
Սրանց Եվրամիությունն Էրդողանի կողքին նստե՞լն է, գիրքն էլ դոշին դնելը. ժողովո՛ւրդ, հասկացե՛ք, սա ծրագիր է Հայաստանի դեմ. Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա. քաղաքացի
«Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, Հայաստանում իշխանափոխություն է պետք»,- Marz News-ի հետ զրույցում ասաց Աշտարակի բնակիչ Գուրգեն Հովհաննիսյանը։
«Հարցը դրված է՝ քաղաքական ուղղվածության փոփոխություն։ Այսօրվա իշխանության բերած տերերը, ովքեր Փաշինյանին ու իր խմբին բերել են, հստակ պայման են դրել՝ դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից ու մտնել Արևմուտքի ազդեցության տակ։ Իսկ այս տարածքում Արևմուտքը դա Թուրքիան է։ Եթե մեր ժողովուրդը կարծում է, որ ինքը Թուրքիայի հետ կարող է ապրել, թող օրինակ վերցնի Արևմտյան Հայաստանի վիճակը, թող տեսնի՝ այնտեղ հայեր մնացե՞լ են, թե՞ ոչ։
Էրդողանի հետ հանդիպումից հետո գալիս է այստեղ, ասում է՝ ի՞նչ «Թուրա՜ն-Թուրա՜ն», առևտուր կանենք ու կապրենք. այդ մարդու ուղեղի մեջ միայն առևտուրն է, երկրի տնտեսությունից բացարձակ անտեղյակ մարդ է երկրի ղեկավար կոչվածը։
Ինքը չի հասկանում, որ առևտուրը տնտեսության ոչ կարևորագույն ճյուղերից մեկն է, ճյուղ է, բայց ոչ կարևորագույն։ Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ամեն ինչ բարձիթողի է, ինքը՝ միայն առևտուր, ի՞նչ առևտուր է անելու, եթե ինքը երկրում ոչ մի բան չի արտադրում։ Ի՞նչ է տանելու առևտուր անելու, բերելու է միայն, բա այդ ո՞ւմ հաշվին է բերելու, ի՞նչ միջոցների հաշվին։
Մեր երկիրը 2-3 հարյուր տարի աշխատել, ապրել է Ռուսաստանի հետ, մեր բոլոր կապերը Ռուսաստանի հետ են։ Մենք այսօր ստանում ենք համեմատաբար էժան գազ, հացահատիկ, շինանյութ, տարբեր ապրանքատեսակներ, ո՞ւմ վրա է հույս դրել, որ թեքվում է Արևմուտք։ Իր համար գուցե լավ է, որովհետև ինքն Արևմուտքի դրածոն է, բայց մեր ժողովրդի համար երբեք ու երբեք դա լավ չի լինելու։
Ժողովո՛ւրդ ջան, հասկացեք, Նիկոլ Փաշինյանը ձեզ բոլորիդ խաբում է, խաբում է բառացիորեն, ինչ ասում է՝ սուտ է խոսում։ Ադրբեջանա-թուրքական տանդեմն Արևմուտքի բաղկացուցիչ մասն է, այսօր նրանք առանց Արևմուտքի՝ կոնկրետ գլոբալիստների, անգլոսաքսերի, ոչ մի քայլ չեն անում։ Թուրքիան և Ադրբեջանը ղեկավարվում են անգլոսաքսերի կողմից, որոնք էլ թելադրում են։ Այսօր նայեք Ադրբեջանի ամբողջ ունեցվածքը, եթե ոչ ամբողջական, ապա մեծամասնությունն անգլիացիների սեփականությունն է, իրենք են քաղաքականությունը թելադրում։
Իսկ անգլիացիների քաղաքականությունը հայ ժողովրդի համար ողբերգական է։ Բոլոր պատերազմների ժամանակ՝ ռուս-թուրքական, երբ հայերն անցել են ռուսների կողմը, Արևմտյան Հայաստանի տարածքներն ազատագրվել են, բայց Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան ամեն ինչ արել են, որպեսզի այդ տարածքները նորից հետ վերադարձվեն Թուրքիային։ Պետություններն առաջնորդվում են ոչ թե Նիկոլի նման գեղեցիկ խոսքերով, այլ իրենց շահերով, Անգլիայի, Ֆրանսիայի շահերը թելադրում են, որ այս տարածքում պետք է լինի իրենց շահը, իսկ իրենց շահը նավթն է, «Թուրան» պետության ստեղծումն է, որը հետագայում պետք է կռվի Ռուսաստանի հետ։
«Միջանցքը» ոչ մի պետության չպետք է տրվի, եթե Ռուսաստանի հարցն էր գալիս, որ դեռևս Արցախը կմնար մեզ 4-5 հազար քկմ, բայց Ռուսաստանը կվերահսկեր ոչ թե «միջանցք», այլ ճանապարհ։ Սրան համաձայն չէին, ասում էին՝ մեր սուվերենության հետ կապված հարց է։ Այսօր արդեն դրել «միջանցքի» հարց են Միացյալ Նահանգների հետ լուծում՝ 100 տարով վարձակալությամբ, այստեղ սուվերենությանը չկպա՞ն՝ կպան։ Ի՞նչ է, ամերիկացիներն իրենց ավելի ձե՞ռ է տալիս։ Ամերիկյան քաղաքականությունը ե՞րբ է եղել հայանպաստ, ինձ թող մեկ օրինակ բերեն ու ապացուցեն։ Բայց Ռուսաստանը բազմիցս է եղել մեր կողքին և այսօր էլ մեր կողքին է՝ էժան գազ, էժան հաց, էժան տնտեսություն, սպառման շուկա, բոլորը Ռուսաստանի հետ է։ Պատկերացրեք՝ չկա, ի՞նչ է լինելու այս երկրի հետ։ Ռուսաստանը եղել է հայ ժողովրդի ամենամեծ բարեկամը։
Մեկ օրինակ բերեմ, մնացածը դուք հետո որոշեք՝ 1914 թվական, 200 հազարանոց թուրքական բանակը կանգնած էր Էրզրումում, մտնելու էր Հայաստան, ո՞վ կանգնեց դեմը՝ Ռուսաստանը և հայկական կամավորները։
Մարդիկ ասում են՝ ինչ խոսք է տվել՝ կատարել է, մարդիկ, ովքեր այդպես են մտածում, երևի անտեղյակ են ընդհանրապես, թե երկրում ինչ է կատարվում, ինքը ի՞նչ է խոսք տվել ու ի՞նչ է արել։
Ինքն ասեց՝ Շուշին և Արցախը հայկական է, Արցախը տվեց թշնամուն։ Ասեց, երկրի տնտեսությունը կզարգացնի, գործարաններ կկառուցի, ներդրումներ կանի, բայց ոչ մի բան չարեց։
Ասֆալտն էլ իր հետ կապ չունի, ծրագիր է, որն իրականացվում է, ինքն ընդանրապես ինչ ասել է՝ խաբել է։ Իրեն էլ կարող եմ ասել, նստեմ իր դիմաց ու բառացի ասեմ՝ դու ստախոս մարդ ես, խաբեբա։ Բայց այստեղ հարցը Նիկոլը չէ, այլ նրան բերող ուժերը, որոնք իրեն թելադրում են, թե ինչ քայլեր պետք է անի, թելադրում են քայլերը, ինքը որոշում է՝ ինչ անել, ոնց անել։
Մեր երկրում շատ են աղանդավորները՝ «Եհովայի վկաներ», «Կյանքի խոսք» և մյուսներ, որոնք անմիջապես ղեկավարվում են դրսից։ Մեր երկրում շատ են հասարակական արևմտյան կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են դրսից, մեր երկրում շատ են այն մարդիկ, որոնք աշխատում են, այս կամ այն ձևով սնվում այնտեղից։ Բազմաթիվ միջոցներ են գալիս այլ և այլ «կանալներով», որոնք ֆինանսավորում են տալիս այդ մարդկանց։ Մարդիկ փաստացի փող են աշխատում՝ վաճառելով իրենց հայրենիքը, որը շատ զազրելի արարք է, որը հայ մարդուն բնորոշ չէ, բայց կան նաև այդպիսի մարդիկ։
Կան մարդիկ, որոնք բացարձակ չեն հասկանում, թե ինչ բան է քաղաքականությունը, ինչ բան է՝ պետություն, աշխարհաքաղաքական շահեր, գլոբալիզմ, սիոնիզմ, իմպերիալիզմ։ Ես բազմիցս շփվում եմ, տեսնում, չեն հասկանում։ Կարող է պատահել՝ համացանցում Լևոն Շիրինյանը սուտ խոսի, լսեն ու ասեն՝ Շիրինյանը այսպիսի բան էր ասում։ Ասում եմ՝ եղբա՛յր, գնա պատմության գիրքը վերցրո՛ւ, արխիվային թղթերը վերցրո՛ւ ու կարդա՛, տես ինչ է։ Կամ Հովսեփ Խուրշուդյանը կամ մյուսները, խաբում են մարդկանց, իսկ մարդկանց մի զգալի հատված այսօր այդքան էլ գրագետ չէ, որ կարողանա թացը չորից տարբերել, ճիշտը՝ սխալից։ Ժողովուրդն այսօր տնտեսություն չունի, հասարակ բերքը չի կարողանում իրացնել, քանդված ու քայքայված իրավիճակում է։
Մեր շրջանում՝ Կարբի, Օհանավան գյուղերում խնձոր, ծիրան ու դեղձ են աճեցնում, նաև տարբեր գյուղատնտեսական մթերքներ, որոնց պահանջարկը Ռուսաստանում շատ է։ Նախ, Ռուսաստանում չեն կարողանում պայմանավորվածություններ ձեռք բերել, որ այդ մթերքն անցնի իրացման շուկաներ, երկրորդ՝ իրենք գյուղատնտեսությանը որևէ բանով չեն օգնում։
Կարկուտը, 2 տարի է՝ բերքին խփում է, բարձիթողի վիճակ է, ջերմոցային տնտեսությունները նույնպես պրոբլեմների առաջ են։ Իրենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզում են, բայց նոր շուկաներ ձեռք չեն բերում։ Ուզում եմ հասկանալ, իրենց Արևմուտքը՝ Լոնդոն կամ Փարիզ, հնարավո՞ր է տանել հայկական ծիրան կամ լոլիկ, կամ տանելուց ի՞նչ ինքնարժեք կլինի, կկարողանա՞ն տանել, թե՞ չեն կարողանա։ Ինչո՞ւ են մարդկանց խաբում՝ ասելով՝ Եվրամիություն, հա Եվրամիություն, 60 հազար ստորագրություն էին հավաքել, հասա՞ն Եվրամիություն։ Իրենց Եվրամիությունը Էրդողանի կողքին նստե՞լն է, գիրքն էլ դոշին դնելը։
Բա եթե եկեղեցու դեմ արշավ են սկսել, հայկական պետականության և հայ ժողովրդի հիմնասյուներից մեկի դեմ այս արշավը սկսել են, բա դուք ի՞նչ եք մտածում, ի՞նչ է անում այս մարդը, ոչնչացնում է այն ամենը, ինչը հայկական է։ Դրա համար ասում եմ՝ ինքը պետք է հեռանա, ինքն ասում է՝ օր առաջ կաթողիկոսը պետք է գնա, ո՛չ, օր առաջ ի՛նքը պետք է թողնի ու գնա, մենք մեր երկիրը կկառուցենք, մեր թշնամիներին պատասխան կտանք, մեր բարեկամների հետ էլ հարաբերությունները ճիշտ կկազմակերպենք:
Այն մարդիկ, ովքեր այսօր հակառուսական քաղաքականություն են տանում, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են, չհասկանալ կամ իրեն անհասկացողի տեղ դնել կարող են միայն մեր կառավարական խմբակը՝ իր դեպուտատներով, այդ ուսապարկերով հազիվ կարողանա այդքանը հասկանալ։
Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ մեզ օր առաջ իշխանափոխություն է պետք։ Ես շատ մարդկանց կարող եմ տեսնել՝ որպես երկրի առաջնորդի, 3-ին թվարկեմ՝ Ռոբերտ Քոչարյան, անգամ կարող եմ ասել այն ուժերին, որոնք հայ-ռուսական դաշիքնի կողմնակից են՝ Արամ Գասպարի Սարգսյան, լուրջ մարդիկ են։ Վազգեն Սաֆարյան, Սամվել Կարապետյան, ով հերոսական մարդ է, կնստի էլ, դուրս էլ կգա, իրենք թող մտածեն իրենց մասին։
Սամվել Կարապետյանն իրենից ուժ է ներկայացնում, սրանք վախենում են։ Կողքի հարևանի՝ Վրաստանի տարբերակը տեսեք, Իվանիշվիլիի, իրենք շատ են վախենում։ Իրենք պետք է հասկանան, որ իրենց գնալու ժամանակն արդեն սկսվել է, ինչ ուզում է անեն, հայ ժողովրդի մեծամասնությունը հասկացել է, թե իրենք ովքեր են։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմիցս նման իրավիճակում է հայտնվել ու դուրս է եկել։ Եթե հիշեք 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտը, ամեն ինչ կազմալուծված վիճակում էր, բայց հայկական բանակում գտնվեցին 2-3 գնդեր, հիմնականում արցախյան գնդերն էին՝ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, որոնք ճակատ կազմեցին ու ջախջախեցին թուրքերին։ Այսօր էլ է հնարավոր, պետք է համառ ձևով աշխատել:
Օրինակ, բազմիցս ասել եմ ընդդիմադիր պատգամավորներին, մտե՛ք տները, աշխատե՛ք մարդկանց հետ, շփվե՛ք, մարդիկ չեն իմանում ինչն-ինչոց է, ամբողջովին պրոպագանդայի տակ են։ Հանրային հեռուստաընկերությունը, «Ֆրի նյուզ», «Սիվիկ», մարդկանց գլխին կեղծ ինֆորմացիա են թափում։ Այս վերջերս Նիկոլն ասեց, չէ՞, այնքան սուտ խոսեք, որ մարդկանց ինֆորմացիոն շոկի ենթարկեք»,- իրավիճակը վերլուծեց Աշտարակի բնակիչ Գուրգեն Հովհաննիսյանը։