Մադուրոն ԱՄՆ դատարանից պահանջել է փակել իր դեմ գործը

Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ն հատուկ գործողության ընթացքում ձերբակալել և տեղափոխել է Միացյալ Նահանգներ, ԱՄՆ դատարանից խնդրել է դադարեցնել իր դեմ հարուցված քրեական հետապնդումը՝ հայտարարելով թույլ տրված խախտումների մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

«Նախագահ Մադուրոն հարգանքով խնդրում է այս դատարանին մերժել իր դեմ մեղադրական եզրակացությունը», – ասվում է հայցադիմումում։

Իր միջնորդագրում Վենեսուելայի նախագահը հայտարարել է ԱՄՆ իշխանությունների կողմից իր սահմանադրական իրավունքների խախտման մասին։ Մադուրոյի պաշտպանությունը նաև պնդում է, որ քրեական հետապնդման ընթացքում նրա իրավունքները խախտվել են։

Հայցադիմումում կա պահանջ, որ Մադուրոյին ապահովվի արդար դատավարություն ԱՄՆ-ում, քանի որ Կարակասին ներկայում թույլ չեն տալիս վճարել դատարանում նրա պաշտպանության համար։

«ԱՄՆ կառավարության վարքագիծը ոչ միայն խաթարում է Մադուրոյի իրավունքները, այլև դատարանի պարտավորությունն՝ անցկացնել արդար դատավարություն», – ընդգծվում է փաստաթղթում։

Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հատուկ գործողություն էին անցկացրել՝ զանգվածային հարվածներ հասցնելով Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին, այնուհետև գերի վերցնելով նախագահ Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Նրանք նավով դուրս էին բերվել երկրից և տեղափոխվել ԱՄՆ։ Այժմ նրանք պահվում են Բրուքլինի կալանավայրում։

Ըստ Վենեսուելայի պաշտպանության նախարարության՝ հարձակման հետևանքով զոհվել է 83 մարդ, ավելի քան 112-ը՝ վիրավորվել։

Նյու Յորքի դատարանն արդեն անցկացրել է Մադուրոյի գործով իր առաջին լսումը։ Նրան սպառնում է մինչև չորս ցմահ ազատազրկում՝ «թմրաահաբեկչության, կոկաինի մաքսանենգության, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեմ օգտագործելու համար գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման հետ կապված դավադրության» մեղադրանքներով։ Քաղաքական գործիչը չի ընդունել իր մեղքը։ Հաջորդ լսումը նշանակված է մարտի 17-ին։

Տեսանյութեր

Լրահոս