, երբ ՀՆԱ-ի աճը դիտարկում ենք՝ ըստ եռամսյակների։ Գծապատկերում ներկայացված է յուրաքանչյուր եռամսյակի կտրվածքով ՀՆԱ-ի իրական աճը (նվազումը)՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։

Ինչպես տեսնում եք, 2016 թվականի 3-րդ եռամսյակն արդեն անկումային էր՝ 2015 թվականի երրորդ եռամսյակի նկատմամբ գրանցվել էր ՀՆԱ-ի 2.6% իրական նվազում։ Դեռ նոյեմբերին կանխատեսել  էինք, որ դատելով ընթացիկ ցուցանիշներից՝ չորրորդ եռամսյակը նույնպես կլինի անկումային։ Ցավոք, մեր կանխատեսումներն արդարացան՝ 2016 թվականի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 1%-ով։

Այսինքն, Հայաստանի տնտեսությունը 2 եռամսյակ անընդմեջ (2016 թվականի 2-րդ և երրորդ եռամսյակներում) անկում է գրանցել։ Տնտեսագետները սա անվանում են ռեցեսիա։ Բառը ծագում է լատիներեն Recessus (նահանջ) բառից և նշանակում է՝ տնտեսական աճի տեմպի չափավոր դանդաղում կամ անկում։ Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, ինչի մասին վկայում են պաշտոնական վիճակագրության տվյալները։

Դա, մեղմ ասած, ամենևին լավ բան չէ։ Սակայն զարմանալիորեն այս մասին գրեթե ոչ ոք չի խոսում։

Մյուս կողմից, եղածը եղած է, ու ռեցեսիան էլ տնտեսական աղետ չէ (դեռ)։ Այժմ ավելի կարևոր է հետևյալ հարցը՝ ե՞րբ դուրս կգանք ռեցեսիոն (կամ անկումային) փուլից։

Որպեսզի հնարավոր լինի խոսել ռեցեսիոն փուլից դուրս գալու մասին, անհրաժեշտ է, որ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվի համախառն ներքին արդյունքի աճ՝ 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ։

Որքանո՞վ է դա իրատեսական։ Մի կողմից, ինչպես արդեն նշել ենք, հունվարյան ցուցանիշները լավատեսական էին՝ տնտեսական ակտիվությունն աճել էր 6.5%-ով։ Սակայն մյուս կողմից, ինչպես տեսնում եք գծապատկերում, 2016-ի առաջին եռամսյակում ունեցել ենք տնտեսական աճի բավականին բարձր տեմպ՝ 4.7%-անոց աճ։ Ու դրա համեմատ աճ ունենալու համար փետրվար և մարտ ամիսներին աճի տեմպը պետք է պահպանվի բարձր մակարդակի վրա։

Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ՝ այս պահին դժվար է ասել։ Եթե չհաջողվի, մենք կմնանք ռեցեսիայի փուլում երրորդ եռամսյակն անընդմեջ, սակայն հետագա եռամսյակներում և հատկապես տարվա վերջում անկումային փուլից դուրս գալը մեծ ջանքեր չի պահանջի՝ հաշվի առնելով 2016-ի երկրորդ կիսամյակի վատ ցուցանիշները։

Հիշեցնենք, որ այս տարվա համար պետական բյուջեով կանխատեսվում է 3.2% տնտեսական աճ։ ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է 2.2%-3.2% աճ, սակայն կառավարությունն ավելի լավատես է և համոզված, որ հայտարարված ներդրումները կյանքի կոչելու արդյունքում տնտեսական աճի ցուցանիշը կարող է գերազանցել 3.2%-ը։

Մարդիկ, իհարկե, հիմնականում թվային տվյալներ կարդալ չեն սիրում, և վերը նշվածը շատերին կարող է ընդհանրապես չհետաքրքրել։ Սակայն իրականում սա շատ ավելի կարևոր ինֆորմացիա է, որովհետև, երբ քաղաքական ուժերը խոստումներ են տալիս՝ մանավանդ տնտեսական քաղաքականության վերաբերյալ, դրանց իրատեսականությունը գնահատելու համար նախ անհրաժեշտ է հստակ գիտակցել՝ ինչ ունենք այս պահին, որոնք են գլխավոր տնտեսական խնդիրները, և աճի ինչ հնարավորություններ կան։

Որքան էլ ոմանց ականջին հաճելի չլինի՝ այս ամենն ամենից լավ գիտակցում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որովհետև լինելով իշխանության ղեկին՝ տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը։

Գիտակցում է, դրա համար էլ մյուս քաղաքական ուժերի համեմատ ավելի լուռ է՝ կոնկրետ թվերից չի խոսում։ Որովհետև այս թվերը ՀՀԿ-ի օգտին չեն. մարդիկ 2012-2017 հնգամյակը փակել են խայտառակ վատ ցուցանիշներով։

Դրա համար էլ ՀՀԿ-ն շեշտը դնում է փոփոխությունների վրա, ներկայանում նոր դեմքով ու թարմությամբ՝ մոռացության մատնելով արդեն իսկ արձանագրված վատ արդյունքը։ Այնպիսի տպավորություն է, որ այս խայտառակ ցուցանիշներն ուրիշ կուսակցության օրոք են արձանագրվել։ Այսինքն, ՀՀԿ-ն ցանկանում է ներշնչել հասարակությանը, որ կուսակցությունն արդեն նախկինը չէ։

Դավադրությունների տեսության է նմանվում, սակայն միգուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված «Ռեինկարնացիա» խմբի ընտրությունը և երգի բովանդակությունը (փոխենք կամ փոխվենք)։ Որովհետև իրականում ՀՀԿ-ն ոչ թե խոստանում է փոխվել, այլ ակնարկում է, որ արդեն փոխվել է կամ «ռեինկարնացվել»։

Իսկ «ռեինկարնացիայի» ենթարկված կուսակցությունից չի կարելի պատասխան պահանջել նախկինի ձախողումների համար։

Ու որքան էլ զարմանալի լինի, ՀՀԿ-ի մոտ դա կարծես հաջողվում է։ Որովհետև հասարակությունն այսօր ոչ թե պետական պարտքի կամ ռեցեսիայի համար պատասխան է պահանջում կառավարող կուսակցությունից, այլ հաճույքով քննարկում «Ռեինկարնացիայի» տեսահոլովակում Լևոն Արոնյանի, Հենրիխ Մխիթարյանի և այլոց մասնակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս