
Միլիարդները՝ երազում, և Հայաստանի կորսվող ներդրումները՝ արթմնի

Բրյուսելում հուլիսի 14-ին Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Կոշտա հանդիպումից հետո տարածվեց հաղորդագրություն, որում շատ թե քիչ շոշափելի կոնկրետություն պարունակող հազվադեպ դրույթ էր Հայաստանում ԵՄ ներդրումների հնարավոր ծավալի անդրադարձը:
«Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը»,– կարդում ենք հաղորդագրությունում:
Ինչ խոսք, տպավորիչ ցուցանիշ է, թեև՝ ոչ նոր: Դրա մասին դեռևս 2021 թվականին Երևանում բարձրաձայնել էր Եվրոպական խորհրդի նաախագահ Շառլ Միշելը՝ ազդարարելով մոտ 2,5-3 միլիարդ դոլարի օժանդակության հնգամյա ծրագրի մասին: Միշելն այժմ չկա, նրա տեղը զբաղեցրել է Կոշտան: Չկան նաև Միշելի ազդարարած ներդրումները: ԵՄ–ն Հայաստանի հարցում դեռ միայն խոսում է այդ մասին, ընդ որում՝ բավականին թափանցիկ պայմանով՝ Միջին միջանցք:
Փոխարենը, ԵՄ-ն շատ կոնկրետ ներդրումային ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, նաև տարբեր խոշոր ընկերությունների միջոցով: Երբ Շառլ Միշելը Հայաստանում 2021 թվականին բարձրաձայնեց տպավորիչ թվերը, Ադրբեջանը հրապարակավ «նեղացավ» ու նախատեց ԵՄ-ին՝ անհամաչափ մոտեցման համար: ԵՄ-ն Բաքվի «նեղացկոտությունը» փոխհատուցեց շատ կոնկրետ՝ մեկ տարի անց էներգետիկ հնգամյա խոշոր պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ, որը ենթադրում է ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրում Ադրբեջանի նավթագազային ոլորտում:
Ադրբեջանի նավթագազային ոլորտում միլիարդավոր դոլարի ներդրումներ են անում եվրոպական տարբեր ընկերություններ, այդ թվում՝ նույնիսկ ֆրանսիական էներգետիկ հսկան՝ «TotalEnergies»-ը, այն էլ՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հրապարակային լարվածության ֆոնին: Մինչդեռ, չափենք, օրինակ, թե որքա՞ն են կազմում Ֆրանսիայի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ՝ Հայաստանի հանդեպ ընդհուպ նախագահ Մակրոնի մակարդակով ջերմառատ հայտարարությունների ֆոնին:
Ամբողջ հարցն այն է, որ պետությանը կենսունակություն և պաշտպանունակություն են հաղորդում իրական արտաքին ներդրումները, այլ ոչ թե սիրառատ հայտարարությունները: Դրանք միշտ էլ ականջ են շոյում և անկեղծորեն հաճելի են: Բայց պետությունը ոչ թե զգացողությունների, այլ կարողությունների կատեգորիա է: Իսկ կարողությունները ձևավորվում են տնտեսությամբ: Տնտեսությունը ձևավորվում և կենսագործվում է՝ ներդրումներով, արտաքին խոշոր խաղացողների հետ տնտեսական փոխշահավետ կապերով, այլ ոչ թե որևէ օտարերկրյա պաշտոնյայի ջերմ հայտարարության հիման վրա:
Օրինակ, որքան էլ հաճելի է հերթական անգամ լսել ԵՄ 2,5 միլիարդ եվրոյի հեռանկարի մասին, սակայն Հայաստանի տնտեսության համար իրական ռեժիմում բազմակի ավելի կարևոր է, ի վերջո, որևէ գործնական նորություն լսել, օրինակ, Հայաստանի անկախության շրջանում արտաքին ներդրումային ամենախոշոր ծրագրի՝ Ամուլսարի ոսկու հանքի աշխատանքի վերաբերյալ:
Ծրագիր, որը շարունակում է «բարեհաջող» տապալված մնալ, այն դեպքում, երբ կարող էր աշխատել դեռևս գրեթե 8-9 տարի առաջ և լինել Հայաստանի ոչ միայն՝ տնտեսական ամրության, այլ նաև՝ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ՝ լինելով արևմտյան աշխարհի հետ Հայաստանի փոխադարձ շահերի ամուր հանգույցներից մեկը:
Մենք տապալել ենք ռեալ 450-500 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը, որը նաև Հայաստան էր բերելու հանքարդյունաբերության և կորպորատիվ կառավարման, սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ, և շարունակում ենք «ինքնագոհ» վայելել ինչ-որ միլիարդների խոստումները:
Իսկ այդ ընթացքում, ռեալ միլիարդները հոսել ու հոսում են Ադրբեջան, դառնալով տնտեսական ներուժ, վերածվելով ռազմական ուժի, և դրանով շանտաժի ենթարկելով Հայաստանին:
Ավելին, դրանք ստանում են նաև Հայաստանի դեմ գործադրվող, այսպես ասած, «փափուկ ուժի» ձև, վերածվելով կեղծ միջազգային բնապահպանական արշավների և դրանց միջոցով արշավանք սկսելով Հայաստանի տնտեսության թե գործող, թե նաև դեռևս գործելու շանս ունեցող խոշոր տնտեսական, հատկապես՝ հանքարդյունաբերական և էներգետիկ նախագծերի դեմ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ