Բաժիններ՝

«Անհրաժեշտ է սեփական օրինակով ցուցադրել, որ դու անում ես բարեգործություն, որպեսզի քո հետևից գնան մյուսները». գործարար, բարերար Գոռ Նահապետյան

Forbes Woman-ը զրուցել է գործարար, ներդրումային բանկիր, բարերար Գոռ Նահապետյանի հետ, ով պատմել է, թե ինչպես է բանկիր Յան Յանովսկու և իրավաբան Դմիտրի Յամպոլսկու հետ ստեղծել «Ընկերներ» հիմնադրամը, որը նպատակ ունի փոխել Ռուսաստանում բարեգործության ողջ համակարգը:

«Ընկերները» կենտրոնացած է բիզնես-խնդիրների լուծման վրա: Հիմնադրամն օգնում է մյուս բարեգործական կազմակերպություններին՝ կառուցել արդյունավետ բիզնես գործընթացներ:
Նրա ամենաանսովոր ծրագրերից մեկը «Պրոֆեսիոնալների թիմն» («Команда профессионалов») է, որը թույլ է տալիս պրոֆեսիոնալների ներգրավել աշխատանքի հ/կ-ներում և նրանց աշխատավարձեր վճարել:

Հիմնադրամը նաև սեմինարներ է կազմակերպում հ/կ-ների համար, որտեղ հանդես են գալիս բիզնես միջավայրում հայտնի փորձագետներ:

«Ընկերներ» հիմնադրամի գործառնական գործունեությամբ զբաղվում է 3 մարդ:
Նահապետյանի, Յանովսկու ու Յամպոլսկու համար «Ընկերները» նրանց բարեգործական ակտիվության բնական շարունակությունն է՝ նրանք բոլորն էլ ֆինանսապես և փորձագիտորեն օգնել են ամենատարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամին: Ներկայումս «Ընկերների» խնամակալության տակ գտնվում է 10 հիմնադրամ: Թե որն է «Ընկերների» սկզբունքային տարբերությունը բարեգործական այլ կազմակերպություններից, Գոռ Նահապետյանը հայտնել է Forbes Woman-ին:

– Ինչո՞ւ որոշեցիք ձեր ընկերների հետ հիմնել ձեր հիմնադրամը:

– Մեզնից յուրաքանչյուրը զբաղվել է բարեգործական գործունեությամբ իր ուղղությամբ, սակայն՝ ոչ պաշտոնապես: Մենք խոսում էինք պրոֆեսիոնալիզմի մասին, սակայն ինքներս այդ հարցում հետևողական չէինք: Որպեսզի երկակի ստանդարտներ չառաջանային, որպեսզի չլինեինք կոշկակար՝ առանց կոշիկի, մենք ստեղծեցինք հիմնադրամ, կառույց, որը կարող էր հետագայում գոյատևել նաև առանց մեզ:
Միասին մենք չէինք աշխատել, սակայն հանդիպում էինք համաժողովներին, ընդհանուր հանդիպումներում: Ինչ-որ պահի հասկացանք, որ կիսում ենք ընդհանուր գաղափարախոսությանը:

– Ինչպե՞ս ստացվեց, որ բանկային ինդուստրիայի մարդը սիստեմատիկ կերպով զբաղվում է բարեգործությամբ:

– Ամեն ինչ մանկությունից է գալիս: Ես ապրում էի միջավայրում, որտեղ բոլորը միմյանց օգնում էին: Ինձ համար դա ինչ-որ բնական բան էր:

– Ոչ բոլորն են ունեցել նման հիանալի մանկություն: Երբեմն լինում է, որ կայացած մարդը որոշում է ինչ-որ պահի դառնալ բարեգործ: Ինչպե՞ս է հնարավոր ստեղծել այս պահը:

– Սեփական օրինակով: Բազմաթիվ մարդիկ, որոնք սեփական «ես» չունեն, սկսում են իրենց համեմատել այլ մարդկանց հետ: Երբ Բիլ Գեյթսն ասում է՝ «գնացինք», և իր բոլոր փողերը տալիս է բարեգործությանը, տրենդ է ստեղծում, մեկ այլ մարդ ասում է. «Ես էլ եմ ուզում»:
Այդ պատճառով կարևոր է խոսել այդ մասին և օգնել բացահայտորեն, որպեսզի շուրջդ բոլորը ցանկանան լինել այնպիսին, ինչպիսին դուք, ձեզնից օրինակ վերցնեն: Շատերին անհրաժեշտ է նման օրինակը: Եթե մարդկանց 10 տոկոսը հավատում է ինչ-որ բանի, մյուսները սկսում են նույն բանին հավատալ: Այդ պատճառով մեզ հարկավոր են մարդիկ, որոնք խոսում են բարեգործության մասին, և այդ ժամանակ դա նորմա է դառնում, ներդրվում է մշակույթում: Նորմա չէ, եթե դրանով չես զբաղվում:

– Բայց Ռուսաստանում շատերը մինչ օրս օգնում են անանուն, այդ թվում՝ գործարարները: Ինչի՞ հետ է դա կապված:

– Լավ հարց է, թե ինչու … քանի որ բոլորն ունեն իրենց պատճառները: Կա ինչ-որ միֆ, որ բարեգործությամբ անհրաժեշտ է զբաղվել աննկատ, ինչ-որ մեկը կիսում է այդ դիրքորոշումը: Ինչ-որ մեկը վախենում է, որ տասնյակ հարցումներ կտեղան: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը պարզապես չի ցանկանում լինել հրապարակային:

– Ի՞նչ տիպիկ խնդիրներ կան այդ ոլորտում:

– Տիպիկ խնդիրը երեխային օգնելն է, այլ ոչ թե՝ համակարգը փոխելը: Դա խնդիրները հասկանալն է, սակայն ռազմավարության բացակայությունը: Ոչ կոմերցիոն ոլորտը քաոսային է, դասակարգված է միայն մասերով: Բազմաթիվ հիմնադրամներ զբաղվում են միևնույն բանով, միաժամանակ, ես չեմ տեսնում կլանման գործարքներ այդ ոլորտում: Որոշ հիմնադիրներ զարգացնում են համատեղ ծրագրեր, և դա արդեն միավորման քայլ է: «Հույսի» և «Նվիրիր կյանքի» հիմնադիրները մանկական հոսպիս ստեղծեցին: Այս սիներգիայում շատ բան է ծնվում:

– Ի՞նչ գլխավոր սխալներ ու ձեռքբերումներ կան բարեգործությունում:

– Չգիտեմ, արդյո՞ք դա կարելի է անվանել սխալ… Այսօր հիմնադրամները դեռ ընդհանուր նպատակներ չունեն, որի համար բոլորս կաշխատեինք: Եթե մենք ասում ենք, որ Ռուսաստանում բարեգործությանը մասնակցում է բնակչության ընդամենը 9 տոկոսը, ինչո՞ւ ընդհանուր նպատակ չդնենք՝ այդ թիվը բարձրացնել թեկուզ մինչև 11 տոկոս: Ի՞նչ ենք անում մենք միասին, որպեսզի բարձրացնենք վստահությունը ինդուստրիայի հանդեպ: Եկեք մեկական ռուբլի դնենք և պատրաստենք սոցիալական գովազդ՝ «վստահեք հիմնադրամներին, մի՛ վստահեք փողոցային մուրացկաններին»: Չկա համակարգային ընդհանուր պայքար խարդախության դեմ:

– Իսկ ձեռքբերումնե՞ր:

– Խորհրդային Ռուսաստանում բարեգործություն ընդհանրապես չկար, այդ պատճառով այդ աշխատանքն անում էր պետությունը: Այն, թե ինչպես ենք մենք զարգանում, վատ տեմպ չէ: Մենք՝ որպես ինդուստրիա, զարգացել ենք, այն կա, դրա հետ հաշվի են նստում:

– Ձեր ո՞ր գաղափարներն են, որոնք դուք օգտագործել եք բարեգործությունում, եղել են ամենահաջողը, ամենաարդյունավետը:

– Դժվար է ասել: «Ընկերներ» հիմնադրամի գաղափարը, ըստ իս, արդյունավետ է: Մեծ հաջողություն էր հանդիպել ճիշտ մարդկանց, որոնք եկել են աշխատելու հիմնադրամում: Ստեղծագործ աճուրդները, առանձին բարեգործական ակցիաները համակարգային չեն, իսկ մարդիկ համակարգային են՝ նրանք գալիս են ինդուստրիա, սովորեցնում են մյուսներին, հաջողության օրինակ են ծառայում ու բարձրացնում վստահությունը մասնագիտության հանդեպ:

– Պատմեք «Պրոֆեսիոնալների թիմ» ծրագրի մասին: Ինչպե՞ս ստեղծվեց գաղափարը, արդյոք շա՞տ մարդիկ կան, որոնք պատրաստ են աշխատել հ/կ-ներում:

– Գաղափարը ծագել էր դեռևս «Տրոյկա Դիալոգի» ժամանակ: Մեր ընկերությունում գործում էր բարեգործական կոմիտե, և ընկերության ցանկացած աշխատակից կարող էր գումար տալ հիմնադրամներին, որոնք հաստատված էին այդ կոմիտեի կողմից: Այդ ժամանակ մենք թոփ մենեջերների բերեցինք բիզնեսից մի շարք հիմնադրամներ և վճարում էինք նրանց աշխատանքը: «Տրոյկայի» վաճառքից հետո այդ բարեգործական նախաձեռնությունը մնաց օդում:

Ինչ-որ մի շրջան Ռուբենը (Ռուբեն Վարդանյան, «Տրոյկա Դիալոգի» հիմնադիր) և ես վճարում էինք այդ աշխատակիցների ծառայությունների դիմաց մեր անձնական գումարներից, հետո Ռուբենը ստեղծեց PhilIn բարեգործության ենթակառուցվածքը, մենք նրանց հետ ներկայումս ակտիվորեն համագործակցում ենք, ես մենակ մնացի: Եվ ծագեց ջանքերը միավորելու գաղափարը: Գաղափարը պարզ է՝ արհեստավարժների աշխատանքը ոլորտում պետք է ստանա շուկայական գնահատական:

Երբ մարդուն ձանձրացրել է կորպորատիվ կյանքը, նա ցանկանում է կյանքը լավը դարձնել, սակայն, միևնույն ժամանակ, պատրաստ չէ փոխել կյանքի ոճը, մենք պատրաստ ենք փոխհատուցել անվտանգության այդ բարձիկը:

Ես չեմ ուզում, որպեսզի մարդիկ նվիրաբերեն: Անգլերեն «donate» և «charity» բառերը մի քիչ այլ ենթատեքստ ունեն:

Ես չեմ ցանկանում ինձ զոհաբերել: Իսկ մեզանում դա զոհաբերություն է, և դա շարունակվում է մշտապես, ձեռքը պարզած քայլելը: Դա վերաբերում է ոչ միայն երեխաների բուժմանը: Հարկավոր է հետաքրքրել դոնորին, որպեսզի նրան հետաքրքիր լինի իր գումարները ներդնել բարեգործության մեջ:

Ես վատ եմ վերաբերվում, երբ մարդիկ ասում են. «բարեգործությունն իմ անձնական գործն է, ես գումար եմ տվել և չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկն այդ մասին իմանա»: Դա արմատական սխալ է: Անհրաժեշտ է սեփական օրինակով ցուցադրել, որ դու դա անում ես, որպեսզի քո հետևից գնան մյուսները: Ինձ համար վնասակար է թավշյա արջուկ տանել մանկատուն, որը լի է նման արջերով: Դու քեզ վրա պատասխանատվություն չես վերցնում, դու դրանից հեռանում ես:

Ես գնահատում եմ ներդրումները ոչ միայն գումարով, այլև ժամանակով, պրոֆեսիոնալ ժամանակով, որը մարդիկ ծախսում են հիմնադրամներին օգնելու վրա:

– Ի՞նչն է մոտիվացնում պրոֆեսիոնալին՝ բիզնեսից անցում կատարել սոցիալական ոլորտ:

– Առաջին հերթին՝ դա աշխարհը դեպի լավը փոխելու հետաքրքրությունն է, քեզ համար կյանքում նոր իմաստներ գտնելն ու ճանաչում ստանալը և, կարող է, գուցե սեփական օգտակարությունը զգալու կարիքը:

– Ի՞նչ բիզնես պրակտիկա է անհրաժեշտ ներդնել բարեգործության մեջ: Ի՞նչ է բարեգործությունը սովորեցնում բիզնեսին:

– Բարեգործությունը բիզնեսին սովորեցնում է անտարբեր չլինել սեփական աշխատակիցների նկատմամբ, ձևավորելով կորպորատիվ մշակույթ, կամ հասարակության հանդեպ, որտեղ դու աշխատում և ապրում ես և վաճառում քո արտադրանքը կամ ծառայությունը: Անհոգի կազմակերպությունները երկար կյանք չեն ունենում:

Բիզնեսն իր հերթին՝ սովորեցնում է բարեգործությանը բիզնես գործընթացների, ռազմավարական երկարատև պլանավորման, հաճախորդների հետ հարաբերությունների կառուցման: Բիզնեսը սովորեցնում է վաստակել, այլ ոչ թե գտնվել խնդրողի դիրքերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս