«Այս հանրաքվեով ցույց տրվեց, որ Արցախի Հանրապետությունն ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր է». Դավիթ Շահնազարյան
«ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակն էր դրդել Արցախի Հանրապետությանը հենց նմանատիպ Սահմանադրություն կազմել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքներին, Արցախում տիրող տրամադրություններին։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ ներկայացված Սահմանադրության նախագծին կողմ է քվեարկել 69 հազար 540 մարդ կամ ընտրողների 87.6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686-ը կամ 9.7 տոկոսը, անվավեր է ճանաչվել 2 հազար 202 քվեաթերթիկ կամ 2.8 տոկոսը: Քիչ առաջ այս տվյալներն է հրապարակել ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Հաղորդվում է նաև, որ քվեարկությանը մասնակցել են 103 հազար 793 ընտրողներից 79 հազար 428-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 76,5%-ը։
Դավիթ Շահնազարյանը, ով այս օրերին Արցախում է՝ որպես միջազգային դիտորդ, ուշադրություն հրավիրեց հատկապես հանրաքվեի արդյունքների՝ բարձր մասնակցության և նոր Սահմանադրության օգտին քվեարկության ցուցանիշների վրա՝ դրականորեն արձանագրելով, որ մասնակցության ցուցանիշները գերազանցում են նույնիսկ Արցախում անցկացված նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Շահնազարյանը դա բացատրում է երկու գործոնով։ «Առաջինը՝ Սահմանադրական հանրաքվեն տեղի ունեցավ փետրվարի 20-ին, որն Արցախյան ազգային ազատագրական շարժման օրն է։ Ցավոք, Հայաստանում այդ օրը գրեթե չի նշվում, իսկ Ացախում դա իսկապես շատ կարևոր օր է բոլորի համար, որը հավելյալ նշանակություն էր հաղորդել քվեարկությանը։
Ընտրությունը նոր Սահմանադրության օգտին և բարձր մասնակցությունը պայմանավորվեց այն հանգամանքով, որ հանրաքվեն Արցախում ընկալվեց՝ որպես ընտրություն հանուն Արցախի։ Երկրորդ՝ իմ անձնական դիտարկումների համաձայն՝ բավական մեծ դերակատարություն ունեցավ այն փաստը, որ Ադրբեջանը շատ լայն, ակտիվ հակաքարոզչություն իրականացրեց այս հանրաքվեի կապակցությամբ, որն ինչպես՝ նպաստեց, որ արձանագրվի նման բարձր մասնակցություն ու նման արդյունք, այնպես էլ՝ բարձրացրեց միջազգային հանրության հետաքրքրությունը տեղի ունեցողի նկատմամբ»,- նման տեսակետ հայտնեց Դավիթ Շահնազարյանը։
Նա աննախադեպ համարեց հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի և դիտորդական առաքելություններում ներկայացված երկրների քանակը։ «Նման քանակի միջազգային դիտորդներ դժվար էր պատկերացնել։ Սա վկայում է այն մասին, որ, եթե նույնիսկ պաշտոնական մակարդակում երկրների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ աչքի չի ընկնում, ապա առնվազն խորհրդարանական, հասարակական կազմակերպությունների մակարդակում բավականին բարձր հետաքրքրություն է նկատվում, որը գնալով աճում է։
Օրինակ՝ ՀՀ-ում Գերմանիայի երկու նախկին արտակարգ և լիազոր դեսպանները՝ Ռայներ Մորելը և Հանս-Յոխեն Շմիդտը, նույնպես դիտորդական առաքելություն էին իրականացնում, դիտորդ կար նույնիսկ Պակիստանից։
Միջազգային դիտորդական առաքելություններն այսօր առավոտից մամլո ասուլիսներ են հրավիրել Արցախում, որի ընթացքում անդրադառնում են հանրաքվեին, տարածաշրջանին, տարածաշրջանային անվտանգությանը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի հանդեպ հետաքրքրությունն էապես մեծացել է, ինչն ակնհայտ է դարձնում, որ Արցախն ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։
Վերջինս նկատեց, որ շատերի մոտ ընկալում կա, որ Հայաստանն ու Արցախը Հայաստան է։ Նրա վստահեցմամբ՝ այս ընտրությամբ ցույց տրվեց, որ Հայաստանն ու Արցախն արդեն կառավարման տարբեր համակարգեր ունեն։
«Եթե Հայաստանում ունենք կառավարման խորհրդարանական համակարգ, ապա Արցախում՝ արդեն նախագահական, ավելին, ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակն էր դրդել հենց նմանատիպ Սահմանադրություն կազմել, որը, իմ համոզմամբ՝ մեկ անգամ ևս ապացուցում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր է, ինչի մասին են նշում թե՛ Բունդեստագի պատգամավորները, թե՛ միջազգային մյուս բոլոր դիտորդները»,- ասաց Շահնազարյանը։
Նա հիշեցրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախօրեի խոսքը՝ շեշտելով, որ սա իսկապես նոր պատասխանատվություն է դնում թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ Արցախի քաղաքական համակարգի առջև։
Ըստ նրա՝ սա պատասխանատվության ընդլայնում է։ Անդրադառնալով արցախյան ներքաղաքական բանավեճերին՝ Շահնազարյանն ասաց, որ ընտրությունների արդյունքները որևէ մեկը չի բողոքարկել, ավելին, դրանք ընդունում են բոլորը։
«Արցախի քաղաքական համակարգը մի առանձնահատկություն ունի. Թե՛ Արցախի քաղաքական գործիչները, թե՛ ղեկավարությունը, թե՛ հասարակությունը շատ լավ հասկանում են պատերազմի վտանգը, ավելին, դրան պատրաստվում են և համապատասխանաբար՝ քաղաքական կառուցվածքներ ձգտում ձևավորել։
Դա նույնիսկ հասարակ ընտրողն է հասկանում, ինչը հասկացա ընտրողների հետ իմ բազում հանդիպումների արդյունքում»,- ասաց նա։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունում և ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում օրերս տեղ գտած պնդումների մասին, թե հանրաքվեի արդյունքները չեն անդրադառնալու ԼՂ վերջնական կարգավիճակի վրա՝ Շահնազարյանն ասաց, որ ակնհայտ է՝ Երևանի, Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումը կարգավիճակի հարցում ավելի քան իրատեսական և ռացիոնալ է։
«Այսինքն՝ կարգավիճակ և տարածքներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը երբեք այնքան անկանխատեսելի և վտանգավոր իրավիճակում չէր եղել, որքան ներկայումս, որտեղից էլ արդեն ուղղակիորեն բխում է այն հանգամանքը, որ կարգավիճակն անհրաժեշտ է ցանկացած կարգավորման համար։ Այլ բան, որ հայկական կողմերի այդ դիրքորոշումն առաջ մղելու համար անհրաժեշտ է շատ ավելի ակտիվ աշխատել։
Գոհունակությամբ եմ ցանկանում նշել, որ Արցախն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հանդիպումները, մամլո ասուլիսները Բրյուսելում և Ստրասբուրգում՝ բավականին լայն արձագանք են գտնում աշխարհում, արձագանքներ են ստացվում այնպիսի գործիչներից, որոնց նույնիսկ Արցախյան հարցում մեր համակիրը չէի համարի, այս ուղղությամբ պետք է շարունակվի հետևողական աշխատանքը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։