
Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիային

Իրանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայի տարածքների վրա՝ շեշտելով, որ աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Դժբախտաբար, սա չափազանց կանխատեսելի էր։ Ո՞ր մայրաքաղաքն է հաջորդը։ Իսրայելական կատաղի ռեժիմը սահմաններ չի ճանաչում և հասկանում է միայն մեկ լեզու։ Աշխարհը, այդ թվում՝ տարածաշրջանը, պետք է միավորվի՝ վերջ դնելու նրա խելագար ագրեսիային», – նշել է Արաղչին գրառման մեջ։
Նա նաև շեշտել է, որ «Իրանն աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և միշտ կկանգնի սիրիացի ժողովրդի կողքին»։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել էր վերջին օրերին Սիրիայի դեմ Իսրայելի կողմից իրականացված հարձակումները՝ նաև մտահոգություն հայտնելով աս-Սուեյդայի շրջանում վերջին բախումների կապակցությամբ։
Աշխարհի տարբեր երկրներ, ինչպես նաև միջազգային կառույցներ դատապարտել են Իսրայելի ագրեսիան Սիրիայի նկատմամբ։
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումների հետևանքով զոհվել է 356 մարդ։ Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ։
Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։ Սիրիայի բանակը հայտարարել է, որ սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից։