Երկրորդ հաջողված գործարքը՝ Որոտանի կասկադի վաճառքից հետո

«ՀԷՑ-ի վաճառքը քայլ առաջ է, քանի որ ձեռք բերողը մասնավոր ընկերություն է, իսկ մասնավորը չի թողնի, որ իրենից գողանան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ գնահատելով «Տաշիր» ընկերության կողմից «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու գործարքը: Հրանտ Բագրատյանն այն եզակի ընդդիմադիր գործիչներից է, որ միշտ կամ գրեթե միշտ իր գնահատականներում հանդես է գալիս օբյեկտիվ դիրքերից և չի տրվում պոպուլիզմին ու ընդդիմադիր լինելու այսրոպեական «թրենդին»:

Իսկ այդ «թրենդն» այն է, որ եթե ՀԷՑ-ը գնել է Հայաստանի ու Ռուսաստանի իշխանության հետ նորմալ հարաբերություններ ունեցող ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, ուրեմն պետք է քննադատել գործարքը, այն գնահատել՝ որպես իշխանության հերթական ստվերային օպերացիա, պնդել, որ ճիշտն ազգայնացումն է, և այլն:

Մինչդեռ Հրանտ Բագրատյանն ասում է այն, ինչը բխում է պարզ տնտեսագիտական ու քաղաքական տրամաբանությունից և պայմանավորված չէ Սամվել Կարապետյանի անձով կամ նրա հետ ունեցած հարաբերություններով: Այն է՝ մասնավոր ընկերությունը չի թողնի, որ իրենից գողանան: Այս պարզ, բայց միևնույն ժամանակ՝ իր արդյունավետությունն ապացուցած բանաձևն է ընկած նորմալ տնտեսվարման հիմքում:

Ընդ որում, Սամվել Կարապետյանը տնտեսության ամենատարբեր ոլորտներում իր դիվերսիֆիկացված բիզնեսներով ապացուցել է, որ կարողանում է արդյունավետ կառավարել խոշոր տնտեսական համակարգեր ու ենթակառուցվածքներ, ինչպիսին էներգահամակարգն է: ՀԷՑ-ի վաճառքն իսկապես քայլ առաջ է, ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով:

Ճիշտ է, Սամվել Կարապետյանը Ռուսաստանի իշխանական համակարգին ինտեգրված խոշոր գործարար է, սակայն դա մի բան է, և բոլորովին այլ բան է ռուսական պետական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը, որի կողմից Հայաստանի բաշխիչ ցանցերի տնօրինումը նշանակում էր Ռուսաստանի ամբողջական վերահսկողություն Հայաստանի էներգահամակարգի նկատմամբ: Այնպես չէ, որ այդ վերահսկողությունն ամբողջովին վերանալու է՝ հաշվի առնելով վերը նշված գործոնները, այդուհանդերձ, այն առնվազն թուլանալու է, ինչը միանշանակ դրական պետք է գնահատել Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած անծայրածիր կախվածությունը հաշվի առնելով:

Ի դեպ, եթե դրան էլ գումարենք ամիսներ առաջ «Որոտանի» կասկադի վաճառքն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը, ապա կարելի է արձանագրել, որ չնայած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Ռուսաստանից ունեցած կախվածության մեծացմանը, այդուհանդերձ, Հայաստանի իշխանությանը հաջողվել է ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ համակարգը գոնե ինչ-որ չափով հանել ռուսական ազդեցության տիրույթից:

 

Տեսանյութեր

Լրահոս