«Ադրբեջանական քարոզչությունը հիմա սևեռվել է դիվերսանտների գործի վրա». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց հայ-ադրբեջանական տեղեկատվական հակամարտության վերջին ամիսներին տեղի ունեցած փոփոխությունները:

«Կա մի գլոբալ նորություն՝ ադրբեջանական քարոզչական դաշտում փոխվեց ղեկավարությունը: Այսինքն՝ մինչև վերջերս այնտեղ հակահայկական քարոզչությունը ղեկավարվում էր Էլնուր Ասլանովի կողմից, որը յուրահատուկ գիծ էր ձևավորել և այն տանում էր առաջ: Սակայն ադրբեջանական վերնախավի ներքին քաղաքական պայքարը բերեց նրան, որ Ասլանովը մեղադրվեց որպես գյուլենիստ: Ինչպես գիտեք՝ Թուրքիայում այդպիսի մի յուրահատուկ շարժում կա՝ Ֆեուլլահ Գյուլենին դուրս եկեվ Էրդողանի դեմ և թուրքական ներքին քաղաքական պատերազմը անցավ նաև Ադրբեջանին:

Ալիևը ամենայն հավանականությամբ վախեցավ, որ այնտեղ էլ կարող են գյուլենիստները լուրջ դիրքեր զբաղեցնել և սկսեց «կոտրել» վերնախավի այն մասին, որոնք կապեր ունեին Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Դրան զոհ գնացին այն մարդիկ, որոնք զբաղվում էին քարոզչությամբ: Էլնուր Ասլանովը հեռացվեց, վրան քրեական գործ բացեցին: Իր հետ ասպարեզից դուրս եկան նաև այն կադրերը, որոնց նա «աճեցրել» էր:

Օրինակ, ստեղծվել էր երիտասարդական «Իրելի» կազմակերպությունը, որը ցանցում վարում էր պրոադրբեջանական և հակահայկական քարոզչություն: Փաստացի, մի քանի օրվա ընթացքում այդ ամբողջ կառույցը ապամոնտաժվեց: Սկսվեց տրանսֆորմացիա և այս գործառույթներն սկսեցին տեղափոխվել ավելի կուսակցական ոլորտ, այսինքն՝ այդ ամենով զբաղվում են իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության մի թևը և նախագահի ադմինսիտրացիայի հիմնական ֆունկցիոներները»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Փորձագետը նկատեց, որ դա ունեցավ իր հետևանքները. «Վերջին ամիսներին ադրբեջանական քարոզչական ոլորտը բավականին թուլացել է: Ավելի շատ վերադարձել են այն հին, ֆորմալ, ստանդարտ ձևերին, որոնք մինչ այդ գոյություն ունեին: Թե ո՞ւր կգնա, իհարկե, մեծ հարց է: Ադրբեջանում հրապարակվող հոդվածների որակը կտրուկ ընկել է: Չնայած հակառակորդի մասին ենք խոսում, բայց մարդ ուզում է, որ հակառակորդն էլ որակով հոդված գրի իր դեմ: Զգացվում է, որ վերևից պատվերը շատ յուրահատուկ է իջեցվում, և շեշտը դրվում է պարանոիդալ բաների վրա»,- նշեց նա:
Խոսելով վերջին զարգացումներից, փորձագետն ասաց, որ ադրբեջանական քարոզչությունը հիմա սևեռվել է Քարվաճառի դիվերսանտների գործի վրա:

«Հայ պատանդի սպանությունը փորձում են շրջել մեզ վրա, այսինքն՝ ներկայացնում են, որ այստեղ սպանված ադրբեջանցու դիակը իբր թե կտտանքների հետքեր է ունեցել:

Նաև փորձում են դատավարությունն այնպես ներկայացնել, իբր թե այդ մարդկանց վրա գործ ենք սարքում, և որ նրանք ընդամենը պատանդներ են: Փորձում են այլ երկրների ուշադրությունը գրավել սոց ցանցերի միջոցով: Թվիթերում տարբեր լեզուներով, նաև հայերենով, տարածում են՝ «Փրկենք ադրբեջանցի պատանդներին» ինչ-որ գրառումներ և փորձեցին այդպես գրոհել: Բավականին մեծ քանակի գրառումներ գեներացրին, բայց երբ այդ ամենը ուսումնասիրվում է ոչ թե քաղաքական, այլ՝ որակական տեսանկյունից, ապա կարելի է տեսնել, որ իրենց ուզած արդյունքին չհասան: Հայաստանից էլ ինչ-որ փորձ արվեց դրա դեմն առնելու, այսինքն՝ հայկական ֆլեշ մոբ արվեց՝ «Ադրբեջանցի դիվերսանտներ» պիտակով գրառումներ տարածեցին: Աղմուկը հավասարազոր էր, բայց հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները փաստացի չկարողացան պահել ռիթմը»,-նկատեց փորձագետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս