Միջեկեղեցական նիստի մասնակիցների համատեղ հայտարարությունը

Ապրիլի 22-ին Երևանի Մարզահամերգային համալիրում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրի ներքո տեղի ունեցած միջեկեղեցական նիստի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ նիստին մասնակից 35 Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերն ու պատվիրակները, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան հետևյալ համատեղ հայտարարությամբ` «Աստծու ողորմությամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի և Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով համախմբված Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ լուսավորված, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությամբ խնամված Հայաստան աշխարհում` Աստվածաշնչյան Արարատի երկրում, փառավորելով Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, մենք` Եկեղեցիների պետերս, Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներս, առաջնորդվելով կյանքի` Աստվածաստեղծ լինելու ու Տիրոջը պատկանելու քրիստոնեական ճշմարտությամբ և կյանքի սրբության ու անձեռնմխելիության Աստվածահաստատ պատվիրաններով (Ծննդ. 1:27, Ելից 20:13, Հովհ. 1:4), հավատալով մարդկանց միջև համերաշխության և աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված Քրիստոսի Սուրբ Եկեղեցու նվիրական առաքելությանը, վկայելով, որ Եկեղեցին կոչված է մարդկային հոգիների փրկության և երկրի վրա կյանքի պաշտպանության առաքելությանը,

հաստատում ենք, որ կրոնական, ազգային, էթնիկական կամ ռասսայական խտրականության հիման վրա իրագործված բռնություններն ու սպանությունները չունեն արդարացում, և դրանց նկատմամբ չեն տարածվում վաղեմության ժամկետները, դատապարտում ենք խաղաղությանը ու մարդկային կյանքի անվտանգությանը սպառնացող ցեղասպանությունները և բոլոր հանցագործությունները իբրև մարդկության դեմ ուղղված չարիքի և մեղքի դրսևորում,

դատապարտում ենք աշխարհում` մասնավորաբար Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական հողի վրա շարունակվող բռնությունները, որոնք պատճառ են դառնում մարդկային ցավալի կորուստների և հոգևոր ու մշակութային արժեքների և ժառանգության անդառնալի ոչնչացման,

համոզված ենք, որ ապագա նման ոճրագործությունների կանխարգելման հիմնական երաշխիքներից են ցեղասպանության բոլոր հանցագործությունների ճանաչումը և դատապարտումը, ժխտողականության իսպառ մերժումը և հատուցման պահանջի ներկայացումը, մեր զորակցությունն ենք բերում ցեղասպանության ենթարկված ազգերին և վճռականորեն ենք տրամադրված պաշտպանելու մարդկային արժանապատվությունը և խաղաղությունը ժողովուրդների միջև,

կոչ ենք ուղղում ազգերի առաջնորդներին, անհատներին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց միավորելու իրենց ջանքերը տառապանքից և բռնություններից զերծ արդար և ներդաշնակ աշխարհի կերտման գործում, աղոթում ենք Հայոց Ցեղասպանության նահատակների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով բոլոր զոհերի համար և հայցում Ամենակարող Աստծուն զորացնել մեզ աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման մեր առաքելության ճանապարհին»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Տեսանյութեր

Լրահոս