«Հայաստանը կարող է անվտանգության այլընտրանքներ փնտրել ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ առանձին երկրների շրջանում»
Մեր զրուցակիցն է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը
– Տիկին Ստյուարտ, նախորդ ամիս Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանը ներկայացրին «Արևելյան գործընկերություն» ծրագրի թարմացված տարբերակը` կարևորելով ԱլԳ յուրաքանչյուր երկրի նկատմամբ տարբերակված քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով դա` կարելի՞ է հուսալ, որ Հայաստանը չի հայտնվի Ադրբեջանի և Բելառուսի հետ նույն մակարդակում և կունենա առանձնահատուկ դիրք այդ ծրագրում։
– Կարելի է ասել, որ այդ վերանայման գործընթացն արգելապատի է հանդիպել բազում գաղափարների և կառուցվածքային առաջարկների պատճառով, որոնց բոլորի մասին, ըստ էության, խոսվել է ԱլԳ ողջ պատմության ընթացքում։ Երևի թե կհիշեք, որ «Արևելյան գործընկերության» վերանայման գործընթացը, որ մեկնարկել էր մի քանի տարի առաջ` 2011 թվականին, կիսատ մնաց «Արաբական գարնան» պատճառով։ Չնայած Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող այդ զարգացումներն էապես չէին վերաբերում այդ տարածքին։ Այս ամենի արդյունքում` Հարևանության քաղաքականությունն ու «Արևելյան գործընկերությունն» ընդհանրապես այդ ժամանակից ի վեր էապես չի վերանայվել։ Վերանայման գործընթացը սովորաբար չի հանգեցնում մեծ փոփոխությունների։
Իhարկե, ներկայում մենք ունենք իսկապես կարևոր զարգացումներ` ԱլԳ տարածաշրջանում, հատկապես` Ուկրաինայում, որի հետևանքով այսօր Բրյուսելում ավելի լավ պատկերացում կա, թե ինչպես է պետք շարունակել, հենց այդ պատճառով էլ խոսվում է տարբերակման անհրաժեշտության մասին։ Առաջին քայլն այդ տարբերակված քաղաքականությանն ընդառաջ` ԱլԳ-ն կիսելն է, տարբերակել ԱլԳ անդամ երկրների հետ հարաբերությունների արագությունները։ Այսինքն` կլինի երկու խումբ, առաջինը` Ասոցացման համաձայնագիր ստորագրած և վավերացրած երկրներ` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդավան, իսկ մյուս խումբն այն խումբն է, որում նաև Հայաստանն է, որ հրաժարվել են Ասոցացման համաձայնագրից։
Այս երկրորդ խմբի երկրների` ԵՄ-ի հետ հետագա ուղին ԵՄ-ի համար ևս այդքան էլ հստակ չէ։ Ասոցիացվածների հետ ԵՄ-ն գիտի` ինչպես վարվել, ինչ պետք է անել, ինչպես և ինչ ժամկետներում պետք է վավերացնել համաձայնագրի կետերը, այլ երկրների հետ չկան նման համաձայնագրեր, ուստի օդից կախված է դեռ հարցը` ի՞նչ գործիքներ կարող են օգտակար լինել, և ինչպե՞ս կարող են դրանք գործել` հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը։ Չէ՞ որ Ռուսաստանը չի ողջունում ԱլԳ անդամ երկրների ինտենսիվ հարաբերությունները ԵՄ-ի հետ։
Այսինքն` կարծում եմ, որ սա դեռ բաց հարց է, չկան հստակ պատասխաններ, թե ինչ կստացվի վերանայման արդյունքում և ինչ գործիքներ կարող են դիտարկվել` որպես արդյունավետ` այն երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար կարևոր է ԵՄ-ին հստակեցնել, թե ինչ գործիքներ և ձևաչափեր կարող են օգտակար լինել և ինչ գործիքներ են նրանք ԵՄ-ից ակնկալում, քանի որ ԵՄ-ում ինքնին մեծ հիասթափություն կա, հստակորեն չգիտեն` ինչպես առաջ շարժվել Արևելյան հարևանության տարածաշրջանում։
– Այսինքն` այս փուլում դեռ այլ տարբերակներ հնարավո՞ր չեն։ Խոսակցություններ կան այն մասին, որ Հայաստանը միգուցե ստորագրի փաստաթուղթ, որը նույն Ասոցացման համաձայնագիրն է, պարզապես մեկ աստիճան ցածր է ասոցիացված երկրներից։
– Միգուցե, ես այդ հնարավորությունը չեմ բացառում։ Պարզապես նկատելի է, որ այսօր ԵՄ-ն պատրաստ չէ բոլոր հետևությունները հավաքել և վերածել ծրագրի վերանայման, ուստի կարծում եմ, որ դեռ այս երկու խմբերը, այսինքն` ուղղությունները կգործեն, իսկ մնացյալը կախված կլինի ԱլԳ տվյալ երկրի ցանկությունից և հավակնությունից։
– Առաջիկայում Ռիգայում տեղի կունենա Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, որից Վրաստանի, Մոլդավայի և Ուկրաինայի սպասելիքները մեծ են, թեև արդեն որոշակի հիասթափություն կա, քանի որ որոշ նախնական պայմանավորվածություններ այդ գագաթաժողովի վերաբերյալ հետաձգվել են, ինչը ստիպում է որոշ փորձագետների մտածել, որ ԵՄ-ն դասեր չի քաղել ուկրաինական ճգնաժամից։
– Ես ևս վստահ չեմ, որ ԵՄ-ն դասեր քաղել է, թեև որոշակի դասեր, այնուամենայնիվ, քաղվել են այն իմաստով, որ ավելի ցածր սպասելիքներ պետք է ունենալ և ավելի երկարաժամկետ գործընթացներ պատկերացնել։ Սակայն կարծում եմ, առաջին հերթին` այն փաստը, որ ԵՄ-ն շարունակեց Ասոցացման համաձայնագրերի այդ ծրագիրը, նշանակում է, որ քաղել են դասեր։ Ես գիտեմ, որ Ուկրաինան ունի քաղաքական կամք` ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու հարցում, պարզապես ուկրաինական բյուրոկրատիան լավ վիճակում չէ` այս համաձայնագիրը ժամանակին վավերացնելու համար։
Ուկրաինան շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, ինչպես պատերազմը Դոնբասում և մեռած տնտեսական վիճակը, ուստի ԱՀ-ն չի կարող լինել Ուկրաինայի համար առաջին առաջնահերթությունը ներկայում, ինչը նաև ԵՄ-ի սխալ քաղաքականության արդյունքն է։ Վիզային ազատականացման հարցերում նախկինում կային դրական զարգացումներ, բայց այս գործընթացը, որը պետք է կիրառելի լիներ ԱլԳ բոլոր երկրների համար, այսօր դանդաղում է։ Սա մի գործիք է, որը ԵՄ-ն կարող էր ավելի մեծ ակտիվությամբ և արագությամբ ներդնել ԱլԳ տարածքում` դա անելով նաև ներկայումս առկա գործիքների օգնությամբ։
Վերջին ազդանշաններն այն մասին են, որ այս գործընթացներն էլ ավելի են բարդանում, այսինքն` դասեր դեռ չեն քաղել։
– Տիկին Ստյուարտ, դասեր, թերևս, պետք է քաղվեին նաև անվտանգության հարցերի հետ կապված։ Թեև հայտնի է, որ ԵՄ-ն անվտանգություն ապահովող չէ, ԱլԳ բոլոր երկրներն ունեն անվտանգության խնդիրներ, որոնք շահարկվում են ՌԴ-ի կողմից։ Հայաստանն ունի ոչ միայն չկարգավորված հակամարտություն, այլև հայ-թուրքական փակ սահմաններ, որի հետևանքով նաև Հայաստանը հրաժարվեց ասոցիացումից` միանալով ԵՏՄ-ին։ Կա՞ գիտակցում ԵՄ-ում այն մասին, որ այս հարցի ուղղությամբ ինչ-ինչ լուծումներ պետք է գտնվեն։
– Ես, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե ԵՄ-ն կարող է ապահովել նման որոշակի ձևաչափեր։ Հայաստանը կարող է ունենալ ԵՄ որոշ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների մակարդակում նման արտոնություններ։ Սա կարող է օգտակար ձևաչափ լինել։ Մեկ այլ ձևաչափն այն է, որ ՆԱՏՕ-ի մակարդակում կարող են լինել երաշխիքներ, քանի որ ԵՄ-ն ուժեղ անվտանգության խաղացող, գործոն չէ աշխարհում, կան որոշակի ծրագրեր ու առաքելություններ, որոնք ունեն անվտանգության բաղադրիչներ, ԵՄ-ն հարմար չէ դրա համար։ Բայց կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն շատ ուշադիր է լինելու այս կամ այն երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում։ Ինձ թվում է, որ եթե լինեին նման երաշխիքներ, ապա դրանք պետք է գային ՆԱՏՕ-ից, կամ ԵՄ առանձին անդամ երկրներից և ոչ ԵՄ-ից` որպես կառույց։ ԵՄ առանձին երկրներ միգուցե ստանձնեն նման պարտավորություն կամ դա ԵՄ-ի կողմից կազմակերպվի ԵՄ անդամ երկրի մակարդակով, քանի որ ԵՄ-ն դեռ չի պատրաստվում մուտք գործել այս ոլորտ։