Միշտ միասին, միշտ մենակ

Փետրվարի 27-ին մեր վարչապետը հրապարակեց իր կոչը սփյուռքահայությանը: Ասել, թե դա անսպասելի էր, չի կարելի: ՀՀ համարյա բոլոր վարչապետները նման մի բան արել են: Ընդհանրապես անկախության առաջին օրերից մեր իշխանությունները հարմար առիթը բաց չեն թողնում Սփյուռքի նկատմամբ իրենց «քնքուշ» վերաբերմունքն արտահայտելու համար: Եվ ընդհանրապես Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ լակմուսային թուղթ է՝ պարզելու համար, թե Հայաստանի համար զարգացման ինչ ծրագրեր ու տեսլականներ ունի տվյալ կառավարությունը:

Սփյուռք-Մայր Հայրենիք կապն ինքնին լուրջ վերլուծության թեմա է: 90-ականների սկզբի ռոմանտիկ՝ պատկերացումներն ու երազանքները շատ արագ փշրվեցին իրականության հետ բախվելով: Հայրենիքում քաղաքական ու տնտեսական գործունեություն ծավալելու առաջին երազողները շատ արագ հիասթափվեցին: Մենք՝ նույնպես: Հավանաբար չափազանց անիրատեսական սպասումներ ունեինք իրարից: Ինչ-որ պահից սկսած Սփյուռքը դադարեց որևէ մասնակցություն ունենալ մեր հասարակական-քաղաքական կյանքին: Բայց մենք շարունակում ենք անիրատեսական ծրագրեր «փայփայել»: Վարչապետի կոչը դրա ապացույցն էր:

Բայց մինչ կոչում արծածված խնդիրներին անդրադառնալը կարելի է հիշել, օրինակ, իր վարչապետության շրջանում Արմեն Դարբինյանի արած կոչ-ուղերձները Սփյուռքին: Բոլոր վարչապետներն օրենքի համաձայն` իրենց գործունեության ծրագիրը խորհրդարանին ներկայացնելիս` կարևորում են ներդրումներ ներգրավելու կարևորությունը: Բոլորն էլ ներդրումների ակնկալած ծավալները չստանալու դեպքում փորձում են բաց տեքստով դիմել սփյուռքահայ գործարարներին: Դիմում ու կոչ են անում՝ բիզնես հիմնել հայրենիքում: Արմեն Դարբինյանը, օրինակ, ասում էր, որ Հայաստանում 300 հազար դոլարը գերազանցող ներդրման պարագային ինքն է լինելու տվյալ ներդրողի երաշխավորը: Բայց Սփյուռքը վաղուց էր «հոգնել» նման խոստումներից: Պատկերավոր ասած, Սփյուռքը վաղուց արդեն համաձայն չէր Հայրենիքում «կթու կովի» կարգավիճակ ստանալու հեռանկարին: Համաձայն չէր ու այդ մասին մեզ տեղեկացրել էր: Այս առումով Տիգրան Սարգսյանն իր վարչապետության շրջանում շատ ավելի զգուշավոր էր: Ներդրումներ անելու և երաշխավոր լինելու մասին բացահայտ կոչեր արդեն չկային «Հայկական աշխարհ» հանրահայտ ծրագրում: Այդ ծրագիրը, կարծեմ, 2009-ի դեկտեմբերին հանրահռչակվեց:

Այն, որ մեր իշխանությունները Սփյուռքի հետ հարաբերություններն իլֆ-պետրովյան «Տուր ինձ մեկ միլիոն, տուր ինձ մեկ միլիոն» բանաձևից բարձրացնելու փորձ են անում` պարզ էր դարձել դրանից մեկ տարի առաջ:

Պարզ էր դարձել Սփյուռքի կետ կապերի պետական կառույցին նախարարության կարգավիճակ տալու փաստով: Իսկ «Հայկական աշխարհի» հռչակումից հետո մեր իշխանությունները խոստացան գնահատել հայկական ներուժը: Այդ գործընթացն իրականացնելու համար նույնիսկ խոստացան Ազգային մրցակցության խորհուրդ ստեղծել: Բայց ամեն ինչ մնաց խոստումների մակարդակում: Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների զարգացման ծրագիր այդպես էլ չհայտնվեց:

Իհարկե, Սփյուռք-Հայրենիք փոխհարաբերությունների անբավարար մակարդակը միայն մեր իշխանությունների բացթողումներով բացատրելը շատ ավելի հեշտ է: Սակայն պետք է արձանագրել նաև այն փաստը, որ Սփյուռքն էլ երբեք որևէ կոնկրետ քայլ չի կատարել Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի առողջացման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:

Գուցե այս պատճառով վարչապետն իր կոչում գրում է. «Գիտակցել ենք բացթողումները, և հերթական սխալները թույլ տալու իրավունք չունենք»: Արդեն պարզ է, որ զուտ հայրենասիրությունից դրդված` սփյուռքահայը կարող է ամենամյա հանգանակություն կատարել «Հայաստան» հիմնադրամին: Ու վերջ: Իսկ վարչապետի կոչում մի հատուկ ընդգծված հատված կա. «Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության ու գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ մեր երկրում ընթացող բարեփոխումներին»:

Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս կընկալվի այս կոչը Սփյուռքում: Ենթադրո՞ւմ եք, որ Սփյուռքում տեղյակ չեն, թե մեր իշխանություններն ինչպես ընդունեցին Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի ու մյուսների ակտիվությունը մեր հասարակական-քաղաքական կյանքի լարված պահերին: Թե՞ Սփյուռքում նրանց մշակութային գործիչ չեն համարում: Հիմա մեր երկիր «կառավարման նոր մշակույթ բերելու» առաջարկը Սփյուռքը լո՞ւրջ կընկալի:

«Սփյուռքի մշակույթը պետք է նկատելի լինի մեր կյանքում, յուրաքանչյուր շփում մեր հայրենակիցների հետ, վստահ եմ, նոր լիցք և ոգևորություն կհաղորդի մեզ», – գրում է մեր վարչապետը:

Անկեղծ ասած, ես վստահ չեմ, որ «Սփյուռքի մշակույթ» ասելով` մեր իշխանավորներն ի նկատի չունեն լիբանանահայկական կամ ֆրասիահայկական երգի-պարի սիրողական խմբակների ամենամյա համերգները մեր մայրաքաղաքի ակադեմիական լավագույն բեմերում, որ արդեն ինը տարի գործող Սփյուռքի նախարարության միակ (կամ՝ ամենանկատելի) ձեռնարկն է: Բոլոր դեպքերում կոչով դիմելն ամենաշահավետ բանն է: Ձախողումների դեպքում միշտ կարելի է արդարանալ, որ համագործակցության առաջարկ արել ես: Բայց մի՞թե դա է կարևորը:

Տեսանյութեր

Լրահոս