Հայաստանում տեղի է ունենում օրեցօր խորացող բևեռացում. նույնիսկ 2 տոկոս գնաճը մարդկանց համար ցավալի է. Բաբկեն Պիպոյան

Հայաստանի սպառողական շուկայում գրեթե բոլոր ապրանքները թանկացել են, մինչդեռ աշխատավարձերը նույնն են մնացել։ Միայն օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե թոշակառուների թոշակը 10 հազար դրամով ապրիլի 1-ից կբարձրացվի։

Արդյո՞ք սպառողական շուկայում տիրող իրավիճակի պարագայում ՀՀ քաղաքացիներին իրենց աշխատավարձը կամ թոշակը հերիքում է օրվա մինիմալ պահանջները բավարարելու համար։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում այս առումով իրավիճակը տարբեր է, օրինակ, կան երկրներ, որտեղ գնաճին զուգահեռ՝ նվազագույն աշխատավարձը, թոշակներն ինդեքսավորում են։

«Հայաստանում տեղի է ունենում օրեցօր խորացող բևեռացում, այսինքն՝ միջին խավի մի մասը դառնում է ավելի լավ ապրող, մյուս մասը՝ ավելի աղքատ։

Կարդացեք նաև

Խոսք կա՝ կուշտն ի՞նչ գիտի, թե սովածն ինչ է, հիմա, երբ մարդիկ իրենց միջավայրը, բարեկեցությունն ապահովել են, արդեն իրենց միջավայրից դուրս ինչպիսին կլինի բարեկեցությունը՝ չեն քննարկում։

Այստեղ չպետք է մոռանանք երկրի ղեկավարի մակարդակով ասված՝ «աղքատությունը մեր գլխում է» խոսքը, որին զուգահեռ՝ կա սուտ և կա վիճակագրություն, իսկ վիճակագրությամբ ինչ ցանկանաս, կարող ես շատ գեղեցիկ նկարես»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։

Ըստ Բաբկեն Պիպոյանի,  երբ հասկանան, թե անապահով մարդիկ առօրայում որ ապրանքներն են շատ սպառում, ու հասկանան, թե դրանք որքան են թանկացել՝ ընդհանուր իրական պատկերը կստանան։

«Մեր երկրում նույնիսկ 2 տոկոս գնաճը մարդկանց համար ցավալի է, բայց աշխարհի տնտեսություններում գնաճի մի սանդղակ կա, որը տնտեսության, այսպես ասած, «օդն» է, որը եթե չլինի, ապա տնտեսությունը չի աճի։ Բայց գնաճին ու տնտեսական աճին զուգահեռ՝ այդ երկրներն ապահովում են նաև մարդկանց եկամուտների աճը։ Եթե մարդն աշխատում է 100 հազար, ապա ծախսում է այդ 100 հազարը, իսկ երբ կյանքը 2 տոկոսով թանկանում է, նույն մարդը ստիպված է լինում 102 հազար ծախսել ու նեղվել։ Բայց երբ տվյալ մարդու համար ապահովում են եկամուտ, այնպես, որ այդ մարդը ստանա 108 հազար ու ծախսի 102 հազարը, վստահ եմ՝ գնաճից տվյալ մարդը մի բան էլ ուրախանում է, որովհետև ամսվա վերջին իր գրպանում 3000 դրամ կմնա»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։

Շարունակելով, Բաբկեն Պիպոյանն ասաց՝ հիմա այս թանկացումների ֆոնին պետք է հասկանալ, թե ում աշխատավարձն է աճել, օրինակ, կա մի վարչություն, որի աշխատավարձային ֆոնդը 5 մլն դրամ է, ամսվա վերջում վարչության պետին տալիս են 1 մլն պարգևավճար։ Այս ամենի արդյունքում մեկի եկամուտները քառապատկվեցին, իսկ մյուսներինը՝ նույնը մնացին։

«Սոցիալական արդարության սկզբունքի ներդրումը կարևոր է, ուստի որքանո՞վ է արդար, որ այսօր նվազագույն աշխատավարձ ստացողը որևէ տեղից եկամտահարկ չի ստանում, որովհետև նվազագույն աշխատավարձով հիփոթեք չեն տալիս, իսկ բարձր աշխատավարձ ստացողն ունի եկամտահարկ։ Փաստացի ստացվում է, որ 100 հազար դրամ ստացողն ավելի շատ հարկ է վճարում, քան 400 հազար ստացողը։

Միշտ ասել եմ ու կրկնում եմ՝ ժամացույցն ունի իր վրա գրված 12 նիշ, կապ չունի՝ մենք որ թիվն ենք սիրում, եթե սլաքներից որևէ մեկը մի թվի վրա ավելի երկար է մնում, նշանակում է՝ այդ ժամացույցը սխալ է աշխատում։ Իսկ այսօր մեր գործադիրն ու օրենսդիրը սիրում են, որ ժամացույցի սլաքներն ինչ-որ թվի վրա երկար մնան»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, եթե այսօր Հայաստանում գնաճն անհանգստացնող է, ապա պետությունը պետք է այն զսպող քաղաքականություն վարի։ Պետությունը, օրինակ, պետք է հասկանա՝ մարդու 100 հազար դրամը դարձե՞լ է 103 հազար դրամ, եթե չի դարձել, ինչպե՞ս է թույլ տալիս թանկացումներ։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ չպետք է տնտեսությանը խեղդել, պետք է այնպես անեն, որ գեներացվող եկամուտները գնա-հասնի այն խավին, որը դրա կարիքն ունի։ Եթե այդ խավի համար չեն կարողանում համապատասխան եկամուտ ապահովել, ապա պետք է նրանց համար համարժեք ծրագիր իրականացնեն»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։

Տեսանյութեր

Լրահոս