Բաժիններ՝

2015 թվականի տնտեսական 15 մարտահրավերները

Ընդամենը մեկ տարի առաջ դժվար էր կանխատեսել, որ 2014թ. հագեցած կլինի տնտեսական իրադարձություններով, որոնք աստիճանաբար կառաջացնեն լուրջ խնդիրներ մեր տնտեսության համար` ստեղծելով նոր ֆինանսատնտեսական ճգնաժամ: Ամիսներ առաջ իրավիճակը նման էր 2008թ. ճգնաժամին նախորդող ժամանակահատվածին, երբ նշվում էր, որ ամեն ինչ վերահսկվում է, և մեր տնտեսությանը ոչինչ չի սպառնում, սակայն ակնհայտ է, որ 2015թ. մեր տնտեսության վատագույն տարիներից է լինելու:

2015թ. մեզ սպասվում են բավական բարդ տնտեսական մարտահրավերներ, որոնք ունենալու են լուրջ բացասական հետևանքներ:

1. Ձմռան ամիսներին կոմունալ վճարների թանկացումը խորացնելու է բնակչության աղքատության մակարդակը:

2. Անդամակցությունը ԵՏՄ-ին բերելու է առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների թանկացում` կապված մաքսատուրքերի բարձրացման հետ:

3. Դրամի արժեզրկումը շարունակելու է առաջացնել ներմուծվող ապրանքների թանկացում:

4. Արտերկրից ստացվող տրանսֆերտների նվազումը, կապված Ռուսաստանի տնտեսության օր օրի վատթարացման հետ, զգալի ազդեցություն է ունենալու բնակչության եկամուտների և դրամի փոխարժեքի վրա:

5. Մետաղների, մասնավորապես` պղնձի և մոլիբդենի միջազգային գների լուրջ անկումը լուրջ ազդեցություն է ունենալու ինչպես` արտահանման, այնպես էլ` խոշոր հարկատուների հարկային վճարների վրա:

6. Աստիճանաբար տեղի են ունենալու բյուջեի եկամուտների հավաքագրման խնդիրներ` կապված սպառման, հետևաբար` տնտեսվարողների հասույթի և շահույթի նվազման հետ:

7. Արտաքին պարտքի սպասարկումը հանդիսանալու է բյուջեի ծախսերի հիմնական խնդիրներից մեկը, ի դեպ, դրամի արժեզրկումը մեծացնելու է արտաքին պարտքի սպասարկման բեռը:

8. Գյուղական համայնքներում աղքատության խորացման արդյունքում` առաջանալու են համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման դժվարություններ:

9. Ռուսական շուկայում առկա լուրջ խնդիրների, մասնավորապես` ռուբլու արժեզրկման պատճառով նվազելու են արտահանման ծավալները:

10. Շարունակվելու է օտարերկրյա ներդրումների նվազման տեմպերի պահպանումը:

11. Գնաճի զսպման նպատակող ԿԲ-ի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև արտարժույթի հոսքերի նվազման արդյունքում տեղի է ունենալու վարկային տոկոսադրույքների որոշակի բարձրացում:

12. Բանկային համակարգում կարձանագրվի խնդրահարույց վարկերի աճ:

13. Փոքր բիզնեսի հարկային անարդյունավետ քաղաքականության արդյունքում ոլորտում կգրանցվի գործող տնտեսվարողների նվազում, բիզնեսների փակում:

14. Արդյունաբերության, շինարարության ոլորտներում տեղի կունենա զգալի անկում, որն իր լուրջ ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի ցուցանիշների վրա:

15. Կարձանագրվի անշարժ գույքի գների նվազում, անշարժ գույքի շուկայի կատարյալ պասիվացում:

Նշված խնդիրներն էական հետևանքներ են ունենալու ողջ տնտեսության, բնակչության գրեթե բոլոր խավերի վրա, որի ազդեցությունը մնալու է մի քանի տարի: Իսկ գլխավոր խնդիրը, արդեն ավելի ահագնացող տեմպերով, շարունակելու է մնալ արտագաղթը:
Առաջիկայում կներկայացնեմ 15 մարտահրավերներին դիմակայելու 15 քայլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս