«Ես այդպես էլ չկարողացա ունենալ 30 ռուբլիանոց այն «школьник» հեծանիվներից, որը մեր թաղում բոլորն ունեին»

Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը նորից Հայաստանում է։ Թեև նրա վերջին այցից հաշված օրեր են անցել, այնուամենայնիվ, երգիչն այնքան անսպասելի հայտնվեց այստեղ, որ նույնիսկ մտերիմ ընկերներն անակնկալի եկան։

– Երեկ Ձեր մտերիմ ընկեր Արտավազդ Եղոյանի ֆեյսբուքյան պատին նկատեցի Ձեր համատեղ լուսանկարը, որը մակագրված էր այսպես. «Ասում էի, չէ՞։ Երևանը ջրի ճամփա է սարքել։ Բարի գալուստ…»։ Դուք, իսկապես, մի քանի օր առաջ մեկնեցիք Հայաստանից և այսօր նորից այստեղ եքգ Ինչո՞ւ, ինչպե՞ս։

– Այո (ժպտում է.- Ն.Մ.)։ Կարծում եմ` ժամանակն էգ և, բացի այդ, Հայաստանը ոչ մի անգամ այսքան հետաքրքրված չի եղել իմ անձով, նկատի ունեմ` պետական մակարդակով և ոչ թե ժողովրդի սիրով պայմանավորված, որովհետև դա միշտ է այդպես եղել, ժողովուրդն ինձ միշտ սիրել ու լսել է։ Ինչ արած, հիմա մարդիկ ուզում են ինձ ունենալ իրենց մասնավոր երեկույթներին, թեկուզ կես ժամով իրենց խնջույքին ներկա լինեմ, և ես չեմ մերժում այդ հրավերները։ Հետևաբար` հիմա նորից այստեղ եմ` մասնավոր երեկոյին երգելու հրավերով։

– Հատկապես մասնավոր հրավերներո՞վ եք հաճախ Հայաստանում լինում։

Կարդացեք նաև

– Վերջին տարիներին հատկապես` հաճախ։ Վճարում են, իհարկե, և ինչո՞ւ մերժեմ։ Պատճառ չունեմ։ Մանավանդ, որ ես հաճախ եմ այստեղ առանց որևէ դրամական ակնկալիքների ելույթներ ունեցել` «Հրազդան» ստադիոնի մեծ համերգը, 1989-ի երկրաշարժից անմիջապես հետո, կամ դրան հաջորդած` Մարզահամերգային համալիրի համերգը, և այլն։

– Կա՞ մի բան, որ Ձեզ ամենաշատն է անհանգստացնում` ապագային հայացք նետելիս։

– Անորոշությունն ամեն ինչի նկատմամբ։

– Հաճա՞խ եք նման զգացողություն ունենում։

– Դե գիտե՞ք ոնց, ես նկատի ունեմ Միացյալ Նահանգներում, որովհետև այդ երկրում բարձրանալն ու վայր ընկնելը շատ սովորական բաներ են։ Մի օր տեսնում ես` մարդը երկինքներում է, միլիոնների է տիրում, հաջորդ օրը կարող է փողոցում հայտնվել ու քնելու տեղ չունենալ։ Թեև ես ահագին տարիներ այնտեղ եմ և ինքս ինձ արդեն, Փառք Աստծո, ապահովել եմ, բայց և այնպես իրականությունն է այդպիսին։ Բացի այդ, հայերն աշխատասեր են, խելացի, ու իրենց ապագայի նկատմամբ մտահոգություններն այնտեղ այդքան սարսափելի չեն։

Harut Pambukchyan’s concert organized by the Youth Foundation of Armenia and the RPA (HHK) Youth Organization at the Sport and Concert Complex after K. Demirchyan

– Ի տարբերություն Միացյալ Նահանգների, մարդիկ այստեղ սարսափելի մտահոգ են իրենց անորոշ ապագայով։

– Ես ապրել ու մեծացել եմ էստեղ։ Իմ ապրած ժամանակները հիմիկվա ժամանակներից շատ տարբեր են, ինչ խոսք, բայց, ամեն դեպքում, ես լավատես եմ ու մտածում եմ, որ այսպես երկար շարունակվել չի կարող, պետք է անցնեն այս ժամանակները։ Մենք Եղեռն ենք անցկացրել, սով, երկրաշարժ, ու սա ևս անցողիկ, ժամանակավոր իրավիճակ է, որ պետք է հարթվի։

– Պահպանո՞ւմ եք այնպիսի բաներ, որոնք վաղուց պիտի շպրտած կամ մոռացած լինեիք։

– Չէ, նման բան չունեմ։ Ինչ-որ պետք է մոռանամ կամ շպրտեմ` չեմ պահում, որովհետև ինչ որ ես ունեմ` ինձ համար արժեքավոր է։ Թեև կնոջս կորցնելուց հետո ես շատ դժվար ժամանակներ ապրեցի։ Ինձ ամեն կողմից հաճախ ասում էին, որ պետք է համակերպվել իրականության հետ ու առաջ նայել։ Ես փորձում եմ դա անել, բայց չեմ կարող ասել, որ դա ինձ մոտ հեշտությամբ է ստացվում։

Harut Pambukchyan’s concert organized by the Youth Foundation of Armenia and the RPA (HHK) Youth Organization at the Sport and Concert Complex after K. Demirchyan

– Այսինքն, այնուամենայնիվ անցյալը պահո՞ւմ եք։

– Ես նույնիսկ չեմ կարողանում դեն նետել այն իրերը, որոնց ժամանակին կինս է ձեռք տվել։ Ինձ ասում են, որ ես պետք է դուրս գամ այն տանից, որտեղ ինքը մահացավ, բայց չեմ կարողանում այդ քայլն անել, որովհետև այդ տան հետ ինձ կապում են շատ թանկ ու կարևոր հիշողություններ` տղայիս մանկությունը, հիշատակներ, որոնք ես չեմ կարողանում ոչ թե մոռանալ կամ լքել, այլ պարզապես թողնել իրենց տեղում ու առաջ շարժվել։ Թեև, ուշ թե շուտ, պետք է դուրս գամ այդ տանից, ես դա գիտեմ ու շատ լավ եմ հասկանում դրա կարևորությունը։

– Իսկ պահե՞լ եք այն, ինչ Հայաստանից մեկնելուց թողել եք այստեղ` Արեշ թաղամասում։

– Այո, ես Արեշից եմ եղել։ Դա, ուզես էլ թողնես` չի ստացվելու, մե՛կ է։ Իմ հայրն էստեղ է թաղված, ու տունս, որ իմ գնալուց խրճիթ էր հիշեցնում, հիմա պալատ է դարձել։ Ամեն անգամ էդ տան կողքով անցնելուց` հպվում եմ մանկությանս ու անցնում-գնում եմ, ուրիշ ոչինչ։

– Բայց այստեղ կարծեմ սեփական տուն չունեք, չէ՞։

– Ոչ, բայց որևէ ծանոթ կամ անծանոթ մեկի դուռը որ ծեծեմ ու ասեմ, որ պետք է մնամ իրենց տանը, վստահ եմ, որ ինձ մի ամիս էլ կպահեն։

– Պատահո՞ւմ է, որ Դուք ինքներդ Ձեզ հետ խոսեք։

– Իհարկե, որովհետև դա անխուսափելի բան է։ Կարծում եմ, ամեն մեկն իրեն հարցեր է տալիս, ու ինքն էլ պատասխանում է։

Harut Pambukchyan’s concert organized by the Youth Foundation of Armenia and the RPA (HHK) Youth Organization at the Sport and Concert Complex after K. Demirchyan

– Եթե Դուք Ձեր կողքին ունենայիք մեկին, ով ամեն անգամ Ձեզ ասեր այն, ինչ Դուք ինքներդ եք Ձեզ ասում, որքա՞ն կարող էիք հանդուրժել նրա գոյությունը։

– Ես կասեմ նրան` դա իմ իմանալիք բանն է, և թող որ իմ հարցերն ինքս լուծեմ։

– Ձեր կարծիքով` ի՞նչ տարբերություն կա ապրելու և գոյատևելու մեջ։

– Չե՞ս կարծում, որ երկուսն էլ նույն բանն են: գԱպրելը ապրում ես, բայց գոյատևելու համար պետք է պայքարես։ Տարբերությունն այդքանն է։

– Դուք կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ մարդիկ սովորում են իրենց իսկ սխալների վրա։

– Իհա՛րկե։ Իմ կյանքի ամենամեծ ուսուցիչներն իմ սխալներն են եղել։

– Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ միշտ վախենում սխալվելուց։

– Օ… դա գիտե՞ս ինչ է` մարդ ինչքան մեծ է իր տեսակով, այնքան նրա թույլ տված սխալը մեծ ու ճակատագրական կարող է լինել։ Հետո, սխալները մի անգամով չեն վերջանում, հաճախ դրանք կրկնվում են։

– Կա՞ մի սխալ, որ Դուք անընդհատ կրկնում եք։

– Այո, կար նման սխալ, որ ես կրկնում էի անձնական հարցերին տուրք տալով, բայց ինչ-որ պահից ես վերջ տվեցի դրան, և չեմ կարծում, որ դա, այնուամենայնիվ, խանգարեց կամ ճակատագրական եղավ ինձ համար։

– Կա՞ մի բան, որ Դուք անընդհատ մոռանում եք կյանքի արագ ընթացքի` մանավանդ արևմտյան կյանքի ռիթմի մեջ։

– Երբեմն մոռանում եմ, որ գոյություն ունի մահ։

– Իսկ պե՞տք է այդ մասին հիշել։

dzax harut-kiny– Ո՞նց չէ… Կնոջս մահից հետո ինձ էլ ոչինչ չի զարմացնում։ Էն, որ մարդիկ հրճվում են իրենց կյանքի հաճույքների ու հաջողությունների համար` լողալով տարփանքների ծովում, մոռանում են, որ դրա վերջը կյանքից մահ ընկած մի ակնթարթն է։ Ես, որ կյանքս խաղ ու պար էի պատկերացնում, առավոտից-իրիկուն` երգ ու պար, աղջիկներ ու հաճույքներ, հանկարծ միանգամից կյանքս ձեռքիցս գնաց, դարձավ հին, սև-սպիտակ, թրթռացող, խռխռացող սովետական հեռուստացույց… Հիշո՞ւմ ես այդ հեռուստացույցները։

– Այո, իսկ, պատահե՞լ է, որ Դուք անեք մի բան, որը ոչ մի կերպ չեք ուզեցել անել։

– Իհա՛րկե։

– Եթե կյանքն այնքան կարճ է, ինչպես Դուք քիչ առաջ ասացիք, ապա ինչո՞ւ ենք մենք ստիպված անում բաներ, որոնք չենք ուզում անել։

– Որովհետև կյանքը չընդհատվող փորձություն է։ Մարդիկ նույնիսկ փորձում են անձնասպան լինել ու նորից ետ դառնալ դրանից, որ զգան, թե ո՞նց է կատարվում մահվան պրոցեսը, ինչպե՞ս է մարդը մեռնում, ի՞նչ է զգում այդ պահին, ու հետո հետ են գալիս։ Հատկապես Արևմուտքում սա շատ տարածված իրականություն է։ Մարդը բնության ամենաառեղծվածային երևույթն է։

– Արևմտյան կյանքը Ձեզ դրդե՞լ է գնալ նման քայլի։

– Ոչ, ես ծայրահեղ քայլերի գրեթե երբեք չեմ դիմում։

– Ինչի՞ վրա եք Դուք հիմա արդեն հիմնականում ծախսում Ձեր աշխատած գումարը։

– Ես ամեն ինչ ունեմ և ինքս ինձ համար չեմ ապրում այլևս։ Մի սահման է գալիս, որտեղից այն կողմ մենք արդեն դադարում ենք ինքներս մեզ համար ապրել։

– Ինչի՞ց է դա, արդյո՞ք տարիքից։

– Ոչ, զավակի սիրուց։ Իմ հայրն ինձ ոչինչ չկարողացավ թողնել, որովհետև չուներ այդ հնարավորությունները, և դա պետք է հասկանալ։ Իմ պատանեկության տարիներին ես այդպես էլ չկարողացա ունենալ 30 ռուբլիանոց այն «школьник» հեծանիվներից, որ մեր թաղում բոլորն ունեին, ու միայն ես չունեի։ Ես իմ առաջ նպատակ դրեցի` եթե Աստված ինձ հաջողություն տա, տղայիս համար, ինչ ուզենա` անելու եմ։ Տղաս 16 տարեկան էր ու արդեն 5 նոր մեքենա էր փոխել, էլ չեմ ասում` հեծանիվ։ Դա էլ է սխալ, բան չունեմ ասելու, բայց ինչ զրկանք որ ես ունեցել եմ, չեմ ցանկանա, որ զավակս ունենա։ Սա է Ձեր հարցի պատասխանը։

– Բացի նյութական բարեկեցությունից` ի՞նչ է տալիս հիմա Ձեզ Ձեր աշխատանքը։

– Հոգեկան բավարարվածություն և այն, որ տղաս ասում է` «Հայրիկ, ես հպարտ եմ քեզանով»։ Սա է տալիս իմ աշխատանքն ինձ հիմա։

– Պատահե՞լ են այնպիսի իրավիճակներ, որտեղ Դուք պետք է խոսեիք, բայց լռել եք։

– Այո։

– Ի՞նչն է ստիպել Ձեզ լռել։

– Հաճախ լռել եմ, որովհետև հասկացել եմ, որ դա իմ արտահայտվելու դաշտը չէ և իմ իրավունքը չէ` խոսելու համար։

Harut Pambukchyan’s concert organized by the Youth Foundation of Armenia and the RPA (HHK) Youth Organization at the Sport and Concert Complex after K. Demirchyan

– Իսկ միգուցե հենց այդ պահին Ձեր խոսքը տեղում իրավիճա՞կ փոխեր։

– Մտածել եմ, որ եթե ինձնից ավելի ուժեղ կամ անհատական մեկը խոսի, գուցե ավելի նպատակահարմար լինի, քան իմ պարագայում։

– Անհատական ասելով՝ նկատի ունեք քաղաքական լիդերների՞ն։

– Այո։

– Ձեր կարծիքով` քաղաքական լիդերներն անհատականություննե՞ր են։

– Տեսնո՞ւմ ես… Դու քեզ հարց տվե՞լ ես` այս հարցն ինձ արժե՞ տալ, թե՞ ոչ։

– Այս հարցը հենց նոր ծագեց, նախապես պլանավորված չէր։

– Ես չեմ սիրում քաղաքականությամբ զբաղվել կամ քաղաքական բնույթի հարցեր բարձրացնել և դա թողնում եմ մարդկանց, ովքեր այդ դաշտն ինձնից լավ են հասկանում։

– Լավ… Ե՞րբ կարող եք Դուք Ձեր թշնամին դառնալ։

– Հանկարծ, եթե պատահի այնպես, որ չկարողանամ իմ հանապազօրյա հացը վաստակել, երբ զգամ, որ չեմ կարողանում օգտակար լինել իմ ընտանիքին և իմ ժողովրդին, այդ ժամանակ ես կդառնամ իմ թշնամին։

– Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունը։

– Ընկերներիցս, որոնց ես ճանաչել եմ 35 տարի, և հանկարծ էնպիսի մի բան են արել իմ հանդեպ, որ միանգամից վերաբերմունքս փոխվել է։ Էլ իմաստ չունի էդ մարդու հետ հարաբերություններ շարունակելը։ Կամ, եթե մեկը փորձում է ուրիշ մեկին խաբելով` գոյատևել, կմնա միշտ այդպես ողորմելի վիճակում։

– Ձեր ապրած կյանքից ի՞նչ դաս կարող են քաղել Ձեզ շրջապատողները։

– Աշխատասիրություն, պատասխանատվության և պարտքի զգացում։

– Ո՞նց եք վարվում այն մարդկանց հետ, ում Դուք սիրում եք, բայց իրենք Ձեզ չեն սիրում։

– Նման մարդիկ չկան։

– Պատահե՞լ է, որ Ձեր կյանքում ոմանց ճանապարհները փակած լինեք։

– Քավ լիցի, ես միայն բաց եմ անում ճանապարհները։

– Ո՞րն է լինելու Ձեր ամենակարևոր գործը կյանքի մայրամուտին։

– Դա կարող է լինել մի լավ երգ։

– Մեր զրույցի սկզբում ասացիք, որ վերջերս հետաքրքրությունը Ձեր նկատմամբ հայրենիքում մեծացել է։ Հետաքրքիր է, ի՞նչ է հուշում ներքին ձայնը Ձեզ։

– Ես ավելի զգացմունքային եմ դարձել։ Գիտե՞ք, ինձ ուրախացրեց այն, որ պարգևատրվեցի Հայաստանի Վաստակավոր արտիստի կոչումով։ Դա իսկապես ինձ ուրախացրեց։ Սա, իհարկե, ինձ ավելի է պարտավորեցնում։ Ես ուրախացա նաև, որ երիտասարդները ևս արժանացան այդ պատվին։ Գիտե՞ք, ես ամբողջ կյանքում քրտնաջան աշխատել և վարձատրվել եմ, բայց վերջին տարիներին իմ արժեքը բարձրացել է։

Սա պատահեց շատ միանգամից ու ինձ համար անսպասելի` Արամ Առաջինի կողմից` «Մեսրոպ Մաշտոցի» մեդալ, Վարչապետի կողմից` գնահատանք, հետո` այս կոչումըգ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ անընդհատ ինքնախարազանմամբ զբաղվենք։ Սա ազգային սովորությո՞ւն է, ի՞նչ է։ Ամերիկյան երգիչները մի գիշերվա մեջ կարող են միլիոնատեր դառնալ և ընդամենը` մի երգով կամ սինգլով։ Ես էլ եմ միլիոնատեր, բայց, ի տարբերություն նրանց, դա մի գիշերում չի եղել, այլ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում։

– Ի՞նչ է Ձեզ համար բարեգործությունը։

– Բարեգերծությունն այն էր, որ ես 1989-ին եկա այստեղ, բարեգործական նպատակով մի ամբողջ ստադիոն լցրեցի, որովհետև ինձ ասել էին, որ գումարներն ամբողջությամբ տրամադրվելու են աղետի գոտու բարեկարգմանը։ Ես հետո միայն իմացա, որ մի կոպեկ չի փոխանցվել այն նպատակի համար, ինչի համար ի սկզբանե նախատեսված էր այդ համերգը։ Նույնիսկ պոստերները, որ ինձ հետ էի բերել Միացյալ Նահանգներից գովազդային նպատակներին ծառայեցնելու` պատերին փակցնելու համար, վերածել էին օրացույցի և վաճառել հենց համերգի օրը, ընդամենը 2 ժամում, հատը 10 ռուբլիով։

Նույնիսկ համերգի գործիքներն ու ձայնային համակարգը ես ինձ հետ էի բերել ու նվիրեցի «Հայհամերգին»։ Երբեք ոչ մի տեղ չեմ ասել, բայց հիմա կասեմ, որ այստեղից վերադառնալուց հետո ես, Ռուզանն ու տղաս մեր բնակարանի վարձավճարը փակելու գումար նույնիսկ չունեինք։ Մի խոսքով, այդ համերգի կազմակերպիչները միլիոնատերեր դարձան դրանից հետո։ Ինչ արած, ես էլի համերգ տվեցի նույն նպատակի համար, այս անգամ արդեն` Մարզահամերգային համալիրում, և թող իրենք իրենց առաջ պատասխան տան, թե ի՞նչ եղավ կամ ո՞ւր գնաց այդ համերգներից ստացված հասույթը։

– Պարոն Փամբուկչյան, ի վերջո, ո՞րն է կյանքն անիմաստ անցկացնելու ամենահեշտ եղանակը։

– Արևի տակ պառկել` չաշխատելը։

– Իսկ կա՞ մի բան, որ ավելի սարսափելի է, քան մահը։

– Այո, երբ տղամարդն ընկնում է սեփական ընտանիքի աչքից։

https://www.youtube.com/watch?v=zJU-9ZFVc00

Տեսանյութեր

Լրահոս