Ինչպե՞ս են վերականգնելու Աֆրիկյանների ակումբի շենքի շուշաթղթով ջնջված քարերը
«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ, Աֆրիկյանների ակումբի մշակութային շենքն ապամոնտաժող ճարտարապետ Լևոն Վարդանյանը լրատվամիջոցներին հավաստիացրել էր, որ առաջին անգամ պրոֆեսիոնալ նախագծով են փորձում դա անել՝ պրոֆեսիոնալ բրիգադի կողմից: 168.am-ը զրուցեց Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարող խմբի ակտիվիստ Արման Անդրեասյանի հետ, ով առաջին իսկ օրերից ներկա է եղել շենքի համար պայքարին: Արման Անդրեասյանը խոստովանեց, որ նկատել է՝ բանվորներն իսկապես զգուշորեն են փորձում իրականացնել ապամոնտաժումը.
«Հա, պրոֆեսիոնալ են աշխատում, որովհետև երբ Բուզանդի փողոցի շենքն էլի համարակալված էր, բայց իրենք կոշով քանդում էին՝ ջարդում, քարերը թափում էին: Իսկ այստեղ հատուկ սարքավորում են բերել, խնամքով իջեցնում են քարերը: Իրենք ասում են, որ քարերն ինչ-որ տեղ հավաքվելու են, բայց քարերը բաց երկնքի տակ են»:
Արմանը պատմում է, որ իրենք՝ ակտիվիստները, պայքարի առաջին օրերին շենքի ապամոնտաժումը կանխելու և աշխատանքներին խոչընդոտելու նպատակով ջնջել էին համարակալած քարերի նիշերը.
«Մենք ջնջել էինք շուշաթղթով իրենց համարակալածը՝ համարյա մինչև 10-րդ հարկ՝ ապամոնտաժումը կանխելու համար, սակայն դա ոչինչ չփոխեց. իրենք այդ վիճակում քանդում էին, հիմա վերականգնված չեն: Այն ժամանակ, երբ ոստիկանների հսկողությունը խիստ չէր, անձամբ ես մտել նկարել եմ՝ մեր ջնջելուց հետո 10 շարք համարակալված չէ: Հիմա իրենք այդպես էլ քանդում են: Այսինքն՝ մենք ինչպե՞ս հավատանք, որ դա ինչ-որ մի տեղ վերականգնվելու է: Բանվորները ժամը 6-ից հետո գալիս են, աշխատանքներ են տանում. ոչ ոք չի կարող առավոտ շուտ գալ իրենց հսկել, որ այդ ջնջածները չքանդեն»:
Ա. Անդրեասյանը համամիտ չէ ճարտարապետ Լևոն Վարդանյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարության հետ, որ «երիտասարդության 99 տոկոսը Երևանի պատմությանը տեղյակ չէ, և լավ չեն հասկանում՝ ինչի մասին են խոսում»:
«Կոնկրետ այս պատմության մասին բոլորս էլ տեղյակ ենք՝ Աֆրիկյաններն ովքեր են եղել: Նրանք եղել են հարուստ գործարարներ: 130 տարվա պատմություն ունեցող հուշարձան է այս շինությունը, և հիմա այն քանդում են՝ օրենքն էլ խախտելով: Մենք անօրինականության դեմ ենք պայքարում»: Ըստ Արմանի՝ ճիշտ չեն ասում, թե Լևոն Վարդանյանն առաջարկել է հանդիպել ակտիվիստների հետ տետ-ա-տետ ձևաչափով և զրուցել. «Հանդիպելը ո՞րն է. ինքը եկավ, մեքենան կանգնեցրեց, ես սպասում էի իրեն, որ հարցս տամ՝ այդ քարերը, որ մենք համարակալվածները ջնջել էինք, ինչպե՞ս եք վերականգնելու: Հիմա քանդում են այդպես: Ասում է՝ ես չեմ ուզում քեզ հետ խոսել: Ուզում էի ընդամենը հասկանայի՝ դրանք վերականգնվելո՞ւ են, թե՞ չէ: Չպատասխանեց»: