«Թրամփը շնորհակալ է լինելու իր նախորդներից Լեռնային Ղարաբաղի համար». Վադիմ Դուբնով

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում բազում իրարամերժ հայտարարություններով հանդես եկավ ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Թրամփը, որը մի ժամանակ կարծում էր, թե ԱՄՆ-ը չպետք է աջակցի Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում, վերջերս պնդել էր, թե ԱՄՆ-ը պետք է կանգնի Ուկրաինայի թիկունքին, քանի որ Ռուսաստանը կոնֆրոնտացիոն երկիր է դառնում։ Թրամփը բազմիցս անդրադարձել էր նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վստահեցնելով, որ իր հաղթանակի դեպքում այդ հարաբերությունները կբարձրացնի լավ մակարդակի։ Նորընտիր նախագահը նաև գտնում է, որ Վաշինգտոնը չափազանց բարձր գին է վճարում ՆԱՏՕ-ի համար, ինչն իր նախագահության օրոք կկրճատվի, որը ռուս քաղաքական գործիչներին խոստումնալից է թվում ռուս-ամերիկյան ապագա հարաբերությունների տեսանկյունից։ Իրականում,  այն մասին, թե այս հայտարարություններից որոնք են արժանահավատ, 168.am-ը զրուցեց Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ։

– Պարոն Դուբնով, ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ի՞նչ կարելի է ակնկալել ռուս-ամերիկյան հարաբերություններում՝ հաշվի առնելով Թրամփի նախընտրական ծրագիրը, որում նախատեսվում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ Թրամփին կհաջողվի իրագործել իր այս պլանները՝ նկատի ունենալով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրների համակարգայնությունը և տարաձայնությունների խորությունը։

– Անկեղծ ասած, ես չեմ կարծում, թե այս հարթությունում էականորեն ինչ-որ բան է փոխվելու, շատ հավանական է, որ Թրամփը փորձի իրավիճակային կերպով հարթել այդ հարաբերությունները Սիրիայում, օրինակ, բայց, ես կարծում եմ՝ նա թերագնահատում է սիրիական թեմայի կարևորությունը Մոսկվայի համար: Մոսկվայի համար ԱՄՆ-ի հետ առճակատման բոլոր օջախները փոխկապակցված, փոխպայմանավորված  են, և հնարավոր չէ մի տեղում կարգավորել հարաբերությունները և մյուսում շարունակել առճակատումը։ Մոսկվայի համար սա մի ողջ համակարգ է, համակարգային առճակատում Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ, ինքնահաստատման համակարգ, որի մի մասն էլ հակաամերիկյան դիրքորոշումն է։ Ուստի, չեմ կարծում, թե Մոսկվային պետք է այդ ամենը։ Ռուսաստանը կցանկանա առճակատման մեղմում միայն պատժամիջոցների վերացման համար։

Չեմ կարծում, թե հնարավոր է այդ հարցերն այդքան հեշտությամբ լուծել, ինչպես Թրամփն է ասում։ Ուստի ես մեծ փոփոխություններ չեմ սպասում, առավել ևս, այս դեպքում, քանի որ Թրամփը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, որի հետ Մոսկվայի հարաբերություններն ավանդաբար ավելի բարդ բնույթ են ունեցել, քան Դեմոկրատական կուսակցության հետ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ Մոսկվային հանրապետականների հետ լավ հարաբերություններ ունենալ չի հաջողվում։

– Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է ակնկալել ԱՄՆ-ից Հարավային Կովկասում Թրամփի աշխատակազմից։

– Ես նախորդ աշխատակազմերից ևս լուրջ  քաղաքականություն չեմ նկատել Հարավային Կովկասում, չեմ կարծում, թե այս տարածաշրջանն ամերիկացիների առաջնահերթությունների ցուցակի առաջին տեղերն է զբաղեցնում։ Այս տարածաշրջանը կարևոր է Ռուսաստանի համար, և այս տեսանկյունից, որպես երկրորդական գործոն, ամերիկացիները փորձելու են արձագանքել հարավկովկասյան իրադարձություններին։ Կարծում եմ, ԼՂ հակամարտության վերաբերյալ ամերիկյան կողմի վերջին հայտարարությունների նման, գործընթացը շարունակվելու է։ Իմ համոզմամբ, Թրամփը շնորհակալ է լինելու իր նախորդներին, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ամերիկյան նման մասնակցություն են սահմանել՝ դյուրացնելով  իր հետագա կյանքը։ Սա մի ֆորմուլա է, որը բոլորին ձեռնտու է, և ես չեմ կարծում, թե Թրամփի  աշխատակազմը փորձելու է ստիպել հակամարտության կարգավորում, կամ գեներացնել ինչ-որ գաղափարներ։ Դա իրեն առանձնապես հետաքրքիր չէ։

– Հաշվի առնելով Թրամփի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ՝ կարծիքներ կան, որ Թրամփի ադմինիստրացիան կհեռանա Հարավային Կովկասից՝ այն ճանաչելով բացառապես ռուսական ռազմավարական հետաքրքրությունների գոտի։ Նման զարգացումները որքանո՞վ են իրատեսական։

– Ես չեմ հավատում այս սցենարներին։ Եթե մենք քննարկենք նրա նախընտրական հայտարարությունները և ենթադրություններ անենք դրանցից ելնելով՝ սխալ կլինի, քանի որ նախագահի դերում նա շատ ավելի համակարգային քաղաքական գործիչ է իրեն դրսևորելու։ Նրա նախկին  հայտարարությունները ճիշտ և տեղին էին այն ժամանակ, իսկ ներկայումս մեծապես  համոզված եմ, որ մեզ կփորձեն բացատրել, որ Թրամփն այլ բան է նկատի ունեցել։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն արմատապես փոխվելու է Ուկրաինայի վերաբերյալ, քանի որ դա ևս ռուս-ամերիկյան համակարգային առճակատման բաղադրիչն է, և կարելի է դա պայմանավորել Սիրիայում որոշ զիջումներով, Կորեական հարցում զիջումներով, բայց դա միշտ է եղել: Թրամփի օրոք, չեմ կարծում, որ այդ քաղաքականությունն էապես փոխվի կամ նրա  խաղադրույքներն էականորեն փոխվեն։

Տեսանյութեր

Լրահոս