
Դավութօղլուն պատրաստ է ԱԶԿ-ի պարտության դեպքում հրաժարական տալ

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պատրաստ է լքել զբաղեցրած պաշտոնը, եթե իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պարտություն կրի խորհրդարանական ընտրություններում:
ԱԶԿ-ի նախագահ Դավութօղլուն հայտարարել է, որ իր համար պաշտոնը «չունի նշանակություն», սակայն դրա հետ մեկտեղ վստահություն է հայտնել, որ ընտրություններում հաղթելու է հենց ԱԶԿ-ը:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 7-ին: Դրանցում քվեարկելու իրավունք ունի 53.765.231 մարդ: Արտերկրում խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել 2.9 միլիոն մարդ:
Դրա հետ կապված` 54 երկրներում Թուրքիայի դեսպանատներում կբացվի 112 ընտրատեղամաս: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 31 քաղաքական կուսակցություն: