Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում փետրվարի 26-ին կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգության երաշխիքները և տնտեսական հարցեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

«Հաջորդ փուլը նախապատրաստվում է։ Մենք աշխատում ենք, որպեսզի վերջնական տեսքի բերենք անվտանգության պարամետրերը, տնտեսական լուծումները և համաձայնեցված դիրքորոշումները, որոնք պետք է հիմք հանդիսանան հետագա համաձայնությունների համար։ Խնդիրն է այնպես անել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ հաջորդ եռակողմ հանդիպումը լինի հնարավորինս բովանդակալից։ Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական բլոկին և Ուկրաինային աջակցության երկարաժամկետ մեխանիզմներին», – գրել է Ումերովը Telegram-ում։

Նա հավելել է, որ կառավարության տնտեսական թիմի և ամերիկացի գործընկերների հետ միասին հանգամանորեն մշակվել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ փաստաթուղթ։ Թիմերը կշարունակեն ավելի մանրամասն աշխատել փաստաթղթի վրա, մասնավորապես՝ կապված ապագա վերակառուցման և ներդրումային ծրագրի հետ։

Ռուստեմ Ումերովը նաև հայտնել է, որ Ժնևում ուկրաինական պատվիրակությունը նախ առանձին հանդիպել է ամերիկյան կողմի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում անցկացրել ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնակցությամբ։

Այս հանդիպումներից հետո ուկրաինական պատվիրակությունն ամերիկյան կողմի ներկայացուցիչների՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ համատեղ զրույցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հանդիպման արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ։

Առաջիկա օրերին սպասվում է եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս