Կոնգրեսում քննարկվել է Մոսկվայի մարտավարությունը և վտանգները
«Այսօր Ռուսաստանը դարձել է ապակայունացնող ուժ եւ մեզ զերծ է պահում աշխարհով մեկ կայունության ապահովման գործընթացներին մասնակցելուց», – «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս բառերով է բացել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումները հանձնաժողովի նախագահ հանրապետական սենատոր Բոբ Քորքերը:
Լսումները նվիրված էին Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա մարտահրավերներին: Հանձնաժողովի փոխնախագահ դեմոկրատական սենատոր Բեն Քարդինի խոսքով, այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պարզել, թե ինչպես է պետք պաշտպանվել Ռուսաստանի գործողություններից.
«Խոսքը գնում է ոչ միայն մեր երկրի դեմ անցած ընտրությունների ընթացքում կատարված հարձակման մասին, այլեւ Մոսկվայի ապագա գործողությունների մասին, որոնք կարող են ուղղված լինել ինչպես Միացյալ Նահանգների, այդպես էլ՝ Եվրոպայի մեր դաշնակիցների դեմ»:
Սենատորի խոսքով, այսօր Ռուսաստանի իշխանությունները երկրից դուրս օգտվում են ժողովրդավար երկրների հաստատություննրից՝ դրանց իսկ դեմ հարձակումներ կազմակերպելու համար:
Լսումներին վկայություն տվող Նոր ամերիկյան ռազմավարություն հաստատության վերլուծաբան Ջուլիան Սմիթը առավել մանրամասնեց Մոսկվայի կողմից ձեռնարկվող մարտավարությունը.
«Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ մեր ժողովրդավարական հաստատությունները թուլացնելու, Եվրոպան պառակտելու, եւ իր ազդեցության տակ գտնվող գոտիներ ստեղծելու նպատակով: Դրա համար Ռուսաստանը ազատորեն վերագծում է սահմանները Եվրոպայի ներսում, ռազմական վտանգի սպառնալիքով ճնշում գործադրում փոքր երկրների վրա, հաքերային հարձակումներ եւ պրոպագանդա իրականացնում եւ միջամտում այլ երկրների ներքաղաքական ընտրական գործընթացներում»:
Սմիթի խոսքով, Սառը պատերազմից ի վեր ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են վատագույն մակարդակի վրա: Ինչ վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հարաբերությունների բարելավման հեռանկարին, ապա լսումներին մասնակցող մյուս վկա, ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավի խոսքով, նման փորձ արել էին ե՛ւ Ջորջ Բուշ կրտսերի, ե՛ւ Բարաք Օբամայի վարչակազմերը.
«Ռուսաստանն իրոք լուրջ ուժ է, այն ունի հպարտ պատմություն, այն տարածքային տեսակետից խոշորագույն երկիրն է, որն ազդեցություն ունի Եվրոպայի, Արեւելյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա: Ռուսաստանն աշխարհի երկրորդ հզորագույն ռազմական ուժն է»:
Բրիդլավի խոսքով, Վաշինգտոնի եւ Մոսկվայի երկխոսության հիմքում պետք է լինի միջուկային սպառազինումների խնդիրը: