Վերահսկվող աշխարհամարտ
Ռուսական զինվորական գործոնի աշխուժացումը սիրիական պատերազմում, լայնածավալ եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել. պատերազմին սերտորեն զուգորդվել է տեղեկատվականը: Միեւնույն լայնածավալությամբ հարվածվող թիրախների մասին կան հակասական լրատվություններ, տեղեկություններ, վերլուծումներ: Ոչ միայն բացարձակ, այլ ընդհանրապես հանգրվանային եզրակացությունների հանգելը նույնիսկ կարող է պայմանական լինել, եւ անհամապատասխան` իրական իրավիճակներին:
Հավանաբար անտեղի չի լինի սակայն տեսանելի երեւույթների առնչությամբ որոշ դիտարկումներ անել։ Բնականաբար, առաջին մտածումը կենտրոնանում է ընտրված ժամանակի վրա: Ինչո՞ւ է ՌԴ-ն հիմա անցնել զինվորական հարձակման: Պարզ է, որ ռուսական օդուժը միջազգային կանաչ լույս է ստացել գործի անցնելու: Նման ինքնուրույն նախաձեռնողականությունը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, նկատվել արկածախնդրություն եւ առիթ տալ իրադրությունների անվերահսկելի ահագնացման: Վաշինգտոնի եւ Մոսկվայի` ժամանակի առումով իրար խաչվող հայտարարությունները մտածել են տալիս միջազգային կանաչ լույսի մասին: Վաշինգտոնը հայտարարում էր, որ նախագահ Ասադի հրաժարականը անմիջական պահանջ ու առաջադրանք չէ այսօր, մինչ Մոսկվան խոսում էր նույն անձնավորության իշխանության անցման հանգրվանին համաձայն լինելու մասին:
Գերտերությունների այս հայտարարությունները իրար լրացնող են. մի կողմից խոսում են իշխանափոխության ոչ անմիջականության, մյուս կողմից նաեւ ոչ երկարատեւության մասին` անուղղակիորեն ընդգծելով, որ առաջին գերխնդիրը այսօր ԻՊ-ի չեզոքացումն է:
Սակայն ԻՊ-ի չեզոքացումը պետք է ընկալել մասնակի հասկացողությամբ եւ ոչ ամբողջական: ԻՊ-ի ամբողջական չեզոքացումը, եթե միջազգային ընտանիքի համար առաջնային օրակարգ է, ապա գետնի վրա արձանագրվող դեպքերը կստանան կտրուկ, հանկարծակի եւ համալիր բնույթ: Նախքան ռուսական կործանիչների հանդես գալը, աշխարհը ականատես դարձավ ամերիկյան օդային սահմանափակ հարձակումների, որոնք նաեւ չունեցան հետեւողականություն:
Ռուսական հարվածները թե՛ օդային եւ թե՛ ռազմանավային հեռահար` ճիշտ է, որ ամերիկյան հարվածների սահմանափակվածությամբ չեն, բայց նաեւ ամբողջական չեզոքացման միտող հարվածներ չեն. գեթ այս հանգրվանին: Իհարկե անհրաժեշտ է իրազեկումը խփվող թիրախներին, հարվածվող գոտիներին, մարդկային եւ նյութական վնասներին, բայց մանավանդ գետնի վրա արձանագրվող կամ չարձանագրվող տեղաշարժերին:
Ռազմափորձագետների տեսակետով օդային եւ հեռահար հրթիռակոծումները միտված են ուղի բացելու Սիրիայի կառավարական ցամաքային ուժերի տեղաշարժվելուն: Առ այս պահը նկատվել են զինվորական շարասյուների աշխույժ երթեւեկներ, այսուհանդերձ դեռեվս թեական են նոր շրջանների վերագրավումները կառավարական ուժերի կողմից: Իրադրությունների ընթացքը հուշում է որոշակի միտում ծովեզերյա Սիրիան եւ այն դարպասող տարածքները մաքրազտելու եւ կայունացնելու ընդհանուր ծրագրի գոյության:
Նկատվում է նաեւ մի կողմից քրդական զինյալ ուժերի պատրաստակամություն` ողջունելու ռուսական ներգրավումն ու աջակցություն ցույց տալու կառավարական ուժերին, ամրակայվող «Ալավիստանին» առընթեր պահելու իրողապես ինքնավար սիրիական Քուրդիստանը։
Ռուսական զինվորական միջամտությունից հետո, հայտնապես երկրորդ կարգ է անցել իրանյանը, որը հակառակ հայտարարողական մակարդակի վրա ԱՄՆի հետ իր ունեցած ելեւէջային հարաբերություններին, աշխարհաքաղաքական բնույթի օրակարգերով բանակցային փուլ է անցել Արեւմուտքի հետ:
Անկարայի պահանջով գումարված ՆԱՏՕ-ի բրյուսելյան ժողովը որոշում էր քննարկել ռուսական միջամտության լույսի ներքո սիրիական զարգացումները: Այս առիթով նաեւ ՆԱՏՕ-ն վերահաստատում է Թուրքիան պաշտպանելու եւ անհրաժեշտության դեպքում Թուրքիա զորք ուղարկելու իր պատրաստակամությունը: ՆԱՏՕ-ի այս հայտարարությունները հակազդեցություն են ռուսական օդուժի՝ Թուրքիայի նկատմամբ կատարած կրկնակի սահմանախախտումներին:
Տարածաշրջանում ռուսական ռազմական գործոնի հայտնվելն ի վնաս գլխավոր այլ խաղացողի` Թուրքիայի է: Առ այս պահը, այն ինչ որ երեւում է` ամերիկյան կանաչ լույս ստացած ՌԴ-ն օդային եւ հեռահար հարձակումներով նախ բարձրացնում է կառավարական ուժերի բարոյահոգեբանական իրավիճակը, ցամաքային տեղաշարժերի ճամփա հարթող գործողություններ իրականացնելով միտում է ամրակայել ծովեզերյա սիրիական «Ալավիստանը»: Մինչ Թուրքիան փորձում է հենվել ՆԱՏՕ-ի վրա, մերժված անվտանգության գոտի առաջացնելու իր առաջարկով, առնվազն կջանա սիրիական Քուրդիստանի վրա վերահսկողության լծակներ պահպանել:
Տեղի ունեցածը պարզապես համաշխարհային պատերազմի տարբերակ է. սահմանափակ, համաձայնեցված եւ վերահսկելի բնույթով:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր