
Գերագույն ռադան հաստատել է վարչապետ Սվիրիդենկոյի նախարարների կաբինետը

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է նորանշանակ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ նախարարների կաբինետի թարմացված կազմը: Քվեարկության արդյունքում մի շարք նախարարություններ ստացել են նոր ղեկավարներ: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Ուկրաինայի նախարարների կաբինետի թարմացված կազմին կողմ է քվեարկել 253 ժողովրդական պատգամավոր: Քվեարկությունը տեղի է ունեցել «փաթեթային» ձևաչափով։
Բոլոր նախարարներին ներկայացնում է վարչապետը՝ բացի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներից, որոնց ներկայացնում է նախագահը, և որոնց համար պատգամավորները քվեարկում են առանձին։
Ներքին գործերի, առողջապահության, ֆինանսների, ենթակառուցվածքի և տարածքային զարգացման, երիտասարդության և սպորտի, կրթության և գիտության, ինչպես նաև վետերանների հարցերով նախարարները պահպանել են պաշտոնները։ Մնացած նախարարություններում նոր ղեկավարներ են նշանակվել։
Որոշ նախարարություններ վերակազմավորվել են։ Պաշտպանության նախարարությունը միավորվել է արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարարության հետ։
Գերագույն ռադան արտգործնախարարի պաշտոնում վերանշանակել է Անդրեյ Սիբիհային։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնի համար առաջարկվել է նախկին վարչապետ Դենիս Շմիհալի թեկնածությունը։ Քվեարկությունը նրա նշանակման շուրջ դեռ չի կայացել։