
Երկբևեռ խանգարումից՝ բազմաբևեռ խեղկատակություն

Անցած շաբաթ վերջապես հայտնի դարձավ, թե իրականում ինչն է փորձում հավասարակշռել Նիկոլ Փաշինյանը՝ բոլոր հնարավոր ամբիոններից հայտարարելով «բալանսավորված ու բալանսավորման» արտաքին քաղաքականության մասին:
Այդ հարցը բոլորին հուզում էր այն պատճառով, որ արտաքին քաղաքականության հիմնական օբյեկտը՝ պետական շահը, Հայաստանի դեպքում բացակայում է (բոլոր երկրների շահերին բավարարելու պատրաստակամությունը ոչ թե պետական շահ է, այլ դրա չգոյություն):
Եվ ահա, անցած շաբաթ իրար հաջորդած երկու միջազգային միջոցառումներում «բալանսավորված ու բալանսավորման» արտաքին քաղաքականությունը ցուցադրվեց կենդանի ռեժիմում. Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին ծաղրեցին միագամից երկու երկրների ղեկավարներ. Տաջիկստանի նախագահն Իլհամ Ալիևին հիշեցրեց, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարին հանդիպել է նույն վայրում, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կրկին Ալիևին դիմելով՝ հեգնեց, թե վերջինս իզուր էր անհանգստանում, որ Փաշինյանը չի լինի իրենց հետ:
Դուշանբեից հետո Փաշինյանին արդեն Շարմ էլ Շեյխում խայտառակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կրկին Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում, երբ վերջինիս դիմելով՝ հարցրեց. «որտե՞ղ է քո հայրենակիցը»: Նույն միջոցառման շրջանակներում ծաղրի մեկ այլ արտահայտություն դարձավ Հայաստանին փաստացի թշնամական վերաբերվող Պակիստանի վարչապետի հիացմունքն Ալիև-Փաշինյան ջերմ զրույցի առիթով:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է, իր իսկ բառապաշարով, «կառավարել միջազգային ծաղրը». իրեն ծաղրում են ոչ միայն Արևմուտքում, այլ նաև՝ ասիական, եվրասիական տարածաշրջանում, ինչն աշխարհաքաղաքական ծաղրի դիվերսիֆիկացիայի եզակի օրինակ է: Դա վստահաբար ևս մեկ քայլով բարձրացնում է Հայաստանի ինքնիշխանության ու անկախության մակարդակը:
Չէ՞ որ Փաշինյանը՝ պակաս բալանսավորված քաղաքականության դեպքում, կարող էր խայտառակվել, ասենք, միայն ԱՊՀ-ում, և գոնե արարողակարգային ընդունելության արժանանալ արևմտյան առաջնորդների կողմից, կամ հակառակը՝ ծիծաղի առարկա դառնար Արևմուտքում՝ մարդավարի ընդունելության արժանանալով հակադիր բևեռում:
Բայց դա կլիներ միագիծ, միակողմանի, ընդհուպ ստրկական ծաղրի դրսևորում, այն դեպքում, երբ հիմա խայտառակությունը բազմազանեցվել է երկրագնդով մեկ՝ խեղկատակությունը դարձնելով Հայաստանի այլևս միակ հատկանիշը:
Փաշինյանական խայտառակությունների առիթով հայ հասարակությունը բաժանված է երկու մեծ խմբի. արժանապատվություն ունեցողներն ու պետության համար համաշխարհային ծաղրի վտանգները գիտակցողներն «իսպանական ամոթ» են ապրում, իսկ իշխանական քարոզչության ազդեցության տակ գտնվողները ծաղրի ենթարկվելը գնահատում են՝ որպես դիվանագիտական իմաստնություն, որի թաքնված նպատակները հասու չեն շաքային մահկանացուներին:
Խնդիրը, սակայն, այն է, որ աշխարհի համար կարևոր չէ՝ Հայաստանում կա՞ն երկրի ղեկավարի պահվածքից նրա փոխարեն գետինը մտնողներ, թե՞ բոլորն են հաշտ համաշխարհային կոմիկի ղեկավարած երկրի քաղաքացի լինելու հետ:
Դրսում համարում են, որ եթե ու քանի դեռ պետությունը ներկայացնում է մեկը, ով միջազգային շփումներում թույլ է տալիս իրեն վերաբերվել «թաղի հարիֆի» հանգույն, ուրեմն նա ոչ թե առանձին վերցրած հանրային շերտերի, այլ համապետական խեղկատակ է:
Հատկապես, որ դեռևս հինգ տարի առաջ բացահայտվել է իրեն «գժի տեղ դնելու» մասին նրա հայտարարությունը, որից հետո հայ հասարակությունը նրան ուղարկել է ոչ թե «գժի տեղ դնողների» համար նախատեսված հաստատություն, այլ երկրի ղեկավարի աշխատասենյակ:
Բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականությունը՝ ուղիղ եթերում: Ծաղրում են՝ ինչպես Արևմուտքում, այնպես էլ՝ Ռուսաստանում: Ծաղրի չափման բարոմետր եթե լիներ, ցույց կտար՝ Թրամփի՞ վիրավորանքն է ավելի ուժեղ, թե՞ Տաջիկստանի նախագահինը: Բայց կարևորը բալանսավորումն է:
Հարություն Ավետիսյան