
Թուրքիայի առևտրի նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչներին

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Թբիլիսիում՝ վրաց-թուրքական բիզնես ֆորումի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և նշել միջպետական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական։ Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծեր, ինչպես նաև առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։ Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղության և տարածաշրջանային անվտանգության կարևորությանը։
«Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը»,-նշել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ Բոլատի հետ հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Պետության ղեկավարը նշել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը, որը հիմնված է վստահության, փոխադարձ հարգանքի և միմյանց ազգային շահերը հաշվի առնելու վրա»,-ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը գնահատում է Թուրքիայի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական աջակցությունը։