Միանում ենք հայերին` սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն
Հայաստանի Հանրապետությում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի 38-րդ տարելիցի հետ:
ԱՄՆ դեսպանությունը հայտարարությունը տարածել է «Ֆեյսբուք»-ի էջում։
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,-ասված է դեսպանության գրառման մեջ:
Ավելի վաղ Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։
Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,-նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
1988 թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայկական բնակչության դեմ իրականացված զանգվածային հանցագործության պատշաճ իրավական գնահատականի բացակայությունն ադրբեջանական իշխանությունների մոտ ամենաթողության թյուր զգացում ծնեց։ Ամիսներ անց Բաքվում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ հայտնվեցին սումգայիթյան մարդասպանների դիմանկարները՝ «Կեցցե՛ն Սումգայիթի հերոսները» կարգախոսներով։
Անպատժելիությունը հանգեցրեց նրան, որ հայկական բնակչության դեմ ահաբեկչությունը սկսեց համատարած բնույթ կրել Ադրբեջանի ամբողջ տարածքում։ 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ով անցած հայկական ջարդերի ալիքի արդյունքում հարյուրավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ բռնի կերպով արտաքսվեցին, հարյուր հազարավորներ դարձան փախստական։



