Իրենք ցայտնոտային վիճակում են, և, թերևս, ձեռքները փրփուրներին են գցում՝ ռեյտինգային փոքրիկ տեղաշարժ ունենալու համար․ Հոգեբան
Այսօր համացանցում քննարկումների առիթ է դարձել Աննա Հակոբյանի՝ «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է. ես լքում եմ կառավարական առանձնատունը» թեմատիկայով տեսաուղերձը։
Աննա Հակոբյանն այս տեսանյութում խոսել է վարձակալված բնակարանում ապրելու, Կառավարական առանձնատնից բացառապես անձնական հագուստով ու հիգիենայի պարագաներով դուրս գալու, նախորդ հինգ տարիներին հագնվելու խնդիրը դժվարությամբ լուծելու և այլ դրվագների մասին։
Նա վստահեցրել է, որ սերը գործողություն է, և, որ մոտ ութ տարիների ընթացքում իր գործողությունների հիմքում միայն եղել է սերը և հոգատարությունը հանրության և պետության հանդեպ։
Աննա Հակոբյանի այս հայտարարությունը տարբեր շրջանակներ որակեցին քաղաքական ու հոգեբանական հնարք, ռեբրենդինգի փորձ, ճգնաժամային փիառ տեխնոլոգիա։
168․am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը ևս նշում է՝ պատահական չի համարում ներընտանեկան հարցի՝ այսկերպ մատուցումը, չի բացառում նաև Նիկոլ Փաշինյանից՝ «միայնակ ու տառապյալ առաջնորդի» կերպար ստեղծելու, հանրության մոտ «կարեկցանք» առաջ բերելու մոտիվը։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ իրենք ցայտնոտային վիճակում են, և, թերևս, ձեռքները փրփուրներին են գցում՝ ռեյտինգային փոքրիկ տեղաշարժ ունենալու համար»,- նշեց հոգեբանը։
Կարինե Նալչաջյանն ուշադրություն հրավիրեց Աննա Հակոբյանի՝ «մեղմ» կերպարով ներկայանալու վրա՝ հիշեցնելով, թե ինչ էր անում նույն տիկինը, երբ, օրինակ, Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական ու ողբերգական օրեր էինք ապրում։
«Ընդամենը պետք է հետ գնալ, տեսնել այդ ամուսինների արածները․ չպետք է ընկնել հերթական ծուղակը»,- հավելեց նա։
Մեկ այլ մոտիվ էլ համարում է Աննա Հակոբյանի՝ այլ կերպարով ներկայանալու, սեփական ծրագրով հանդես գալու, քաղաքական հայտ ներկայացնելու հեռանկարը։
«Օրինակ, մի որոշ ժամանակ անց կարող է ասել, որ, օրինակ, Նիկոլն էր ինձ խանգարում հանուն երկրի իմ գաղափարներն իրականացնելու համար»,- նկատեց Կարինե Նալչաջյանը։
Ամեն դեպքում նա դիտարկեց նաև այս ընտանիքի՝ Հայաստանից հեռանալու պրոլոգը․ «իրենց փախուստն են ուզում կազմակերպել արդեն, որովհետև իրենք գիտեն, թե ինչ մեղքեր ունեն շալակած»։



