Դիզայներ Դիաննա Շատվերյան. «Կայացած կինն առաջին հերթին՝ իր ամուսնու, ընտանիքի կողմից սիրված և երջանիկ կինն է» (լուսանկարներ)
Այն, որ մեր ազգային առանձնահատկություններից է օտարամոլությունն ամեն հարցում, երբևէ որպես գաղտնիք առանձնապես չի դիտարկվել: Նույն պատկերն է տիրում նաև նորաձևության ընկալման հարցում: Սակայն վերջերս դրական միտում է նկատվում հատկապես հագուստի դիզայնի բնագավառում: Հայ դիզայներները վերջապես սկսել են մեծ հետաքրքրություն առաջացնել առաջին հերթին՝ հենց հայերիս մոտ: Ի՞նչ տեղի ունեցավ, որ ճանաչված բրենդը պարտադիր նշել սիրող հայուհիները հանկարծ հասկացան, որ մեր երկրում էլ կան հետաքրքիր մտահղացումներ ունեցող նկարիչ-մոդելավորողներ: Եվ այդ հետաքրքրությունը մեծացավ այնքան, որ դիզայներներն այսօր անկեղծանում են՝ իրենց ներկայացրած հագուստների ոչ այդքան մատչելի լինելու մասին: Այս և այլ հարցերի շուրջ խոսեցինք նկարիչ-մոդելավորող Դիաննա Շատվերյանի հետ:
– Դուք արտաքնապես շատ պոզիտիվ մարդ եք: Ձեզ հետ շփումից դրական էներգիա է փոխանցվում զրուցակցին: Ժպիտը Ձեր այցեքա՞րտն է, թե՞ այցելուներին գրավելու լավագույն միջոց:
– Ցանկացած մարդկային հարաբերությունում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը, ընկերանում եմ այն մարդկանց հետ, ովքեր պարզ են և անկեղծ: Իմ տեսակով իրատես-լավատես եմ, քանի որ նայում եմ կյանքի պայծառ կողմին, սակայն իրատեսական պատկերացում ունեմ ներկայի և ապագայի մասին: Բարդություններից և խնդիրներից երբեք չեմ ընկճվում: Անկեղծ ժպիտն ընդամենն իմ ներաշխարհն արտացոլելու միջոց է:
– Ձեր մոդելավորած հագուստներն առատ են գույներով և կտրվածքների բազմազանությամբ: Կարծես թե սիրում եք «խաղալ» գույների, ձևի և կտորի տեսակների հետ: Մարդու տեսակը և արտաքինը կապ ունի՞ իր ստեղծածի հետ:
– Կարծում եմ, որ բնությունից տրված մարդու արտաքինը մեծ ազդեցություն է թողնում մարդու հոգեկերտվածքի վրա, և այն պետք է ներդաշնակ լինի մարդու ներաշխարհի հետ: Իսկ այն, ինչ ստեղծում է մարդը՝ լինի կտավ, գիրք, հագուստ կամ պարզապես սիրելի ուտեստ, արտացոլում է տվյալ մարդու ներաշխարհը:
– Հավաքածու ստեղծելիս ի՞նչն եք կարևորում՝ մտահղացո՞ւմը, թե՞ կոմերցիոն շահույթը:
– Ինձ համար առաջնահերթ է մտահղացումը: Շատ անգամ հագուստ մոդելավորելիս ենթադրում եմ, որ տվյալ մտահղացումը կարող է և չհասկացվել, և չընդունվել պատվիրատուի կողմից, սակայն դա ինձ չի ստիպում կանգ առնել և առաջնորդվել միայն վերջինիս նախասիրություններով: Իհարկե, պատվիրատուի որոշակի նախասիրություններ հաշվի եմ առնում, բայց այն չափով, որն ինձ թույլ կտա պահպանելու իմ ձեռագիրը` ոճը: Ինչ խոսք, հաճելի է, երբ մտահղացումը նաև շահույթ է բերում:
– Ընդամենը երկու տարի է, ինչ այս բիզնեսում եք, և կարճ ժամանակում կարողացաք անուն ձեռք բերել, ինչն առավել կարևոր է հաճախորդի համար: Ի՞նչը կամ ո՞վ Ձեզ օգնեց այդ հարցում:
– Ամեն հարցում ինձ աջակցողն ամուսինս է: Աջակցություն ասելով՝ նկատի չունեմ միայն ֆինանսական կողմը: Խոսքս առավելապես վերաբերում է մտահղացումներիս և ձգտումներիս իր խորհուրդներով թև ու թիկունք լինելուն: Նա աջակցել է ինձ և՛ ուսման ժամանակ, և՛ գործը սկսելու փուլում: Մարքետինգի և թեթև արդյունաբերության ոլորտի ուսումնասիրման հարցերում ճիշտ ուղղություններ է տվել, և այլն: Առհասարակ կարծում եմ, որ հագուստ մոդելավորողի համար շատ կարևոր է սովորել իր ստեղծածը գրագետ ներկայացնել, ուսումնասիրել շուկան, սովորել հոգեբանություն: Ի վերջո, հագուստը, որը ստեղծվում է, մարդու համար է: Այստեղ միայն նկարելը և կարելը չէ, որ կարևոր է:
– Ձեր նորաձևության տանն ականատես եղանք, թե ինչպես հաճախորդը հավանելով հագուստը՝ փորձեց և սկսեց այն փոփոխությունների ենթարկել՝ կարճացնել, նեղացնել, բացել կտրվածքը… Նա սահմանը չանցա՞վ: Չէ՞ որ նա փոխեց այն, ինչ Դուք մոդելավորել էիք: Դա Ձեզ երբեք չի՞ վիրավորել:
– Հագուստը ստեղծելիս հաշվի եմ առնում նաև սպառողի կարծիքը: Շատ հնարավոր է, որ տվյալ մոդելը ենթարկվի ինչ-ինչ փոփոխությունների: Օրինակ, հաճախորդը երկար կամ կարճ զգեստի սիրահար չէ: Ես չեմ կարող ստիպել նրան, որ եթե հավանել է իմ զգեստը, ապա պետք է կրի այն իմ պատկերացրած երկարությամբ, լայնությամբ, կարճ ասած՝ առանց փոփոխությունների, և վերջ:
– Փոքր-ինչ պատմեք Ձեր ընտանիքի մասին:
– Ամուսինս տնտեսագետ-իրավաբան է, մենք դեռ «սկսնակ» փոքրիկ ընտանիք ենք, ունենք 2.5 տարեկան դստրիկ, սակայն մտադիր ենք մեծացնել մեր ընտանիքը: Ես անձամբ մեկ երեխա եմ եղել ընտանիքում և միշտ երազել եմ, որ իմ աղջիկը և քույր, և եղբայր պետք է ունենա: Սիրում եմ մեծ ընտանիքներ:
– Հետաքրքիր է՝ շիկահեր լինելն օգնո՞ւմ է Ձեզ բիզնեսում: Եվ որքա՞ն ժամանակ է, ինչ շիկահեր եք:
– Շիկահեր լինելը երբեք չէր մտնում իմ պլանների մեջ: Շատ դանդաղ եմ «հասել» շիկահերության: Այնպես չէ, որ մեկ օրում որոշեցի և փոխեցի մազերիս գույնը: Դա մեկ թե երկու տարվա մազերի գունաբացման արդյունք է: Որքան բաց էի ներկում մազերս, այնքան ավելի բաց էի ուզում, որ այն լիներ, մինչև որ հասա այսօրվա արդյունքին: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է իմ այսօրվա կերպարն աշխատանքիս մեջ օգնում ինձ, նշեմ, որ իմ պարագայում մազի գույնը չէ, որ կարող է լուծել առաջացած աշխատանքային խնդիրները:
– Իսկ կարծրատիպը, որ շիկահերներին ամեն ինչ չէ, որ միանգամից է պարզ լինում, համապատասխանո՞ւմ է իրականությանը:
– Ես շիկահեր եմ և հասկանալու հետ խնդիրներ չունեմ: Հավատացեք, որ դա մազի գույնի հետ կապ չունի:
– Որքանո՞վ են մատչելի Ձեր ստեղծած հագուստները:
– Մատչելի չեն, եթե անկեղծ ասեմ: Քանի որ ես աշխատում եմ միայն որակյալ գործվածքներով և նյութերով, մեր նորաձևության տան աշխատակիցներն արտերկրում վերապատրաստումներ անցած և աշխատանքային մեծ փորձ ունեցող՝ իրենց գործի հմուտ վարպետներ են, և, ի վերջո, ես ներկայացնում եմ իմ միտքը, այլ ոչ թե պարզապես դերձակություն եմ անում՝ հայտնի մոդելները կրկնօրինակելով: Եվ, բնականաբար, այդ ամենը չի կարող լինել մատչելի:
– Հայաստանում ֆինանսապես հարուստ կանայք, ովքեր կարող են իրենց թույլ տալ հագնվել ճանաչված դիզայների մոտ, մեծամասամբ հովանավորվում են ամուսինների, հայրիկների, սիրեկանների կողմից: Կարո՞ղ եք ասել, ինչպիսի՞ն է նրանց ինքնագնահատականը:
– Քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, և դա մեր ազգային մտածելակերպի մասն է կազմում, ոչ մի տարօրինակ և քննադատման արժանի բան չկա, որ կանայք հովանավորվում են տղամարդկանց կողմից: Աշխատանքիս բերումով ականատես եմ լինում շատ գեղեցիկ «արարողության», երբ ամուսինը մեծ սիրով և անկեղծորեն ուզում է իր կնոջը նվեր մատուցել և վերջինիս բերում է դիզայների մոտ, որպեսզի կինն ընտրի հագուստի և՛ գործվածքը, և՛ ձևը, և ստանա իր ցանկացած հագուստը: Թողնում եմ ձեր դատին, թե ինչպիսի՞ն է այդ կնոջ ինքնագնահատականը: Մենք գիտենք, որ տղամարդիկ առհասարակ չեն սիրում կանանց հետ գնումների գնալ, բայց ինքնակամ բերում են իրենց կանանց ու համբերատար սպասում, որ վերջիններս կատարեն իրենց ընտրությունը: Հաճելիորեն զարմանում եմ նման երևույթների հանդիպելիս:
– Հաջորդ անգամ կանչեք, միասին հաճելիորեն զարմանանք, քանի որ այն, ինչ Դուք նշեցիք՝ հազվադեպ երևույթներ են:
– Միգուցե իմ բախտն է բերել, բայց իմ հաճախորդները կայացած կանայք են:
– Ի՞նչ ասել է՝ կայացած կին:
– Կայացած կինը առաջին հերթին՝ իր ամուսնու, ընտանիքի կողմից սիրված և երջանիկ կինն է, ով իր թիկունքում ունի ամուր սյուն, ընկեր, պաշտպան… Սեր: Չսիրված կինը, որքան էլ որ նա հաջողակ լինի իր աշխատանքի բնագավառում, ամուր, միևնույն է, տխուր հայացք ունի:
– Ձեր դստեր համար տանն ունեք փոքրիկ fashion-hօuse, որտեղ նա սիրում է ժամանակ անցկացնել: Նրա համար մանկուց նախապատրաստո՞ւմ եք նորաձևության ոլորտ տանող ճանապարհը:
– Չկա այնպիսի փոքրիկ աղջիկ, որ չսիրի իր հագուստը, զարդերը… Թե ի՞նչ մասնագիտություն հետագայում կընտրի իմ աղջիկը՝ այլ հարց է, սակայն փոքրիկի մեջ կանացիություն պետք է սերմանել մանկուց:
– Ինչպե՞ս եք վերաբերվում մայրիկներին, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենց փոքրիկը մասնակցի մանկական գեղեցկության մրցույթներին: Հնարավո՞ր է՝ մի օր էլ Դուք որոշեք, որ Ձեր փոքրիկը պետք է մասնակցի նմանատիպ գեղեցկության մրցույթներին: Այնտեղ բոլորն աննորմալության հասնող «կանացի» են:
– Կանացիություն ասելով՝ նկատի չունեմ այն տանջանքները, որոնց ենթարկում են այդ երեխաներին՝ գռեհիկ շպարելով, սանրվածքներ փորձարկելով, մոդելային քայլվածք սովորեցնելով… Ես՝ որպես աղջկա մայր, կտրականապես դեմ եմ այն մրցույթներին, որտեղ երեխաներին, բացի ֆիզիկական հոգնածությունից, նաև հոգեբանական սթրեսների են ենթարկում: Իհարկե, իմ աղջիկն այս տարիքում և ապագայում նմանատիպ մրցույթների չի մասնակցի: Երբ մայրը որոշում է այդպիսի վաղ տարիքում իր փոքրիկ աղջկան նման մրցույթների տանել, նա առաջին հերթին՝ կասկածի տակ է դնում իր երեխայի մտավոր ապագան, քանի որ արտաքին գեղեցկության վրա կենտրոնանալով՝ փոքրիկն իրապես կարող է հավատալ, որ այս կյանքում միմիայն արտաքին գեղեցկությունն է հարցեր լուծում: Նրա համար անկարևոր են դառնում ուսումը և գիտելիքներ ստանալը: Իսկ մենք գիտենք, որ 21-րդ դարում մարդը, ով չունի գիտելիքներ, կրթված չէ, չունի ապագա…
– Մաքսիմում հաջողակ ամուսնություն: Կարծում եմ՝ Ձեր հաճախորդների մեջ պարբերաբար հանդիպում եք այդպիսի «բախտավորների»: Որքանո՞վ եք Դուք նման Ձեր հաճախորդներին:
– Իմ հաճախորդների մեջ մեծամասամբ խելացի և կիրթ կանայք և աղջիկներ են, որոնք ապրում են ճիշտ արժեհամակարգով: Սովորաբար ասում են՝ նմանը նմանին է ձգտում և գտնում: Չեմ ասի, թե բոլորը, սակայն իմ մշտական հաճախորդները նման են ինձ, այն իմաստով, որ մենք նույն ուղղությամբ ենք նայում կյանքի կարևոր հարցերին:
– Երբեմն թվում է, թե նա, ով կարողանում է ոչ թանկարժեք, կիսաթանկարժեք երկու քար, այսպես ասած՝ «ուլունք» միմյանց միացնելով՝ թևնոց ստանալ, իրեն արդեն կայացած դիզայներ է համարում: «Դիզայներները» սնկի պես սկսել են աճել:
– Վատ չէ, որ մարդիկ ունեն վառ երևակայություն և փորձում են հետաքրքիր աքսեսուարներ, հագուստներ ստեղծել: Պարզապես մեր ազգային մտածելակերպին հատուկ երևույթ է` երբ տեսնում են, որ ինչ-որ մեկի մոտ մի գործը լավ է ստացվում, կտրուկ որոշում են փոխել մասնագիտությունը, հաճախ՝ առանց համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու, և սկսում են ձեռնարկել մի գործ, որի մասին ունեն ոչ լիարժեք տեղեկություններ: Նման մտահղացումները երկար կյանք չեն ունենում՝ որպես կանոն:
– Մեր երկրում, ինչպես, օրինակ՝ հարևան Վրաստանում, կազմակերպվում են fashion week-եր: Կա՞ մի հարթակ, որտեղ պարբերաբար հայ մոդելավորողները կարող են ցուցադրել իրենց հավաքածուները:
– Ցավոք, մեր երկրում նմանատիպ միջոցառումներ չեն կազմակերպվում, և յուրաքանչյուր նկարիչ-մոդելավորող ինքնուրույն է ստիպված կազմակերպում իր հավաքածուների ցուցադրությունները… Այսինքն՝ չկա մի հարթակ, որտեղ կհավաքվեն բոլոր դիզայներները՝ ներկայացնելու իրենց ստեղծածը:
– Ձեր հավաքածուները ֆոտոսեսիաներում ներկայացնում եք անձամբ Դուք: Ինչո՞ւ չեք դիմում պրոֆեսիոնալ մոդելների:
– Ինչո՞ւ ոչ: Նորաձևության աշխարհում դա նորություն չէ:
– Եվ վերջում, իհարկե, չեմ կարող չհարցնել, թե ի՞նչ գույներ և ո՞ր թվականների ոճն է այս տարի համարվելու առավել նորաձև:
– Այս տարվա գույնն է համարվում կապույտը և 70-ական թվականների ոճը: Իրենց հավաքածուները ստեղծելիս՝ դիզայներներն առաջնորդվելու են հենց այդ ինֆորմացիայով: