Բաժիններ՝

Անհետացած արձանի առեղծվածը

Երբ նշանավոր հնագետ ու արևելագետ Նիկողայոս Մառը 1904 թվականին ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ առաջին անգամ ոտք դրեց Անի հեքիաթային քաղաք և սկսեց իր պեղումները, նա գիտեր, որ Անին իր համար բազում գաղտնիքներ է պահել, և հիմա, դարերի լռությունից հետո, դրանք պիտի դուրս ելնեին մոռացության փոշիներից։ Սակայն նույնիսկ փորձառու Մառը ենթադրել չէր կարող, թե իրեն ինչպիսի եզակի գտածո է վիճակված լույս աշխարհ հանել։

1906 թ. Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումների ժամանակ հնագետները հանկարծ բախվեցին մի հսկայական քարաբեկորի։ Շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ դա այլ բան չէր, քան հայ միջնադարյան քանդակագործության բացառիկ նմուշ։ Ասում ենք` բացառիկ, քանի որ դա այդ դարերից մեզ հասած դեռևս միակ ամբողջական բոլորաքանդակն է։

Որքան մեծ էր ներկաների ուրախությունը, երբ պարզվեց, որ իրենց դիմաց Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանն է։ 2.26 մետր բարձրություն ունեցող, վարդագույն տուֆից կերտված աշխատանքն, ամենայն հավանականությամբ, տեղադրված էր եղել եկեղեցու հյուսիսային պատին և այնտեղից վայր էր ընկել Անիի ավերումից հետո։ Ինչպես իրենց աշխատություններում նկարագրել են Մառը, Թորամանյանն ու Հովսեփ Օրբելին, Գագիկ արքան պատկերված էր առաջ պարզված ձեռքերով, որոնց վրա եկեղեցու մանրակերտն է եղել, միայն թե` արդեն փշրված վիճակում (պահպանված է եղել միայն ստորին մասը)։ Առավել հետաքրքրականն այն է, որ քանդակը եղել է ներկված. սպիտակ պարեգոտ, վրայից` կարմիր պատմուճան, իսկ գլխին` շքեղ չալմա։ Մորուքը, բեղերը և հոնքերը ևս ներկված են եղել։ Կրծքին կախված է եղել խաչ։

ardzan-3

Կարդացեք նաև

Մաթևոս Բ Իզմիրյան կաթողիկոսը՝ Գագիկ արքայի արձանի մոտ

Հայտնագործման լուրը շատ արագ տարածվեց։ Թիֆլիսից, Երևանից, Էջմիածնից, Ալեքսանդրապոլից մարդիկ շտապում էին Անի` տեսնելու նորահայտ հրաշքը։ Նրանց թվում քիչ չէին նշանավոր մտավորականներ, քաղաքական ու պետական գործիչներ։ Մարդկային աննախադեպ հոսքի պահանջները բավարարելու համար տեղում կազմակերպվում է թանգարան, որտեղ հավաքվում են պեղումների ընթացքում գտնված բոլոր արժեքավոր իրերը, իսկ կենտրոնական դերը վերապահված է Հայոց արքայի մեծադիր քանդակին։

1909 թվականի հունիսի 25-ին Անի է ժամանում նաև Մաթևոս Բ Իզմիրյան կաթողիկոսը` ուղեկցությամբ նշանավոր բանասեր Մինաս Չերազի։ Նա դիտում է քանդակը, իսկ հետո հայտնի դերասան և լուսանկարիչ Արամ Վրույրը վեհափառին լուսանկարում է Գագիկ արքայի հետ։ Սա ճակատագրական պատեհություն էր, որովհետև այսօր արձանի պահպանված հատուկենտ և առավել հաջողված լուսանկարներից մեկը հենց դա է։ (Ի դեպ, քանի որ առիթ ներկայացավ, նշենք, որ որոշ աղբյուրների պնդմամբ` արձանը գտել է հենց Արամ Վրույրը, թեև դա հաստատված վարկած չէ)։

ardzan-1

Ճարտարապետ Թորոս Թորամանյանը՝ Անիի թանգարանում

Անիի պեղումներն ու ուսումնասիրություններն ընթանում էին մեծ թափով, բայց Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբն ի չիք է դարձնում բոլոր ծրագրերը։ Հետագա տարիներին իրավիճակն առավել քան բարդանում է։ Իսկ 1918 թվականին, երբ լուր է տարածվում, որ թուրքական զորքերը մոտենում են Անիին, կացությունը դառնում է օրհասական։ Ամեն գնով պետք էր փրկել քաղաքի գանձերը, մշակութային անգնահատելի արժեքները։ Եվ այդ օրերին, երբ պատերազմական թոհուբոհի մեջ շատ քչերին էր մտահոգում հնագիտական գտածոների ճակատագիրը, Մառը, Օրբելին և Աշխարհաբեկ Քալանթարն ահազանգ են հնչեցնում` օգնության կանչելով անձնվեր ու սրտացավ մարդկանց։ Բարեբախտաբար, նրանց կոչն անպատասխան չի մնում։
Մի խումբ երիտասարդ հայրենասերներ անմիջապես ուղևորվում են Անի։ Հնագետների հետ կարճ խորհրդակցությունից հետո որոշում է կայացվում` պեղումների արդյունքում հայտնաբերված բոլոր իրերն ու ցուցանմուշներն ամեն գնով տեղափոխել Ախուրյան գետի մյուս ափ։ Հապշտապ կերպով մի ինքնաշեն լաստանավ են պատրաստում և սկսում են գետն անցկացնել այն ամենը, ինչ կարելի էր դուրս բերել Անիից։

ardzan-4

Հնագիտական գտածոների տեղափոխումն Անիում

Հերթը հասնում է Գագիկ արքայի արձանին։ Եվ այստեղ էլ երիտասարդներն անհաղթահարելի դժվարության առաջ են հայտնվում։ Պարզվում է, որ այն բավականին ծանր է և հնարավոր չէ լաստանավով անցկացնել գետի մյուս ափը։ Քանդակը ջրասույզ անելու վտանգը` մի կողմից, մոտեցող թուրքական զորամիավորումները` մյուս կողմից` թույլ չէին տալիս լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։ Արդեն հստակ էր, որ այդ հատվածում երիտասարդների յուրաքանչյուր տեղաշարժ հազիվ թե աննկատ մնար։
Եվ այդ ժամանակ կայացվում է թերևս միակ ու խելամիտ որոշումը. Գագիկ արքայի արձանը թաքցնել որևէ ապահով վայրում` հողի տակ, ու սպասել` մինչև վրա կհասնեն ավելի անվտանգ ժամանակներ։ Այդպես էլ վարվում են (Հ. Օրբելու աշխատության մեջ խմբագրության կողմից տրված է ծանոթություն, ըստ որի` «Գագիկ արքայի արձանը թուրքական զորքերի առաջխաղացման պայմաններում թաղվել է հողի մեջ»)։

Բայց, ցավոք, անվտանգ ու բարենպաստ ժամանակներն այդպես էլ վրա չհասան, և քանդակը մնաց իր անհայտ թաքստոցում։ Ժամանակի հետ կյանքից հեռացան վերջին ականատեսներն ու մարդիկ, որոնք այդ գաղտնիքի կրողներն էին։ Փոխարենը` ծնունդ առավ մի նոր լեգենդ` Գագիկ արքայի արձանի լեգենդը։ Որտե՞ղ է այն, ի՞նչ ճակատագրի է արժանացել։ Այս երկու հարցերը տասնամյակներ շարունակ շոշափվել են, ու յուրաքանչյուր նոր տեղեկություն ավելի է թանձրացրել, առանց այդ էլ` թանձր, առեղծվածի քողը։

ardzan-1

Գագիկ արքայի արձանի կրկնօրինակը՝ վերականգնված նկարիչ Ս. Պոլտորացկու կողմից

Տասնամյակներ առաջ հրապարակվեց մի հոդված, որի հեղինակը պնդում էր, թե արձանի գլուխը 1918 թ. Աշխարհաբեկ Քալանթարը փոխադրել է Սանահինի վանք (Աճեմյան Հ., Անի քաղաքը ներկայիս, «Հանդէս ամսօրեայ», 1924, հունուար-փետրվար, էջ 49-50)։ Բայց առայսօր դրա որևէ ապացույց չկա։ Փոխարենը` բավականին շրջանառվող վարկած էր դարձել այն տեսակետը, թե հնագետները վերջին պահին քանդակը թաքցրել են Անիի քարանձավներում։

Նկատենք, որ բացի արտաքին Անիից, իսկապես եղել է նաև, այսպես կոչված, «ընդգետնյա Անի»։

Դրա մասին զանազան լեգենդներ ու ավանդույթներ կան։ Այդ ստորերկրյա անցքերն ու քարանձավները ժամանակին ժողովուրդն անվանել էր «Գեդան գեյմազ», ինչը բառացի նշանակում է` «գնացողն այլևս ետ չի գա»։

Պատմությունն ասում է, որ 1901 թվականի հուլիսի 29-ին Անի են մեկնել մի խումբ երկաթուղային ինժեներներ` Ալեքսանդրապոլի տեղամասի պետի տեղակալ Իվան Պանովի ղեկավարությամբ։ Եվ ահա այս մարդիկ որոշում են ճշտել, թե որքանով են իրական քարանձավների մասին խոսակցություները։ Իրենց հետ ունենալով հատուկ պարագաներ և ացետիլենային լապտերներ` նրանք մուտք են գործել ստորանցքերը, մեծ դժվարությամբ հաղթահարել են շուրջ 960 մետր տարածություն և դուրս են եկել վերջին մեծ սրահը, որը դարձյալ ճյուղավորումներ ուներ։ Չէր բացառվում, որ փորձառու հնագետները, ովքեր գիտեին քարանձավների գոյության մասին, հենց դա ընտրեին` որպես ամենահուսալի թաքստոց։ Սակայն սա ընդամենը ենթադրություն է։

Սպասումների և որոնումների այս երկարատև ընթացքը մեկ անգամ էլ ընդհատվեց 1994 թվականին, երբ վրացի հնագետ Գ. Քավթարաձեն հայտարարեց, թե Գագիկ արքայի արձանի մի բեկորը հայտնաբերել է Էրզրումի թանգարանում։ Ըստ այդ տեղեկության` պահպանված կտորը ներկայացնում էր քանդակի իրանի կենտրոնական և ձախ կողմը` նախաբազկի, հագուստի թևքի, ուսի ու մորուքի հատվածով, ու թանգարանում ցուցադրվում է առանց բացատրագրի։ Բայց սա դեռ չի կարող դիտվել ասվածի լիարժեք ապացույց, և չկա դրա ծագման հավաստիությունն ապացուցող որևէ արժեքավոր փաստարկ։

ardzan-2

Արձանի թևի մի բեկորը՝ Էրզրումի թանգարանում

Թվում է, թե պետք է ի վերջո խաղաղվել ու հաշտվել արձանի կորստյան մտքի հետ։ Բայց, բարեբախտաբար, դա այդպես չէ։ Կան հավաստի տեղեկություններ այն մասին, որ այսօր հայ հնագետներին հայտնի է արձանի գտնվելու ճշգրիտ վայրը։ Այն քարտեզագրված է, ու, ինչպես վկայում են տարեց մասնագետները, այդ ինֆորմացիան սերնդեսերունդ փոխանցվում է։ Միայն թե դա հրապարակման ենթակա չէ` հասկանալի պատճառներով։ Ասում են` գաղտնիքը կբացահայտվի միայն այն դեպքում, երբ հնարավոր կդառնա Անիում պեղումներ կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո` Հայաստանի մասնակցությամբ ու պայմանով, որ արձանը տեղափոխվելու է մեր երկիր։ Մենք էլ, նրանց հետ, հուսանք ու սպասենք։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս