Թվայնացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար ֆինանսական խնդիր չի առաջացնի

Հայաստանի ամբողջ տարածքում 2014 թվականի հունվարից մեկնարկել են թվային ծածկույթի ապահովման աշխատանքները: Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը հանրապետությունում մտնում է ավարտական փուլ:

Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները թվային տարբերակով հասանելի կլինեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նոր սերնդի հեռուստացույցներ, հին հեռուստացույցների դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն կցորդ սարքավորումներ, որպեսզի կարողանան օգտվել եթերից:

Մամուլում վերջին շրջանում խոսակցություններ կան, որ նման սոցիալական պայմաններում քաղաքացիների մեծ մասի՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար, ընդունիչ սարքերը գնային առումով ուղղակի անհասանելի են. դրանց գները տատանվում են 4000-30 հազարի շրջանակներում: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն ընդունված հայեցակարգի համաձայն՝ սոցիալապես խոցելի ընտանիքների համար այս սարքերը լինելու են անվճար: Ցանկը հաստատելու է կառավարությունը, այժմ հստակ չէ, թե ինչպես է տեղի ունենալու գործընթացը:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվում են այս հարցի հետ կապված մի քանի տարբերակներ. «Սոցալապես անապահով ընտանիքներին, հնարավոր է՝ կամ սարքերի գումարը փոխհատուցվի, կամ պետությունը տենդեր հայտարարի, ձեռք բերի սարքեր և անվճար տրամադրի քաղաքացիներին: Կարևորն այստեղ այն է, որ եթե այս սարքավորումներն անվճար չտրամադրվեն սոցիալական խմբերին, անալոգային եթերի անջատում տեղի չի ունենա»:

Ինչ վերաբերում է գներին, Ամալյանը նշեց, որ սարքը նորություն է էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների համար, հենց այդ պատճառով առաջարկվող գները կարգավորված չեն, ընդունիչ սարքերն արժեն  4000-35 000 դրամ, իհարկե, այստեղ կան նաև ֆունկցիոնալ, բրենդային և մի շարք տարբերություններ:

«Կցորդ սարքերի շուկան ձևավորված չէ, սակայն պետական գնումների գործընթացի միջոցով հնարավոր կլինի որոշակիորեն հստակեցնել գները: Օրինակ, տեղական արտադրանքը մի խանութում արժե մի գին, մեկ այլ խանութում՝ 3 կամ 5 անգամ ավելի թանկ: Պետական գնումների դեպքում, կարծում եմ, մատակարարը կլինի դրսից: Այս պահին պարզապես քաղաքացիների շրջանում պանիկա է»,- հայտնեց Ամալյանը:

Հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ նոր որակի եթեր է լինելու, որը, որպես կանոն, թանկ հաճույք է բոլոր երկրներում: Հայաստանի ընտրած մոդելը, նրա կարծիքով, ամենահաջողներից մեկն է եվրոպական երկրների համեմատ. «Եվրոպական մի շարք երկրներում այս սարքավորումները 200-500 դոլար կամ եվրո արժեն, որոշ երկրներում հարկումը տեղի է ունենում՝ ըստ հեռուստացույցների քանակի, երեք հեռուստացույց ունենալու դեպքում վճարը կազմում է 75 դոլար, Իսրայելում՝ մի քանի անգամ ավելի թանկ»:

Մկրտչյանը նշեց, որ այսօր գործընթացում տեխնիկական խնդիրներ չկան, և թվայնացումը կավարտվի օրենքով սահմանված ժամկետում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ռեֆորմներ իրականացնելիս պետք է հաշվի առնել նաև քաղաքացիների կարծիքը:

«Այն ոլորտը, որտեղ տեղի է ունենում ռեֆորմը, կարող էր քաղաքացիների դժգոհությունների առիթ չդառնալ, այստեղ քաղաքացու կարծիքը պետք էր հաշվի առնել: Կարելի է, օրինակ, խնդրի լուծման համար մի քանի տարբերակներ մշակել, մարդկանց առաջարկել և նրանց ընտրելու հնարավորություն տալ»,- հայտնեց Պիպոյանը՝ նշելով, որ տարբերակներից մեկն էլ կարող է լինել  քաղաքացիներին 3-4 տարով սարքավորման գինը փակելու հնարավորություն տալ ՝  տոկոսները սուբսիդավորելով պետության կողմից:

«Այսօր շատ քաղաքացիներ մտնում են խանութ և հարցնում՝ արդյո՞ք ունենք T2 ընդունիչներ: Պետք է ասեմ, որ այս պահին խանութը նման ընդունիչների վաճառքով չի զբաղվում, սակայն շուտով՝ թվային հեռուստատեսության անցնելուց հետո, մեր խանութներում ևս ընդունիչներ կլինեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին «Զիգզագ» խանութից:

Տեսանյութեր

Լրահոս