Բաժիններ՝

«ՀԷՑ-ի վաճառքը քայլ առաջ է». Հրանտ Բագրատյան

ՀԷՑ-ի վաճառքը քայլ առաջ է, քանի որ ձեռք բերողը մասնավոր ընկերություն է, իսկ մասնավորը չի թողնի, որ իրենից գողանան: Նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գործարքը:

«Բայց դա խնդրի արմատական լուծում չէ, հայտնի չէ, թե դա ինչի կարող է բերել, որովհետև իմ առաջարկած էներգետիկ ռեֆորմը 9 կետից պետք է կատարվի: Այն է՝ մեկ ՀԷՑ, մեկ համակարգ չպետք է լինի, այն է՝ պետք է լինի էներգետիկ շուկա, այդ շուկայում գինն ամսվա մեջ կամ շաբաթներով ընթացիկ փոքրիկ տատանումներ միշտ պետք է ունենա, պետք է վերացվի հանձնաժողովի կողմից գների հաստատման պրակտիկան, պետք է հայտարարվի որոշակի գին, որով սկզբից ՀԷԿ-երինն են գնում, ամենաէժան գինը, և այլն: Իսկապես պետք է կայանա էներգետիկ շուկա, և այն պետք է որոշի գինը: Այս ամբողջ կառուցվածքը, որը հիմա կառավարվում է, փաստորեն, պետականորեն, պետք է մոռացվի:

Միակ մխիթարանքն այս պահին այն է, որ մասնավոր ընկերություն է գնել և շահագրգռված չի լինի, որ իրենից գողանան՝ ի տարբերություն ռուսականի»,- ասաց Հ.Բագրատյանը: Ի պատասխան մեր հարցին, թե օֆշորային ընկերությունն ի՞նչ գործ ունի այս գործարքում, Հ.Բագրատյանը բացասական գնահատեց նման «միջնորդությունը» ու նշեց, որ այն պետք է բաց լինի.

«Կարող է լինել օֆշոր, բայց դա նշանակում է, որ պետք է զգուշորեն վերաբերվենք իրենց գնումներին: Ինձ դուր չի գալիս դա: Սկզբունքորեն հնարավոր է՝ լինի օֆշոր ու աշխատի: Բայց դա չէ էականը, այլ ամենաէականն այն է, որ պետք է կայանա էներգետիկ շուկան, իսկ այդ ուղղությամբ քայլ չի արվում»: Նա վստահություն հայտնեց, որ գնորդը փորձառու է և հաշվի է առել, որ ՀԷՑ-ում հսկայական միլիարդներ գողանում են, դա դիտարկել է՝ որպես իրեն պոտենցիալ շահույթ. «Ոչ ոք հենց այնպես 500 միլիոն փող չի տալիս: Մարդը հաշվարկել է, և նույնիսկ էդ ժեստն են արել, որ մեկ տարի սուբսիդիաների կեսը կվերցնեն»:

Ըստ Հ.Բագրատյանի՝ աուդիտը զուր է՝ ժամանակի կորուստ է, և ինքն ի սկզբանե դեմ է եղել դրան: Նա նշեց, որ անգամ կոպիտ հաշվարկով, եթե ՀԷՑ-ում ամեն ինչ նորմալ լիներ, և ՀՀ-ում էներգետիկ շուկա լիներ, սակագինը կլիներ 28-33 դրամի սահմաններում:
Մեր հարցին, թե այս գործարքից հետո «բիբինների» հանցանքները կբացահայտվե՞ն, նախկին վարչապետը դժվարացավ պատասխանել. «Ես դա չգիտեմ: Եթե «Ինտեռ-ՌԱՕ»-ն խնդրի` իմանալ, թե ինչքա՞ն է գողացել ներկա ղեկավարությունը` կբացահայտվի, եթե չէ` չէ: Դա, համենայն դեպս, նոր սեփականատիրոջ խնդիրը չի, ինքը զրոյական բալանսով է գնելու հիմնարկը, վստահ եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս