«Հայաստանը հանձնում են, իրենց քննադատողներին էլ դարձնում են ազգի թշնամի, կալանավորում, լցնում բանտերը. վաղը մենք էլ նման ելույթ ունենանք, կալանավորելու են ու ներկայացնեն՝ ազգի դավաճան». Խոզնավարի բնակիչ

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին Սյունիքի մարզում ոչ բոլորն են հետևել. մարդիկ գյուղատնտեսական աշխատանքով են զբաղված, իրենց հողն են մշակում, հեռուստացույց քիչ են դիտում։

Սակայն Խոզնավարի բնակիչներից մեկը սկզբից մինչև վերջս լսել է՝ հասկանալու համար, թե ինչ կարևոր բան պետք է ասի Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակ է տրամադրել ու ասուլիս է տալիս։

«Մեր գյուղում մարդիկ այդքան ժամանակ չունեն, որ նստեն, ասուլիս լսեն։ Մարդիկ աշխատում են ու մտածում են, թե այսպես հանգիստ է լինելու ու հես ա՝ Նիկոլը խաղաղություն է բերելու, մարդիկ չեն տեսնում, թե ինչ է կատարվում։ Բայց ես լսեցի՝ եկել էր ասելու, որ պատրաստ եղեք, որովհետև Սյունիքով ճանապարհ եմ տալու Ադրբեջանին, ուրիշ կարևոր որևէ բան չասաց, ինչպես միշտ, բոլոր հարցերը մանիպուլացրեց։

Այս մարդը Հայաստանն արժանացնելու է Արցախի ճակատագրին, այն, ինչ եղավ Արցախում, նույնն էլ այստեղ է լինելու, մեզ ի՞նչ պետք է սպասվի։

Կարդացեք նաև

Ալիևը հիմա էլ ասում է՝ ամբողջ Հայաստանն է իմը՝ Սյունիքով, ինքն էլ տալիս է, վաղը Սյունիքը կհանձնի, մյուս օրը՝ Վայոց Ձորը, ու կասի՝ մերը չէին։

Իրենք եկել, Հայաստանը հանձնում են, իրենց քննադատողներին էլ դարձնում են ազգի թշնամի, կալանավորում ու լցնում են բանտերը։ Վաղը մենք էլ նման ելույթ ունենանք, մեզ կալանավորելու են ու ներկայացնեն՝ որպես ազգի դավաճան»,- 168.am հետ զրույցում նշեց Խոզնավարի բնակիչը, ում խնդրանքով անունը չենք հրապարակում։

Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2021 թվականին Սև լճի տարածքն Ադրբեջանի կողմից օկուպացվեց, հետո էլ հայտարարում էր, թե «տարին 12 ամիս սարի գլխին ձյուն է, բա մեզ պե՞տք է», դրան արդեն հաջորդեց 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի, Ներքին Հանդի ու մնացած հատվածների զավթումը։

«Որ այդ «միջանցքը» տվեցին, թուրքը գալու է, լցվի Հայաստան, հայերին էլ կդարձնեն փախստական, կդառնան գնչուներ՝ անտուն ու թափառական։ Ինչ Հայաստան ունեինք, ու հիմա ինչ է մնացել։

Փաշինյանն ասում է՝ այդ տարածքները պատերազմով չենք վերադարձնելու, իրեն թվում է՝ Ադրբեջանն առանց որևէ կրակոցի այդ տարածքները վերադարձնելո՞ւ է, իսկ եթե այդպես է մտածում, ուրեմն՝ ասում է, որ այդ տարածքները մեզ պետք չեն։

Ժողովուրդը թող մտածի, որ վաղը-մյուս օրը փախստական է դառնալու ու տեղ չի ունենալու գնալու։ Եթե արցախահայերը բռնի տեղահանվեցին ու եկան Հայաստան, այստեղից հայերն ո՞ւր են գնալու, այլ հայրենիք կա՞, որ գնան. չկա: Լավ, այս մարդիկ չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում ամբողջ տարածաշրջանում, ինչ ահավոր պատերազմ է Գազայի հատվածում, Սիրիայի տարածքում, այս ժողովրդին չեմ հասկանում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է  Սյունիքի մարզի կրակոցներին, որոնք Ադրբեջանը սկսել էր մարտ ամսից սկսած, Խոզնավարի բնակիչը նշեց, որ նախկինի համեմատ՝ այժմ կրակոցները խիստ նվազել են։

«Դե. ուզում էին բնակիչներին վախեցնել, դրա համար կրակում էին, իզուր չէր, որ սահմանին կպած գյուղերի ուղղությամբ էին կրակոցները։ Մարդկանց ապրելն էլ է դժվարացել, մարդիկ հազիվ կարողանում են մի քիչ հող մշակել, անորոշ վիճակ է, ընդհանուր սա է։

Մեզ նորմալ ու ազգային իշխանություն է պետք, եթե ունենանք ազգի մասին մտածող իշխանություն, ապա ամեն ինչ կկփոխվի։ Դեռ ամեն ինչ կորած չէ, ի վիճակի կլինենք ամեն բան փոխենք, դեռ տարածք էլ ունենք, խելացի մարդիկ էլ ունենք, այդ թվում՝ դրսում։ Մեր հողն է, մեր երկիրն է, պետք է պահենք, գոնե այս հատվածը պահենք»,- ընդգծեց Խոզնավարի բնակիչը։

Տեսանյութեր

Լրահոս