ԵՄ-ում կան գործիչներ, որոնք կարծում են, թե այս երկրի «պղծությունն» իբր եվրոպամետ է. Պարույր Հայրիկյան

Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ ԵՄ-ն նմանատիպ, մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ԵՄ-ն իր ամբողջության մեջ չի ունեցել նման նախադեպ, որպեսզի միջամտի ընտրություններին՝ որևէ մեկի կողմից։

«Իհարկե, ԵՄ-ում կան գործիչներ, որոնք կարծում են, թե այս երկրի «պղծությունն» իբր եվրոպամետ է, եվրոպական արժեքային համակարգի հետևորդ և այլն։ Միայն իմ՝ Սահմանադրության նախագծի գործով սրա ամեն ինչը բացահայտվում է, այնպես որ, սա լավագույն դեպքում պատրանք է։

Կարդացեք նաև

Ինքս որևէ վախ չունեմ, որ ԵՄ-ից ժամանած դիտորդները կարող են իրենց թույլ տալ միջամտություն՝ ուղղակի իմաստով հօգուտ Նիկոլի։ Իրենք հենց իրենց ներսից տեղնուտեղն արձագանք կստանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ մինչև հունիսի խորհրդարանական ընտրություններ դեռ 4 ամիս կա, հետևաբար՝ իր ներկայացրած առաջարկը կարող է շատ բաներ փոխել, եթե ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչները մի քիչ մարդ լինեն։

«ԵՄ-ից Հայաստան եկող «արագ արձագանքման խումբը» Նիկոլ Փաշինյանի առջև պետք է այլ հարց բարձրացնի՝ ինչո՞ւ է 7 տարի պարտակել ժողովրդավարության նախագիծը։ Այս ուղղությամբ մենք արդեն քայլեր ձեռնարկել ենք, կարծում եմ՝ առաջիկայում դրա ձայնն էլ կլսեն»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ «Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի»  վերաբերյալ, ԱԻՄ առաջնորդն ասաց՝ Ռուսաստանը նոր ոչինչ չի անում, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին նրա արշավը կանխող լուրջ քայլ արվեց Հայաստանում, հետևաբար՝ ասել, որ ՌԴ-ն նոր բան է անում՝ ոչ։

«ԵՄ -ն պետությունների համագործակցության դաշինք է, ինչը հնարավորություն է տալիս չվախենալ որևէ պետության շահերից։

Ուրախ կլինեի, եթե Հայաստան ներթափանցեր եվրոպական արժեհամակարգը, խոսքս կատարյալ ժողովրդավարության մասին է»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս