Բաժիններ՝

Իսրայելը կշարունակի Սիրիայում ապառազմականացման քաղաքականություն վարել․ Նեթանյահու

Իսրայելը կշարունակի Դամասկոսից հարավ գտնվող տարածքում ապառազմականացման իր քաղաքականությունը և թույլ չի տա, որ սիրիական իշխանություններն ու խմբավորումները վնասեն տեղի դրուզներին։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը։

«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն՝ Դամասկոսից հարավ գտնվող տարածքի ապառազմականացում՝ Գոլանի բարձունքներից մինչև Դրուզ լեռները (խմբ․ Սիրիայի հարավում): Սա առաջին բանն է։ Երկրորդ՝ մեր դրուզ եղբայրների պաշտպանությունը»,-ասել է Նեթանյահուն՝ Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ արված տեսաուղերձում։

Իսրայելի վարչապետն իր խոսքում նաև նշել է, որ Սիրիայի ղեկավարությունը բանակն ուղարկել է Դամասկոսից հարավ՝ ապառազմականացված տարածք, և սկսել դրուզների կոտորածը։

«Մենք ոչ մի դեպքում չէինք կարող դա ընդունել։ Հետևաբար, ես հրամայեցի բանակին գործել։ Ռազմաօդային ուժերը հարձակվեցին և՛ մարդասպան խմբավորումների, և՛ զրահատեխնիկայի վրա։ Ես նաև ավելացրեցի Դամասկոսում Պաշտպանության նախարարության վրա հարձակումը»,-ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը ընդգծել է, որ այս ինտենսիվ գործողությունների արդյունքում հաստատվել է հրադադար, և սիրիական զորքերը նահանջել են Դամասկոս։

«Այս հրադադարը ձեռք է բերվել ուժով, ոչ թե աղաչանքով կամ խնդրանքով, ձեռք է բերվել ուժով։ Մենք ուժով խաղաղության, հանգստության և անվտանգության ենք հասնում յոթ ճակատներում։ Մենք կշարունակենք այս քաղաքականությունը և թույլ չենք տա, որ զինվորականները վայրէջք կատարեն Դամասկոսից հարավ, մենք թույլ չենք տա, որ դրուզներին վնաս հասցվի Ջաբալ Դրուզում»,-վստահեցրել է Նեթանյահուն։

Օրեր առաջ Սիրիայի աս-Սուեյդա քաղաքում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումներ էին տեղի ունեցել։ Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ՝ անվտանգությունը պահպանելու և կայունությունը վերականգնելու համար։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։

Այնուհետև հայտնի դարձավ, որ Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ի առավոտյան բախումների սկսվելուց ի վեր զոհվել է 356 մարդ՝ 79 դրուզ զինյալ, 55 քաղաքացիական անձ, կառավարական ուժերի 189 զինվորական և 18 ցեղային զինյալ։ Բացի այդ, Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է կառավարական ուժերի ևս 15 զինվորական։

Ըստ Սիրիայի Պաշտպանության նախարարության՝ սիրիական բանակը հուլիսի 16-ի երեկոյան սկսել է դուրս գալ դրուզներով բնակեցված աս-Սուեյդա քաղաքից՝ բռնություններից տուժած քաղաքում կրակի դադարեցման նոր համաձայնության հայտարարումից մի քանի ժամ անց։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Իրանը, Քուվեյթը, Օմանը և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը և ՄԱԿ-ը դատապարտել են Իսրայելի կողմից սիրիական տարածքների վրա իրականացված հարձակումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս