Արշակ Սադոյանը կոչ է անում ստեղծել ֆեյսբուքյան ընդդիմադիր կուսակցություն

«Այդ ինչպե՞ս է լինում, որ Հանրապետության նախագահն ունենում է գերլիազորություններ, այդ բոլոր մարդիկ, հո, չե՞ն խելագարվում Սերժ Սարգսյանի կամ մյուսների համար: Կարող է՝ այդ գերլիազորությունները նրանից են գալիս, որ և՛ Սահմանադրությամբ, և՛ Սահմանադրության հիմքով ընդունված հետագա օրենքների մեջ կետեր կան, օրինակ, որ ՊԱԿ-ի նախագահն ամեն օր պետք է հաշվետություն ներկայացնի նախագահին»,- այսօրվա ասուլիսում խոսելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին՝ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ, որտեղ նաև ներկայացրել էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած իր հանդիպումների և դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:

Հարցին՝ ակնհայտ չէ՞, որ Սահմանադրական փոփոխություններով՝ Սերժ Սարգսյանը ապահովում է իր շարունակականությունը, Ա. Սադոյանն այսպես պատասխանեց.

«Այո, այստեղ այդ լուրջ կասկածը կա, բայց խնդիրն ուրիշ է: Կարելի՞ է արդյոք Սահմանադրությունն այնպես փոխել, որպեսզի նախագահին հաշվետվություն չներկայացնի ՊԱԿ-ը, որպեսզի նա իրավունքներ չունենա կառավարության վրա այս կամ այն ձևով ազդելու, և ամենակարևորը, որի մասին ես խոսել եմ նաև վերջին նախագահական ընտրություններում նախագահի հետ հանդիպման ժամանակ, խնդիրը վերաբերվում է հետևյալին՝ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում Սահմանադրական փոփոխություններով ձևավորել մի մարմին, որը հետևի, որպեսզի ընտրությունների ժամանակ նախընտրական խոստումները իրականացնեն, որպեսզի կառավարությունը գործի ոչ թե իր կողմից հնարված ծրագրերերով, այլ որ կառավարությունը հիմք ընդունի հաղթող կուսակացության նախընտրական ծրագիրը, որը 5 տարվա կտրվածք պետք է ունենա»:

Կարդացեք նաև

Ա. Սադոյանը առաջարկում է, որ բացի ԱԺ նախագահից և վարչապետից՝ լինի ժողովրդի կողմից ընտրված «արբիտր» նախագահ, որն իրավունք ունի ցրելու պառլամենտը և նրա կառավարությունը:

Ա. Սադոյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը հակադարձել է իրեն՝ ասելով, որ արբիտր նախագահը պետք է լիազորություններ ունենա, եթե նա ընդամենը վերահսկում է ընթացքը, ապա «նրան ո՞վ բանի տեղ կդնի»:

Ըստ Ա. Սադոյանի՝ մենք ունենք մի քաղաքական դաշտ, որտեղ ակհնայտ է, որ այս ընդդիմությունը «չի կարող որևէիցե բան անել հայ ժողվրդի համար»: Ըստ նրա՝ ակնհայտ է նաև, որ ԵՏՄ գնալով՝ «այս խայտառակ ճանապարհով» մենք կորցնելու ենք ապրելու հնարավորությունը ամենամոտ ապագայում. «Այս պայմաններում միակ խնդիրը, որ դրված է, հետևյալն է՝ օգտագործելով առկա հնարավորությունները՝ ձևավորել նոր քաղաքական ուժ: Այդ ուժը կարելի է ձևավորել հետևյալ մեխանիզմով՝ օգտագործելով ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիական հնարավորությունները՝ ստեղծել, այսպես ասած, վիրտուալ կուսակցություն՝ իր ռեալ կյանքում ունեցած բաժանմունքներով: Ես կոչ եմ անում բոլորին համատեղ ջանքերով ստեղծել մի ֆեյսբուքյան ընդդիմադիր կուսակցություն, մի բան, որը հետագայում ճյուղավորումներ կունենա: Այն իր վրա խնդիր կդնի՝ ազդելու Սահմանադրական փոփոխություների ընթացքի վրա, հետագա ընտրություններում մեծ դերակատարում ունենալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս