«Ընտրությունների ինստիտուտը Հայաստանում այլևս չի աշխատում». Արմեն Բադալյան

Հայաստանում արդեն վաղուց ընտրական ինստիտուտը, որպես այդպիսին, չի գործում, և տեղի են ունենում ոչ թե ընտրություններ, այլ միջոցառումներ, որոնց անունը քվեարկություն է, և որը քաղաքական կյանքում արդեն որևիցե դեր չի կատարում: Այս կարծիքին է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ով 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, ասաց, որ նախապես հայտնի էր, որ ամեն դեպքում հաղթելու է այն թեկնածուն, որին պաշտպանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հանրապետական կուսակցությունը, և այդպես էլ եղավ:

Հիշեցնենք, որ նախնական հաշվարկով՝ ընտրությունների արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը, ում սատարում էին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀՀԿ-ն: Վահագն Գևորգյանը ստացել է 11227 ձայն, Արթուր Հարությունյանը (1975թ., մականունը՝ Պալաչ)՝ 5459 ձայն, Էդվին Թադևոսյանը՝ 520 ձայն, Կարապետ Իսրայելյանը՝ 526 ձայն, Արթուր Հարությունյանը (1976)՝ 159 ձայն:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ Հայաստանում ընտրությունները՝ թե՛ տեղական, թե՛ հանրապետական մակարդակով այլևս չգործող ինստիտուտ են: «Եթե անգամ արդար են անցել ընտրությունները, ապա վստահություն չկա ընտրությունների արդյունքների նկատմամբ, որովհետև իշխանությունն այլևս չի ձևավորվում ընտրությունների միջոցով: Հանրապետական իշխանությունը ձևավորվում է Մոսկվայի կողմից կամ Մոսկվայի ցանկությամբ, իսկ ՏԻՄ ընտրություններն էլ ձևավորվում են Հայաստանի իշխանությունների ցանկությամբ, և հասարակության կարծիքը ոչ մի նշանակություն չունի»,- ասաց Ա. Բադալյանը:

Հիշեցնենք նաև, որ կիրակի օրը տեղի են ունեցել Արտաշատ քաղաքի քաղաքապետի ընտրությունները ևս, և քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածու Արգամ Աբրահամյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին:

Կարդացեք նաև

Խոսելով այս ընտրությունների մասին՝ Ա. Բադալյանը կրկնեց, որ այս դեպքում ևս կարելի է ասել, որ ընտրությունների ինստիտուտը Հայաստանում այլևս չի աշխատում. «Քանի որ Հայաստանում իշխանության մակարդակում որոշեցին, որ վարչապետի որդին պետք է դառնա քաղաքապետ, նա էլ դարձավ քաղաքապետ: Այդ միջոցառումները ձևական արտաքին կողմն են, որոնք որևէ նշանակություն չունեն»:

Ըստ մեր զրուցակցի՝ բացասական երևույթ չէ, որ քաղաքական գործիչի որդին մտնում է քաղաքականության մեջ, այլ ըստ նրա՝ խնդիրն այն է, որ առաջարկեցին քաղաքապետ դառնալ մեկին, որին ոչ ոք չգիտի, ոչ մի քաղաքական գործունեություն չի ծավալել. «Որոշեցին, որ նա պետք է այս տարածքի ղեկավարը լինի, և նա դարձավ այդ տարածքի ղեկավարը»:

Հարցին՝ Ձեր կարծիքով՝ այլ թեկնածուներ չառաջադրվեցին միայն այն պատճառով, որ վարչապետի որդի՞ն էր մասնակցում, թե՞ այլ պատճառ էլ կար, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց.

«Այո, շատ դեպքերում թեկնածություն դնելն անիմաստ է լինում, երբեմն էլ ձևական մի քանի թեկնածուներ են լինում, բայց Արտաշատում ուղղակի անիմաստ էր, որովհետև մարզը, հասկանալի պատճառներով, գտնվում էր վարչապետի վերահսկողության ներքո, և, բնականաբար, այդ մարզի կարևորագույն քաղաքներից մեկի ղեկավար պետք է դառնար վարչապետի որդին, և այդպես էլ եղավ: Այսինքն՝ իշխանությունը որոշում է՝ սա այստեղ պետք է լինի, այնտեղ նա պետք է լինի, իսկ Սահմանադրությամբ պետք է տեղի ունենա ընտրական գործընթաց և զուտ սահմանադրական կարգը պահպանելու համար անցկացնում են ընտրություններ և քվեարկություն իրականացնում, իրականում այդ ամենը ոչ մի նշանակություն չունի, որովհետև ընտրությունների ինստիտուտը Հայաստանում այլևս չի աշխատում»:

Տեսանյութեր

Լրահոս