
«Հայաստանը դարձնելու են պալիգոն, ոտնատակ ենք ընկնելու. սա ուղիղ «միջանցք» է՝ մեծ աղետի սկիզբը». Աշոտ Սևյան

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում անդրադարձավ տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման և Սյունիքով ճանապարհի վերահսկողությունը երրորդ երկրին արտապատվիրակելու մասին հարցերին։
Փաշինյանն, ըստ էության, չհերքեց, որ ամերիկյան կողմից եղել է Սյունիքով անցնող ճանապարհը վարձակալելու վերաբերյալ առաջարկ։
«Մեր բոլոր քննարկումների մեջ շատ հստակ է, որ մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք և կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում: Սա շատ կարևոր է արձանագրել, որովհետև հետագա ցանկացած քննարկում տեղի է ունենալու այս համատեքստում: Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին: Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից գոհ ենք, մյուս մասից՝ դժգոհ:
Հիմա, ինչ որ ես ասացի, ներկայացրի քննարկումների շառավիղը: Մենք անընդհատ խոսում ենք տրանսպորտային կապուղիների՝ Հայաստանի իրավազորության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո գործելու տրամաբանության մասին, բայց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ասել ենք, որ պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, որովհետև այսօր աշխարհում կա նաև երկրների միջև մրցակցություն, որպեսզի հրավիրեն իրենց տարածքով անցնելու բեռները, էներգակիրները և այլն: Սա էլ է պետք հաշվի առնել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մանրամասն չի լսել, սակայն ասում է՝ առանց ասուլիսին հետևելու էլ, արդեն 5 տարի պարզ է, որ ՀՀ ղեկավարը կատարելու է թուրք-ադրբեջանական պահանջը։
«Ինչ ուզում են, թող անունը դնեն, կարող են ասել, թե «Խաղաղության խաչմերուկ» է, այդ մարդը «միջանցք» է տալիս, Հայաստանի կարևոր մի մասը կտրում ու տալիս է թշնամուն, սա ուղիղ «միջանցք» է՝ առանց ավելորդ ինչ-որ բառերի։
Այս «միջանցքի» հետ կապված՝ այսօր բոլորն իրենց հույսը դրել են Իրանի վրա, թե Իրանը թույլ չի տա, բայց Իրանն արդյո՞ք նման մեծ ուժերի հետ կարող է կռվել։ Այս մարդը գնաց ու Էրդողանի մոտ ուղիղ հայտարարեց՝ «պրոբլեմ չկա, պանթուրքիզմ եք սարքում, ձեզ հետ հավասար սարքում եմ», զարմանալու ոչինչ չկա։ Սա մեծ աղետի սկիզբն է։ Հիմա հարց՝ ինչո՞ւ են, այսպես կոչված, վարձակալությունը տալիս Միացյալ Նահանգներին, պարզ է՝ ՆԱՏՕ-ն, Իսրայելը մտնում են Իրանի թիկունքը։
7 տարի է՝ ասում եմ, որ այս մարդը եկել է այս երկիրը վարի տա՝ քիչ չէ, պետություններն էլ՝ հետը»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։
Ազատամարտիկի բնորոշմամբ, թեպետ Ադրբեջանն ու Թուրքիան Նիկոլ Փաշինյանից արդեն ստացել են «միջանցքի» համաձայնություն, բայց միևնույն է՝ նրանք հետ չեն կանգնելու ռազմական սադրանքներ իրականացնելուց, մշտապես կանեն այդ սադրանքները հայկական կողմին վախի մեջ պահելու համար։
Ազատամարտիկի խոսքով՝ ամեն օր Նիկոլ Փաշինյանը խոսում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին, բայց այդ թուղթը երբեք չի ստորագրվելու՝ Ադրբեջանի չի ստորագրի։
««Խաղաղության պայմանագիր»՝ նշանակում է, որ տվյալ երկրի բանակը պետք է հզոր լինի, ժողովուրդը՝ միասնական, այսինքն՝ այդ թղթի կտորով չի լինում խաղաղությունը։ Բազմաթիվ երկրներ, որոնք այդ թուղթը ստորագրել են, չե՞ն պատերազմել հետո, մի մոռացեք, որ մեր առջև Ադրբեջանն է կանգնած։ Ադրբեջանը կստորագրի, իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի, իհարկե, 300.000 ադրբեջանցու վերցնի ու բերի-լցնի Հայաստան։ Լսեք ադրբեջանական կողմին, մարդիկ արդեն պատրաստվել են, ծոռան ծոռով են գալիս Հայաստան։
ՀՀ իշխանությունն իր աթոռը պահելու համար պատրաստ է ամեն ինչ տալու, թեկուզ Հայաստանից մնա Երևանն ու Կոտայքի մարզը, բան չի թողնելու, պետք լինի՝ Կոտայքն էլ կտա։
Տարածաշրջանը եռում է, ի՞նչ «Խաղաղության պայմանագիր», բոլորն իրենց ձեռքերը մեզ վրա տաքացնում են, ուղղակի դառնալու ենք պալիգոն, ոտնատակ են գցելու մեզ»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմինների մեջքի հետևում թաքնված ամեն ինչ անում է, իսկ մարդիկ մտածում են, թե գալու է ժամանակը, և նա պատասխան կտա Սահմանադրությամբ։ Մինչդեռ պետք է հիշել՝ եթե մեհմեդներին բերեց-լցրեց Հայաստան, ոչ մեկը ՀՀ Սահմանադրությանը չի նայելու՝ Սիրիայում տեղի ունեցողը վառ ապացույցն է։
«Վաղը-մյուս օրը գերագույնն ասելու է՝ «չկռվեցիք, ես ո՞նց պահեի, դուք եք մեղավորը», ու ամեն ինչ նորից կավարտվի։ Սա Արցախը Սյունիքի համար հանձնեց, ասաց՝ եթե Արցախը պահեք, Սյունիքը պետք է տանք, բայց Սյունիքն էլ է տալիս։ Վաղն էլ կարող է ասել՝ «Մետաքսի ճանապարհը» պետք է անցնի Վարդենիս-Եղեգնաձորով։ Այսպես շարունակվելու դեպքում 2026 թվականին սա վերընտրվելու է ու իր բոլոր ավերածությունները լեգիտիմացնի։ Սա բանտերը լցնելով՝ իր հարցերը լուծում է, վերջում չի լինելու պետություն, իսկ եթե չկա պետություն՝ չկա պատասխանատվություն»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։