«Քաղաքական ռեբրենդինգ» կամ «Ճգնաժամային PR տեխնոլոգիա». Վարդան Բալյան

Վարդան Բալյանը գրում է. ««Քաղաքական ռեբրենդինգ» կամ «Ճգնաժամային PR տեխնոլոգիա»։ Քաղաքականության մեջ անձնական կյանքի վերաբերյալ նմանատիպ հայտարարությունը ընտրական փուլում ուղղակի պատահականություն չի կարող լինել: Ի՞նչ են անում.

​1. Բացասական էներգիայի «Լիցքաթափում», ինչը տեսանելի է զույգի ֆեյսբուքյան էջերում մեկնաբանությունների տոնայնությունից և բառամթերքից:

​2. «Զոհաբերության» և «Միայնակ, տառապյալ առաջնորդի» կերպար: Այս ութ տարիներին զույգն իր ողջ ժամանակն ու էներգիան տալիս էին պետությանը՝ զոհաբերելով անձնական երջանկությունը։ Սա, հատկապես, էմոցիոնալ ընտրողների մոտ առավելապես կարեկցանք է առաջացնելու։

​3. Ուշադրության շեղում: Անկասկած է, որ ընտրական քարոզարշավային փուլում կառավարող թիմի գործողությունների գնատականներն ու հանրային արձագանքը փոխվում է, այդ տեսանելի էր, օրինակ, թոշակների բարձրացման որոշման հետ կապված: Իշխանական զույգի «Ցավալի բաժանման» ցնցող նորությունը հիանալի միջոց է հանրային քննարկումների վեկտորը փոխելու համար։ Սա, ի դեպ, բավականին երկար կտևի, կարծում եմ, թերևս ամբողջ ընտրական փուլում:

​4. Կերպարների «Մաքրում»: ​Աննա Հակոբյանը ամենայն հավանականությամբ կշարունակի իր ակտիվ հանրային գործունեությունը, բայց հիմա քննադատների համար դժվար կլինի այդ ներկայացնել զուտ որպես «առաջին տիկնոջ» ինստիտուտի չարաշահում։ ​Փաշինյանն իր հերթին ստանում է հնարավորություն՝ ազատվելու «ընտանապետության/նեպոտիզմի» մեջ ուղղվող մեղադրանքների մի մասից։

Զույգի ընտանեկան կյանքը քննարկելու կամ մեկնաբանելու նպատակ կամ ցանկություն չունեմ, բայց եթե անգամ սա ուղղակի անհատական հարաբերությունների դաշտում կայացված որոշում լիներ, ուղղակի չէր կարող ընդունվել ընտրական տեխնոլոգիայի դաշտից դուրս, բացառված է: Սա մաքուր նախընտրական տեխնոլոգիա է, որն, ի դեպ, իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում: Ամեն դեպքում այս ընտրական տեխնոլոգիան կարող է բավականին արդյունավետ աշխատել որպես «զրոյացման» գործիք։

Շատ բան կախված է ընդդիմադիր ուժերի վարքագծից, որոնց խորհուրդ կտամ ուղղակի չմտնել թեմայի քննարկումների մեջ, մեկնաբանել սա որպես բեմադրություն, որպես նիկոլի նավի խորտակման նախանշան կամ որևէ այլ տրամաբանության մեջ: Ցանկացած այլ վարքագծի պարագայում իշխանական ընտրական տեխնոլոգների թիմը առավելագույն օգուտն է քաղելու»:

Տեսանյութեր

Լրահոս