
Վրաստանը հերքել է դեպի ՀՀ հայկական բեռների և գազի «արգելափակման» մասին տեղեկությունը

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ Վրաստանում հայկական բեռների, այդ թվում՝ հեղուկ գազի «արգելափակման» մասին տեղեկությունը ճիշտ չէ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հայտարարության մեջ եկամուտների ծառայությունը նշել է, որ «ապատեղեկատվությունը» նպատակ ունի մոլորեցնելու հանրությանը, վարկաբեկելու գործակալությանը և այդ թեման քաղաքական հարցի վերածելու։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքում է որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից Վրաստանում հայկական բեռների (այդ թվում՝ գազային արտադրանքի) ենթադրյալ «արգելափակման» մասին արված հերթական ապատեղեկատվական հայտարարությանը և պարզաբանում, որ սա ամբողջությամբ սուտ է, ծառայում է հանրության մոլորեցմանը, գործակալության վարկաբեկմանը և թեման քաղաքական հարցի վերածման փորձին», — նշված է հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ հայաստանյան «Ազատություն» ռադիոկայանի հուլիսի 11-ի փոխանցմամբ` Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքակայանում ավելի քան հինգ տասնյակ հայկական գազատար մեքենաներ լուսաբացից սպասում են մաքսային ընթացակարգերի ավարտին, որ հեղուկ գազով բեռնված մեքենաները հասցնեն Հայաստան։
Ըստ ռադիոկայանի` տեղից ահազանգող վարորդներն ասել են, որ Վրաստանի մաքսային ծառայությունը նոր խստացումներ է կիրառում Ռուսաստանից Հայաստան վերադարձող գազատարների նկատմամբ` առանց հստակ պատճառաբանության կամ պաշտոնական բացատրության։
Վերոնշյալին արձագանքել էր նաև Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով` հայկական բեռների տարանցման արգելափակումը խաթարում է վրաց-հայ դարավոր բարեկամության ոգին: