Ինքնությունը փոխել հնարավոր չէ․ այն կարելի է բացահայտել, զարգացնել, բայց փոխել չի լինի. հնարավոր չէ խուսափել Արարատից… Հայկ Պետրոսյան

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը դիվանագետ, դերասան, երգիչ, երգերի հեղինակ, բեմադրիչ Հայկ Պետրոսյանն է։  

Հայկ Պետրոսյանը տասնյակ ձևաչափերով տարբեր հարթակներում անդրադարձել է Կոմիտասյան ժառանգությանը․ մեր զրույցն էլ «ԵրԳխոսություն Կոմիտասի մասին» միջոցառումների շարքի հերթական հանդիպմանը նախորդեց։

 – Մեր զրույցը սկսենք հանդիպման առիթից՝ «ԵրԳխոսություն Կոմիտասի մասին» հանդիպումների շարքից  Ի՞նչ անել, որ Կոմիտասի մասին «երԳխոսություններից» հետո հանրության ավելի լայն շերտեր սկսենք երկխոսել Կոմիտասի հետ։

– Այստեղ երգը և խոսքը միաձուլված պատմում են Կոմիտասի կյանքի, նրա գործի մասին, և այդ ամենն ուղղորդվում է երգերով, հատվածներ կան, որ ինտերակտիվ են՝ միասին ենք երգում։

Կարդացեք նաև

Ի՞նչ անել… պետք է շատ երգել, շատ պատմել, տարածել, այնպես անել, որ մարդիկ ճանաչեն այդ աշխարհը։ Ամենակարևորը՝ պետք չէ ստիպել․ մեր մշակույթն իր մեջ նման պարտադրանք չունի, այն արարող է, լուսավոր, արևոտ, և, ինքնըստինքյան, այդ ընթացքը ստացվում է։

– Քանի որ առաջին հանդիպումը չէ, ի՞նչ տպավորություն ունեք՝ հատկապես պատանիներն ու երիտասարդներն ինչպե՞ս են ընկալում Կոմիտասին։

– Շատ մեծ սիրով․ երեխաների, պատանիների, ուսանողների հետ այս վերջին երկու տարին ինչքան հանդիպում ունեցել եմ, միշտ շատ զվարթ, ուրախ, վառ տպավորություններով ենք բաժանվել։ Այսօր էլ դպրոցականներ են գալու մեծ մասամբ․ իրենց հետ ինչ-որ հարցերում շատ ավելի հեշտ ու թեթև է, քան ավելի հասուն հանդիսատեսի հետ․ դու էլ ես քեզ կարողանում թույլ տալ մի քիչ, այսպես ասենք, մանկանալ, և երեխան քո մեջ արթնանում է։

Ինչ-որ հարցերում էլ՝ ավելի բարդ է, որովհետև պատասխանատվության ինչ-որ մի յուրահատուկ տեսակ կա, որ այստեղ ավելի բարձր մակարդակի վրա է։

– Կոմիտասին դառնալն ինչ-որ առումով մշակութային դիմադրությո՞ւն է աղմկոտ աշխարհում։

– Միայն դա չէ, բայց այդ տարրն էլ կա։

– Էլ ո՞ր տարրերը։

– Այս երգերի մեջ ամփոփված է հայ ժողովրդի ինքնությունը, նրա ավանդույթները, ծեսերը, մտածելակերպը, ընտանեկան փիլիսոփայությունը, մի խոսքով․․․ աշխատանք, ամեն ինչ կա, և ձայնը, երգը, պատահական բան չէ, իր մեջ կա շատ կոնկրետ էներգետիկ դաշտ։ Եվ ինչպես հեռախոսն ենք գիշերը միացնում լիցքավորելու, ինչպես մենք ենք պառկում-քնում, մարմինը հանգստացնում, լիցքավորում, այնպես էլ մեր ներաշխարհը՝ այդ երգերից։

Եվ, այո՛, այդտեղից ինչ-որ ուժ կարող ես վերցնել՝ նաև՛այս աղմկոտ խելագար, շիզոֆրենիայի հասնող աշխարհում ապրելու, դիմադրելու, խելքը չկորցնելու համար, որովհետև մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ չգիտենք՝ աշխարհի առաջնորդները քնեն-զարթնեն, ինչ նոր փորձանք կբերեն մարդկության գլխին, և դա ոնց որ բոլոր ժողովուրդներին է երևի վերաբերում։

Բայց կոմիտասյան աշխարհում կա մի կենսունակության, զվարթության, ուրախության ուժ, էներգիա, որը հենց Կոմիտասն ուներ․ ինքը հենց այդպիսին էր՝ շատ կենսուրախ, շատ կենսունակ, շատ ապրող, արարող մարդ էր։

Շատ կարևոր է պահել ինքնաճանաչողությունը։ Մենք անընդհատ մեզ բացահայտելու ճանապարհ ունենք, թե՛ մենք՝ իբրև անհատ, թե՛ որպես հայություն, որպես ժողովուրդ, որպես ազգ։

Կոմիտաս վարդապետն ասում էր, որ, օրինակ, քաղաքական ճառը՝  նույնիսկ շատ խրոխտ ու լավ ճառը, մինչև մարսում ես, ժամանակ է գնում․ պիտի մտածես, վերլուծես, ամփոփես, գուցե օրեր, ժամեր, իսկ երգը, այդ նույն ճանապարհը՝ դեպի մարդու սիրտը, միտքը շատ ավելի արագ է անցնում։

– Մեր ինքնության մասին խոսեցիք․․․ այսօր իշխանություններն անընդհատ խոսում են մեր ինքնությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Ասում են՝ ինչ-որ բաներ պիտի փոխենք, որ կարողանանք տեղավորվել «իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ, Դուք՝ որպես արվեստագետ, ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին։

– Թերահավատորեն։ Այստեղ ենթադրում եմ՝ միտքը երևի ոչ թե ինքնության փոփոխության մասին է, այլ որոշ իրողությունների հանդեպ մեր վերաբերմունքը փոխելու։ Այդ վերաբերմունք փոխելն էլ գալիս է նրանից, որ ուժերը չեն հերիքում։

Իսկ ինքնությունը փոխել հնարավոր չէ․ կարծում եմ՝ ինքնությունը կարելի է բացահայտել, գտնել, զարգացնել, բայց փոխել չի լինի։

– Իսկ Արարատը չնկատել հնարավո՞ր է։

– Արարատը չնկատել․․․ ամեն մարդ իր պատասխանը կասի, բայց եթե հայկական ինքնության կոնտեքստից նայենք, հնարավոր չէ խուսափել Արարատից, որովհետև ընդհանրապես հայ ժողովուրդը՝ որպես առանձին էթնիկ խումբ, ձևավորվել է Արարատ, Արագած, Արա լեռ կոնտեքստում, այս տարածաշրջանում։ Այդ լեռը, բացի նրանից, որ բիբլիական է, իր մեջ նաև շատ սրբություն, վեհություն ունի։ Նայում ես, ուժ է գալիս։ Այնպես որ, զգացմունքային, ինքնության տեսանկյունից չենք կարող անտարբեր մնալ Արարատի հանդեպ։

Ինչ վերաբերում է քաղաքական իրողություններին, հիմա ուզենք-չուզենք՝ պիտի հասկանանք, որ իսկապես, լեռը Հայաստանի սահմաններից դուրս է գտնվում, այլ հարց է՝ ի՞նչ երազանքներ, ի՞նչ նպատակներ կան դրա հետ կապված, և մի ուրիշ՝ ավելի կարևոր հարց՝ ինչքանո՞վ ենք մենք պատրաստ այդ նպատակներին։

Ընդհանրապես, կարծում եմ՝ մշակույթն առաջին հարթակն է, որտեղ մենք պետք է ամրապնդվենք, եթե ուզում ենք ինչ-որ մեծ երազանքների հասնենք, որովհետև այդ երազանքների ճանապարհը, ինչպես ասում են՝ լի է փշերով և տատասկներով, դժվարություններով։

Հրաշալի կլինի, որ մենք կարողանանք նախ գնահատել այն, ինչ ունենք, ճանաչել այն, ինչ ունենք։

– Կոմիտասն անցնում է Պատարագով, Կոմիտասը՝ Արցախյան հորովելն է, Կոմիտասը՝ Սփյուռքում, Կոմիտասը՝ Հայաստանում ի՞նչ անել, որ այս անջատ թևերն ինչ-որ ժամանակ նորից դառնան իրական միասնություն։

– Մշակույթն այդ ամեն ինչի մի մասն է, և առանց մշակույթի չի ստացվի, սակայն, կարծում եմ, պետք է կարողանալ գեներացնել ազգային գաղափարախոսություն, որն ինչ-որ չափով պիտի կրեն բոլորը։ Սա արդեն ոնց որ ավելի ուրիշ հարթակի խոսակցություն է․ պետք է դրույթներ մշակել, որովհետև էդ գաղափարախոսությունը պետք է դրսևորվի հա՛մ մշակույթում, հա՛մ տնտեսության մեջ, հա՛մ ռազմավարության մեջ, հա՛մ սոցիալական կյանքում, հա՛մ ընտանիքներում։ Պայմանական՝ այդ գաղափարախոսությունը կարող է լինել նահապետականությունը։ Չէ՞ որ մեր ժողովուրդը սերում է Հայկ Նահապետի կոնցեպտի սկզբունքից։

Սա ուրիշ խոսակցություն է, բայց միտքը, որ պետք է լինի մի գաղափարախոսություն, որը, այսպես ասենք, ձեռք կտա մեծամասնությանը՝ թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով։ Առաջավոր մտքի տեր մարդիկ պետք է կարողանան գեներացնել այս գաղափարախոսությունը, համարձակներն էլ պետք է կյանքի կոչեն և անեն այնպես, որ առնետները չօգտվեն վերջում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս