 
                        Անդրեյ Սիբիհան պահպանել է արտգործնախարարի պաշտոնը Ուկրաինայի նոր կառավարությունում
 
                                    Անդրեյ Սիբիհան նոր վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի կառավարությունում կշարունակի աշխատել որպես Ուկրաինայի արտաքին գործերի նախարար։ Գերագույն ռադան համապատասխան որոշում է կայացրել հուլիսի 17-ին՝ նախարարների կաբինետում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին։
Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ Խորհրդարանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում Անդրեյ Սիբիհայի թեկնածությանն աջակցել է 271 ձայնով։
Ըստ ընթացակարգի՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնի թեկնածուներին ներկայացնում է Ուկրաինայի նախագահը, իսկ նախարարների մեծ մասին առաջադրում է վարչապետը։ Հուլիսի 17-ին ավելի վաղ Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել էր վարչապետ՝ 262 կողմ ձայնով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        