
Մերկելը կողմ է հայերի աղետի հարցում «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուն. Deutsche Welle

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է այն դիրքորոշմանը, ըստ որի՝ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հանդեպ կարելի է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը:
Միևնույն ժամանակ՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը մտավախություն ունի, որ Բեռլինի կողմից այդ տերմինի օգտագործումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման գործընթացի վրա:
Մերկելն այդ մասին հայտարարել է երեկ՝ ՔԴԴ/ՔՍԴ խմբակցության նիստի ժամանակ, ինչի մասին լրատվամիջոցին հայտնել են հանդիպման մասնակիցները: ՔԴԴ/ՔՍԴ դաշինքը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պլանավորում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունել, որում հայերի աղետի մասին նշված կլինի հետևյալը.
«Ձեր ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկ մաքրումների, հետապնդումների, անգամ ցեղասպանությունների պատմության օրինակ է, որոնցով սարսափելիորեն աչքի է ընկել 20-րդ դարը»: Այդպիսով իշխող դաշինքը միմյանց է շաղկապում հայերի ճակատագիրն ու «ցեղասպանություն» եզրույթը, ընդ որում՝ 100 տարի առաջ կատարված սպանություններն ուղիղ ձևով չբնորոշելով այդ տերմինով: