
ՀԱՅՀՈՅԵԼ ԵՆ, ՍՊԱՌՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ՔԱՀԱՆԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՔՊ-ԱԿԱՆ ՀԱՅՀՈՅԱԽՈՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ. ԴԱ ՆԶՈՎՔԻՑ ԱԶԴԵՑԻԿ ՊԱՏԻԺ Է. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԶԱՐԳԱՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Եթե Նիկոլ Փաշինյանը մկրտված է, դա Հայ առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) անդամագրման չափանիշ է։ Հետևապես՝ այդ մարդը գտնվում է ՀԱԵ կանոնական դաշտում՝ իր իրավունքներով և պարտականություններով։
- Երբ դառնում ենք քրիստոնյա, մենք մեր հոգևոր կյանքով կարող ենք վկայել դա կամ դեմ գնալ դրան։
- Որպեսզի չարաշահումների դեմն առնվի, եկեղեցին ունի իր, այսպես կոչված, սանկցիաները՝ պատժամիջոցները՝ նզովք, ընդհուպ՝ բանադրանք։
- Մարդիկ, ովքեր եկեղեցին չճանաչելով, խոսում են, որ նզովքը քրիստոնյային վայել չէ, սիրո դրսևորում չէ, գիտելիքի պակաս ունեն։ Ամեն պատարագի ժամանակ պատարագիչ քահանաները նզովք են կարդում բոլոր նրանց, ովքեր դեմ են Քրիստոսի աստվածությանը, Եկեղեցու նվիրապետությանը։ Նզովքը հաստատված է 4-րդ դարից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչից։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե այլ Եկեղեցի եք ուզում, գնացե՛ք այլ Եկեղեցի, աղանդ բացեք, ինչպես անում եք։ Բայց մեր եկեղեցին սա է։ Ու սա ատելության դրսևորում չէ, որովհետև մի փոքր փչացած խմորը կարող է ապականել ամբողջը։ Մեր սուրբ հայրերն այս կերպ Եկեղեցին հեռու են պահել պառակտչությունից, հերետիկոսությունից, հերձվածությունից։
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում սաղմոս կարդաց և ասաց, որ Աստծուն հաղորդակցվելու մի ձև կա՝ աղոթ անել, սաղմոս կարդալ:
- Միայն սաղմոս կարդալով Աստծո հետ կապ պահելը աղանդավորական պահվածք է։ Այդ մարդու պահվածքը մաքուր աղանդավորի վարքագիծ է։ Երբ որոշներն ասում են՝ մենք աղանդավոր չենք, դա դուք չեք որոշում։ Դու կարող ես քեզ չհամարել աղանդավոր, բայց Հայ Առաքելական եկեղեցին հստակ նախանշում է աղանդավորական ուղղությունները։
- Սատանան ինքն էլ է Աստծո խոսքն օգտագործում:
- Քրիստոնեությունն ամենաազատ կրոնն է, դրա համար կան բազմաթիվ ճյուղավորումներ, բայց քրիստոնեության առանցքն ազատությունն է, որտեղ պարտադրանք չկա։ Քրիստոսի եկեղեցու կորիզը նախևառաջ 12 առաքյալներն են։ Դուք չեք կարող գնալ նվիրապետությունը ոչնչացնելու ճանապարհով ու ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եք։
- Ի դեպ, սաղմոս կարդում են 4000 և ավելի կրոնական ուղղությունների ղեկավարներ, բայց ճշմարտությունը մեկն է։ Սաղմոս կարդում էր նաև Քրիստոսի փորձիչը՝ համոզելով նրան ցած նետել իրեն, մղում էր, որ Քրիստոսը չթույլատրված եղանակով ապացուցի իր՝ Աստծո որդի լինելը, տեսարան ապահովի։ Բայց Քրիստոսը մերժեց դա։ Այդ մարդը՝ Փաշինյանը, Սուրբ գրքի տողերը մանիպուլացնելով՝ մոլորեցնում է ժողովրդին։ Էլ չեմ ասում, որ ինքը՝ որպես վարչապետ, սահմանափակված է։ Այն, ինչ տեսնում ենք վերջին օրերի ընթացքում, նա Սահմանադրության 20-ից ավելի հոդված է խախտել։ Ամենօրյա ռեժիմով խախտվում են հոգևորականների՝ անձնական, ընտանեկան կյանքի, արժանապատվության վերաբերյալ հոդվածները։
- Երբ ամփոփում ենք Բագրատ և Միքայել սրբազանների կալանավորումը, այդ մարդու արած ֆեյսբուքյան ամենօրյա գրառումները, Վեհարանի վրա ԱԱԾ-ականների գրոհը, տեսնում ենք, որ Հայաստանում գոյություն չունի իրարից անկախ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություն։ Հայաստանում այսօր իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ու նրա կուսակցության ձեռքում։
- Այն, որ այս ճակատային հարձակումը տեղի ունեցավ Շվեյցարիայում Վեհափառի մասնակցությամբ ժողովից հետո, ուր շոշափվեցին արցախահայության իրավունքները, ինչ-որ արտաքին կապի մասին խոսում է։
- Սահմանադրության մեջ շատ հստակ ձևակերպում կա, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը։ Սրանից բխում են օրենքներ, որ պետությունը չի միջամտում եկեղեցու հարցերին, արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը։ Այո՛, եկեղեցին չի կարող խառնվել դատական, օրենսդիր ու գործադիր իշխանության գործերին։ Դուք նման բան Հայաստանում տեսե՞լ եք, որ Եկեղեցին խառնվի։ Անգամ Բագրատ սրբազանի նախաձեռնած պայքարի ժամանակ նրա եկեղեցական սպասավորությունը կախակայվեց։ Եկեղեցականը իրավունք ունի և պե՛տք է իր կարծիքը հայտնի ազգային հարցերի վերաբերյալ, հասարակության, պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ: Այսինք՝ ես՝ որպես հոգևորական, 2-րդ սորտի մա՞րդ եմ, չե՞մ կարող խոսել երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցածի մասին։ Բայց չէ՞ որ այդ իրավունքն ինձ օրենքո՛վ է վերապահված։
- Եթե մի երկրում արդարություն չկա, այնտեղ կյանքը չի կարող լիարժեք շարունակություն ունենալ։ Վերջին տարիներին մեկ միլիոնից ավելի աբորտ է արվել։ Եկեղեցին չխոսի՞ սրա մասին, ասի՝ քաղաքակա՞ն է։ Եկեղեցին չխոսի՞ արտագաղթի մասին։ Եթե մեկը եկել է իշխանության, ում ապիկարության պատճառով մենք մեր Հայրենիքից անընդհատ կտորներ ենք զիջում, ու չգիտենք՝ վերջը որն է, եկեղեցին չխոսի՞։
- 2018թ․ հեղափոխության սկիզբն էր թավշյա, հետևանքն արյունն էր՝ Արցախյան պատերազմը։ Այս հեղափոխությունն անարյուն չէր։ Մեր երկրի տարածքն օր օրի փոքրացնում է այդ մարդը: Այս տարածքը, որի քարտեզն առած թափահարում է, չի ապահովում մեր կյանքը։
- Սահմանադրության փոփոխություն է նախատեսում (Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով)․ դա քաղաքական գործընթա՞ց է, թե՞ ոչ։ Հիմա եթե Սահմանադրությունից Եկեղեցու բացառիկության մասին դրույթը հանի, ու ես կոչ անեմ ժողովրդին դեմ գնալ դրան, ես կհամարվեմ քաղաքականությանը խառնվո՞ղ։ Իմ կյանքը, իմ եկեղեցու կյանքը, իմ տաճարների պատկանելության կյանքն այդ մարդիկ են որոշում, ու ինձ ասում են՝ լռի՛ր։ Ես պիտի լռե՞մ: Իրենք շատ լավ գիտեն՝ ինչ են անում։
- Երբ դեռ չէին եկել իշխանության, ՔՊ-ի այսօրվա առաջնորդները չէին լքում Բագրատ և Միքայել սրբազանների առաջնորդարանների դռները, պահանջում էին խառնվել քաղաքականությանը։ Բա հիմա ինչո՞ւ չի կարելի։
- Հեղափոխությունից հետո ՔՊ-ականները Բագրատ սրբազանին առաջարկել էին, որ առաջին իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ցուցակով մտնի Պառլամենտ։
- Եկեղեցին չունի ուժային կառույցներ, հենց դրանով էլ հալածվում է ու հալածվել է դարեր շարունակ։ Եկեղեցու ուժը խոսքն է, հոգևորականության ամուր կանգնելն է արժեքների պաշտպանության ակունքներում։
- Եպիսկոպոսներն Ամենայն Հայոց հայրապետի գահի երաշխավորներն են։ Վեհափառին ընտրում է Եկեղեցական բարձրագույն ժողովը, որը Եկեղեցու բարձրագույն մարմինն է։
- Սուրբ գիրքը ժողովրդավարության հանդեպ բացասական վերաբերմունք ունի։ Ժողովրդավարական ճանապարհով՝ այդ պոպուլիզմով, կեղծիքով, մանիպուլյացիաներով են ոսկե հորթ կերտել, Քրիստոսին դատել, այդ ճանապարհով են իշխանության եկել Հիտլերն ու Մուսոլինին՝ ֆաշիստական պարագլուխները։
- Իրենց ուզածը Հայ եկեղեցին է՝ առանց հոգևորականության ուժի։
- Հայ եկեղեցին փորձում են զրկել իր նվիրապետությունից։ Ասում են՝ մի քանի հոգու՝ մի քանի հոգևորականների դեմ է, սակայն այդպես չէ։ Հայ հոգևոր միջին դասն առավել պահանջատեր է։
- Դրսի թեմերից մեկում օրերս քահանան ուղղակի հրաժարվել է կատարել այն մկրտության ծեսը, որում որպես քավոր՝ պիտի հանդես գար ՔՊ-ական հայհոյախոս պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
- Նզովքը պիտի կիրառվի եկեղեցու ներսում։ Արսեն Թորոսյանին դա չի վերաբերելու, նույնն է, որ նզովես բոլշևիկի կամ որևէ արաբի։ Եթե դու եկեղեցու զավակ չես, նզովքը քեզ չի վերաբերելու։ Շատ ավելի ազդու է այդ քահանայի արածը, ով հրաժարվել է անել մկրտության ծեսը՝ պարզապես խնդրելով փոխել քավորին։ Չեն փոխել, հետաձգել են մկրտությունը։ Բայց մարդիկ պետք է հասկանան, որ կարևորը կնքահայրը չէ, կարևորը մկրտությունն է, նրա խորհուրդը։ Եվ քավորի պատճառով մկրտություն չեն հետաձգում։ Ընդ որում, այդ քահանան բացատրել է՝ ինչու չի մկրտում։ Սկզբում փորձել են սիրաշահել քահանային, ապա հայհոյել են, հետո՝ սպառնացել։ Բայց համայնքը քահանայի թիկունքին կանգնած է։
- Այն, ինչ տեղի է ունենում Բագրատ և Միքայել սրբազանների հետ, դասական քրիստոնեական հալածանք է։ Հասարակության զանգվածային շեղման ծրագիրն «ահաբեկչություն» ձևակերպման ներքո իրականացրեցին՝ քչացնելու համար Եկեղեցու պաշտպանների թիվը։ Նպատակն այն էր, որ քչերը համարձակվեն պաշտպանել «ահաբեկչության» մեջ մեղադրվողներին։ Բայց ես շատ լավ եմ ճանաչում քաղաքական դաշտը, պետական ծառայության փորձ ունեմ, կապեր, ու կարող եմ ասել՝ սա այս իշխանությունների խելքի բանը չէր։ Սա արտաքին պատվեր է մեր դեմ: Նույն գործողություններով, նույն տեխնոլոգիաների կիրառմամբ վտանգի տակ են Ուկրաինայի, Մոլդովայի, Սերբիայի եկեղեցիները։ Փառք ու պատիվ Վրաստանի իշխանությանը, որ դեռ կարողանում են պահել իրենց Եկեղեցին, բայց Վրաստանի ձայնը մենք դեռ կլսենք…
- Երբ առաջին մարդը խտրականություն դրեց հայաստանցիների ու արցախցիների միջև, այն ժամանակ էր պետք դրա դեմն առնել, պատժել։ Այսօրվա վիճակը դրա հետևանքն է, խորացավ, մեծացավ ու դարձավ այն, ինչ հիմա կա։
- Իրենց թվում է՝ միայն Սրբազան պայքարի մասնակիցներն ու ընդդիմությունն են իրենց մասին վատը մտածում։ Մեր ժողովրդի մեծ մասն իրականում նրանց մահն է ուզում։ Ատելության անթույլատրելի չափաբաժին կա հասարակության մեջ։ Իր սերը մահաբեր է, քրիստոնեական չէ։ Բերեց մահ, տնավերություն, կորուստներ, և դեռ չգիտեն՝ ինչ է լինելու։ Թող ինքը մեզ չսիրի։ Իր սերը մահ է բերում։
- Իրենց իշխանության գալու առաջին իսկ օրից սկսած՝ 2018-ից, իրենց խոսույթում կան բռնության տարրեր․մեկն ասֆալտին էր ծեփում, մեկն ականջ էր ծամում, մյուսը վիզ էր կտրում… ինչ սպառնալիք ասես՝ հնչեցրել են: Նայեք Նիկոլ Փաշինյանի բառապաշարին։ Եթե հանրային խոսույթի մեջ չեն խորշում նման բառապաշարից, բա ծածուկ, պատերի տակ ի՞նչ են խոսում, կարելի է պատկերացնել։ Ահաբեկիչն իրենք են․ գոնե վերբալ մակարդակի համար իրենք շարունակում են ահաբեկել։
- Տխուր իրադրություն է նկատվում։ Փաստորեն, Արամ Վեհափառը հաշտեցման հնարավորություն չի տեսնում, որ նման հայտարարություն է անում։ Կարևոր է, որ նվիրապետական 4 աթոռները լինեն համերաշխ, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ իշխանությունների հարձակումը Մայր Աթոռի վրա ոչ թե հստակ անձանց է ուղղված, այլ ամբողջին։ Ես աղոթում եմ, որ բոլորն այդ գիտակցումն ունենան, ու համերաշխությունը պահպանվի։ Եթե գահից իջեցնեն Վեհափառին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հեշտւթյամբ կհարվածեն հասարակ քահանային։ Հոգևորականներն այդ առումով մի փոքր ավելի խորատես են։ Որոշները կգայթակղվեն միգուցե, բայց թող հիշեն Խորեն Մուրադբեկյանի սպանության պատմությունը։
- Բազմաթիվ կարգալույծ հոգևորականներ ունենք, որոնք կացինն առել, ընկել են մեր հետևից։ Չենք հրապարակում՝ ինչու են հեռացվել… բայց շատ ծանրակշիռ փաստեր կան:
- Արման Բաբաջանյանը ստում է գերիների հարցով Վեհափառ Հայրապետի հետ իր հանդիպման մասին։ Ասում է, որ Վեհափառը մերժեց աջակցել գերիների վերադարձի հարցում, որ հաջողությունը չվերագրվի այս իշխանությանը։ Քրիստոնեական դաշտի այնպիսի միջազգային կառույց չկա, որին Մայր Աթոռը Բաքվի բանտերում գտնվող գերիների վերադարձի հարցով դիմած չլինի։ Հուգարիայի միջնորդությամբ 2022թ. դեկտեմբերին Հայաստան վերադարձած 5 գերիներն անմիջականորեն հենց Մայր Աթոռի միջնորդությամբ վերադարձածներն են։ Անմիջականորեն Նաթան սրբազանն էր գրագրության մեջ, ու դա այն ժամանակ, երբ դեռ դիվանագիտական հարաբերություններ այդ երկրի հետ չկար։
- Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտեց այն, ինչ տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, բայց այստեղից արդեն նամակներ են գնացել, որ՝ դուք պաշտպանում եք ահաբեկչության մեջ մեղադրվողներին։ Արսեն Թորոսյանն էր նամակ գրել։
- Մենք Մայր Աթոռը հո բարիկադների չե՞նք վերածելու, բայց պայքարելու ենք։ Երբ Սահմանադրությունն արդեն ռելսերից դուրս է գալիս, ու մարդն արդեն օրինական ճանապարհով իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն չի տեսնում, կա՛մ պետք է թողնի, գնա, կա՛մ պետք է պայքարի։ Այս իշխանությունները հրահրում են, որ երկրում տեղի ունենա ներքին հասարակական բախում։ Եկեղեցին չի ուզում գնալ սրան։ Հոգևորականությունն ընդամենը կարող է պատ կազմած՝ պահել Մայր Աթոռը։ Թե դրանից հետո ի՞նչ կկատարվի, ես չեմ կարող ասել։
- Եթե ուզում եք եկեղեցին պաշտպանել, քաղաքական ուժեր, խնդրեմ, եկեք, բայց առանց քաղաքական հաշվարկների։ Եթե ուզում եք քաղաքական ճանապարհով օգնել, խնդրեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։