Իրանի զինված ուժերից ԱՄՆ-ին նախազգուշացրել են զերծ մնալ ռազմական գործողություններից

Ժնևում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններից հետո Իրանի զինված ուժերը զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ ռազմական գործողություններից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ցանկացած անխոհեմ քայլ կբորբոքի կրակ, որը կընդգրկի ամբողջ տարածաշրջանը», – ասել է Իրանի զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին՝ զգուշացնելով «պատմական» պատասխանի մասին։

Շեքարչին, որի խոսքերը մեջբերել է Իրանի պետական ​​հեռարձակող ընկերությունը, արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։ Բանակցություններից առաջ Թրամփը կոչ էր արել Թեհրանին համաձայնության գալ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վատ կլինի։

Իրանի բարձրաստիճան զինվորականը նաև ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը հետևում են ԱՄՆ ռազմական տեղաշարժերին, և որ ցանկացած բախման դեպքում «տարածաշրջանում ԱՄՆ բոլոր աղբյուրներն ու շահերը կլինեն իրանական ուժերի հասանելիության սահմաններում»։

Փետրվարի 26-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երրորդ փուլը: Բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կողմերը կարող են նոր հանդիպում անցկացնել մեկ շաբաթվա ընթացքում:

Նա հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները տեխնիկական խորհրդակցություններ կսկսեն մարտի 2-ից, Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում:

Արաղչին նաև հայտարարել է, որ փետրվարի 26-ի հանդիպումը մինչ օրս ամենաինտենսիվն էր, և բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

Տեսանյութեր

Լրահոս