Բաժիններ՝

ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում ավելի մեծ առաջընթաց է գրանցվել․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մինչ օրս ամենաինտենսիվն էր, քննարկումներում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Արաղչին նշել է X հարթակում գրառման մեջ։

«Միացյալ Նահանգների հետ մեր դիվանագիտական շփումներում հետագա առաջընթաց է գրանցվել։ Բանակցությունների այս փուլը մինչ այժմ ամենաինտենսիվն էր։ Այն ավարտվեց փոխադարձ համաձայնությամբ, որ մենք կշարունակենք ավելի մանրամասնորեն ներգրավվել ցանկացած համաձայնագրի համար կարևորագույն հարցերի շուրջ, ներառյալ պատժամիջոցների վերացումը և միջուկային ծրագրին վերաբերող քայլերը», – նշված է գրառման մեջ։

Արաղչին հավելել է, որ քաղաքական ուղուն զուգահեռ տեխնիկական թիմերն առաջիկա օրերին կհանդիպեն Վիեննայում։ Նրա խոսքով՝ այդ թիմերի առաքելությունը նույնքան կարևոր է, որքան քաղաքական թիմի խնդիրը։

Արաղչին նաև շնորհակալություն է հայտնել Օմանին՝ միջնորդության, ինչպես նաև Շվեյցարիային՝ բանակցությունները հյուրընկալելու համար։

ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 26-ին։ Ավելի վաղ կողմերը մեկ հանդիպում անցկացրել էին Օմանում, ևս մեկը՝ կրկին Ժնևում։

Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս